Այն, ինչ Ռուսաստանը չներեց Սաակաշվիլիին՝ թույլ է տալիս Թուրքիային ու Ադրբեջանին
Թեեւ հունվարի 11-ին կայացած եռակող հանդիպման որոշ հարցեր վերաբերում էին Թուրքիային՝ նկատվում է պաշտոնական Մոսկվայի կողմից Անկարային հրապարակային գործընթացներից հեռու պահելու քաղաքականությունը:
Ռուսաստանը վարում է Թուրքիային չբորբոքելու քաղաքականություն, միեւնույն ժամանակ տարբեր ոլորտներում առկա է փոխշահավետ առեւտրատնտեսական հարաբերություններ այդ երկրի հետ: Մոսկվայի համար ակնհայտ են Թուրքիայի հավակնությունները ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ նախկին խորհրդային միության այլ հանրապետություններում:
Այսօր արդեն թուրքական ներկայությունը Ադրբեջանում առավել քան ցցուն է ռազմաքաղաքական առումով: Ի վերջո` ՆԱՏՕ-ի անդամ պետության զորքը Ադրբեջանում է արդեն ամիսներ շարունակ՝ դեռ սեպտեմբերի 27-ի պատերազմից առաջ, ու հիմա էլ Թուրքիայից դեպի Ադրբեջան ռազմական ինքնաթիռների թռիչքների պակաս չկա: Ռուս ռազմական լրագրող՝ Յուրի Կոտենյոկը, որը պատերազմի օրերին Շուշիում վիրավորվեց, պարբերաբար ներկայացնում է Թուրքիայից Ադրբեջան թռիչքների մասին տեղեկություններ իր տելեգրամի ալիքում: Ահա, նա հունվարի 10-ին նա հայտնեց, որ Ադրբեջանում անցյալ չորեքշաբթի օրվանից սկսած արդեն վայրէջք է կատարել 45-երորդ ռազմական փոխադրամիջոցը, եւ սա, ըստ նրա՝ դեռ վերջինը չէ: Նրա փոխանցմամբ՝ յուրաքանչյուր А400М ինքնաթիռ կարող է 120 զինծառայող փոխադրել, կամ՝ 37 տոննա բեռ:
Կարդացեք նաև
Տարիներ առաջ նույն Ռուսաստանն ինչպե՞ս էր արձագանքում Սաակաշվիլիի ՆԱՏՕ-ական, արեւմտյան ձգտումներին… Մինչեւ այսօր ռուս քաղաքական գործիչների, փորձագետների մոտ ջղաձիգ ցնցումներ են սկսվում, երբ նրանք լսում են Սաակաշվիլիի անունը: Անգամ Սաակաշվիլիի իշխանության հեռացումից հետո պաշտոնական Մոսկվան բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով հուժկու արձագանքել է վրաց իշխանությունների հայտարարություններին, թե Վրաստանը ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին, թեեւ ՆԱՏՕ-ից պարբերաբար ակնարկում են, որ Վրաստանի հնարավոր մուտքին դաշինք առանձնապես չեն էլ սպասում: Պաշտոնական Մոսկվան բավական կոշտ ու կոնկրետ մի քանի անգամ հայտարարել է, որ չի հանդուրժի իր սահմաններին մոտ ՆԱՏՕ-ական զորքի առկայությունը եւ դա հստակ կդիտարկի որպես սպառնալիք՝ ընդդեմ Ռուսաստանի:
Սակայն այլ է պատկերը Ադրբեջանի դեպքում. Պուտինը ցուցաբերում է առանձնակի հանգստություն ու հանդարտություն Ադրբեջանում ՆԱՏՕ-ի անդամ պետության ներկայության փաստով: Ավելին՝ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը վերահսկելու է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
Իհարկե, ռուսական կողմը որոշ ուղերձներով հասկացնել է տվել Անկարային ու Բաքվին, որ իրավիճակն ամբողջությամբ չի թողնելու թուրքական ձգտումներին համահունչ: Ռուսաստանն ու Թուրքիան համաձայն են այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի տարածաշրջան օտարերկրացի վարձկանների ներթափանցման համար, դեկտեմբերի վերջին ընդգծեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Թուրքիայի գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը: «Այս հարցում մենք մեր թուրք գործընկերոջ հետ միանգամայն միասնական դիրքորոշում ունենք», նշել էր Լավրովը, հավելելով, որ ողջունում են Անկարայի ջանքերը՝ նպաստել կողմերի՝ եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը, այդ թվում կրակի դադարեցման ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի ստեղծմանը:
