«Ո՞ր հանցագործությունն է կոծկվել իմ՝ դատախազ եղած ժամանակ: Մատաղիսի գործով երկու տարի քննչական դեպարտամենտում այդ գործը քննվում է: Բա ինչո՞ւ չեն բացահայտում իրական հանցագործներին, եթե դրանք կան եւ ինչո՞ւ ինձ մեղադրանք չեն առաջադրում, եւ չեն առաջադրել նաեւ նախորդ իշխանությունները: 2008թ.-ին էլ ինձ մեղադրում էին ոստիկանին հրելու համար: Բա թող գտնեին մի լուրջ մեղադրանք, չարաշահում, սպանությունների կոծկում եւ ինձ դատապարտեին»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով այն նկատառմանը, որը իրավապաշտպանները չեն ողջունում իր առաջադրումը՝ վկայակոչելով զինդատախազ եղած ժամանակ կոծկված հանցագործությունները, Մատաղիսի գործով մանրամասները:
Հիշեցնենք, որ խորհրդարանում այսօր «Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