Ուշագրավ էր նաեւ Ռուսաստանի կողմից հետեւյալ քայլը, որով խստացվեց մեղադրանքը՝ Մի -24 ռազմական ուղղաթիռի խոցման առիթով հարուցված քրեական գործով: Հունվարի սկզբին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ռազմական քննիչները Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին Մի -24 ռազմական ուղղաթիռի խոցման առիթով հարուցված քրեական գործը վերաորակել են, ներառելով նրանում ավելի լուրջ մեղադրանք՝ «դիտավորյալ ոչնչացում»։ Քրեական գործը, որն ավելի վաղ հարուցվել էր ՌԴ Քրեական օրենսգրքի 351 հոդվածով (թռիչքների կանոնների խախտում կամ դրանց նախապատրաստում, որոնք անզգուշությամբ հանգեցրել են մարդկանց մահվան) վերափոխվել է ավելի լուրջ հոդվածի՝ 105 հոդվածի 2-րդ մասի (երկու կամ ավելի անձանց դիտավորյալ սպանություն)»: Եթե առաջինի դեպքում մինչեւ 7 տարվա ազատազրկում էր նախատեսվում, երկրորդի դեպքում՝ մինչեւ ցմահ ազատազրկում: «Ինտերֆաքսի» աղբյուրը հավելել էր, որ վերոնշյալ որոշումը կայացվել է գործի շրջանակում իրականացված օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարության ընդունումից մի քանի ժամ առաջ, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ռուսական Մի-24 ուղղաթիռ խոցվեց, այն ուղեկցում էր 102-րդ ռուսական ռազմաբազայի ավտոշարասյանը: Ռուս երկու օդաչուները զոհվեցին, իսկ մեկը՝ վիրավորվեց: Միջադեպի պատասխանատվությունն անմիջապես ստանձնեց պաշտոնական Բաքուն, նշելով, թե «սխալմամբ են խոցել ուղղաթիռը», ներողություն խնդրեց, խոստանալով՝ փոխհատուցել հասցված վնասը եւ արդար քննություն իրականացնել: Սակայն համացանցում տարածվեցին ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման պահից վայրկյաններ առաջ արված նկարահանումները, որոնցում ակնհայտ երեւում էր, որ նկարահանողները սպասում են ծրագրված խոցմանը, իսկ արդեն ուղղաթիռի խոցումից հետո հնչում էին նրանց սուլոցներն ու ուրախ բացականչություններ:
Ունի՞ ռուսական ռազմաքաղաքական էլիտան երաշխիքներ, որ Էրդողանն Ադրբեջանում չի վարելու արեւմուտքի ու ՆԱՏՕ-ի խաղն՝ ընդդեմ Ռուսաստանի: Հետեւաբար, ինչպե՞ս բացատրել Պուտինի առանձնակի հանդուրժողականությունը մեր տարածաշրջանում թուրքական ծրագրերի ընդլայնման նկատմամբ:
Անկարան ակնարկում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն հայտարարել է, թե 2020 թվականը շատ ծանր տարի էր Թուրքիայի, ինչպես եւ ամբողջ աշխարհի համար, բայց Թուրքիան կարողացել է մեծ հաջողությունների հասնել Ադրբեջանում եւ Լիբիայում։
Իսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Լիսաբոնում պորտուգալացի պաշտոնակցի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում խոսել էր հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Բաքվին ցուցաբերած աջակցության, եռակողմ հայտարարության ու հետպատերազմյան զարգացումների մասին:
Նա նշել է, որ Անկարան Բաքվին օգնել է՝ ելնելով «մեկ ազգ, երկու պետություն» իրողությունից` հավելելով, որ Թուրքիան աջակցում է Ռուսաստանի միջամտությամբ ստորագրված հայտարարությանը։ «Այս պայմանագրից հետո Ադրբեջանի որոշած տեղերում համատեղ մշտադիտարկման կենտրոն ենք կառուցում: Դիտարկման կենտրոնների նպատակը հրադադարը վերահսկելը եւ խախտում լինելու դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկելն է: Մենք հույս ունենք, որ Հայաստանը չի խախտի հրադադարը»,- ասել է Չավուշօղլուն՝ նկատելով. «Վերջապես մենք էլ Հայաստանի հետ մեր հարաբերությունները կկարգավորենք: Ե՛վ Թուրքիա-Հայաստան, եւ՛ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները կկարգավորվեն: Հայաստանն ու Հայաստանի ժողովուրդը տարածաշրջանում գտնվողներից ամենաշատը կօգտվեն այդ կարգավորումից: Այդպիսով կարող ենք Հարավային Կովկասում մնայուն խաղաղություն եւ կայունություն ստեղծել»:
Տարածաշրջանային «խաղաղասիրական» հայտարարություններին համահունչ հետեւողականորեն շրջանառվում են նաեւ Թուրքիայի կողմից Ադրբեջանում ռազմաբազաներ հիմնելու մասին տեղեկությունները: Թուրքիան հնարավոր է ռազմաբազաներ հիմնի Ադրբեջանի Գանջա (Գանձակ), Լենքորան եւ Գաբալա քաղաքներում, այս մասին, ըստ Ermenihaber.am-ի, հայտնեց Անկարայում Ռուսաստանի հետազոտությունների ինստիտուտի (RUSEN) թվիթերյան միկրոբլոգի էջը։ Թուրք օգտատերերը այդ գրառման տակ մեծ ոգեւորություն էին ցուցաբերել, որոշներն էլ մտահոգություն են հայտնել, թե ինչու այդ ռազմաբազաներից որեւէ մեկը չի տեղակայվելու Ղարաբաղում։
Սակայն, օրեր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքեց թուրքական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, որ Թուրքիան ադրբեջանական երեք քաղաքներում ավիաբազաներ է հիմնում: «Տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,-ասել էր գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլըն: Վերջինիս խոսքով՝ «բացառությամբ համաձայնագրերով նախատեսված դեպքերի, որոնք պաշտպանում ենք, Ադրբեջանի Հանրապետությունը չի հարում իր տարածքում օտարերկրյա ռազմաբազաների տեղակայման քաղաքականությանը»: «Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Ադրբեջանը Չմիացածների շարժման անդամ է եւ այդ շարժման մեջ նախագահում է 2019-2022թթ.»,- ասել էր պաշտոնյան:
Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա փոխհարաբերությունները չի կարելի բնորոշել որպես ընդամենը թվացյալ փոխշահավետ համագործակցություն. իսկապես առկա են կոնկրետ շահեր ու բավական խորը փոխհարաբերություններ: Ավելին, ռուսական իշխանական-քաղաքական վերնախավի որոշ ճյուղեր, փորձագիտական, լրագրողական որոշ շրջանակներ գտնվում են թուրք-ադրբեջանական ազդեցության ներքո, նույնիսկ ռուսական աղբյուրներում երբեմն նշում են թուրք-ադրբեջանական շրջանակների կողմից ֆինանսավորման հանգամանքի մասին:
Այնպես որ, Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականությունը Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ, խոշոր հաշվով, տեղավորվում է ռուսական օրվա նախընտրությունների ու շահերի հետ: Ամեն ինչ, իհարկե, կարող է կայծակնային արագությամբ փոխվել Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ինչ-ինչ կարմիր գծեր հատելու պարագայում: Սակայն տպավորություն է ստեղծվում, որ այսօր Կրեմլը չի սահմանել այդ թույլատրելի կարմիր գծերն Անկարայի ու Բաքվի համար, հավանաբար, ունենալով դրա համար հիմնավոր այլ պատճառներ, օրինակ՝ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի հանդեպ վարվող քաղաքական-տնտեսական պատժամիջոցների շարունակական քաղաքականությունը:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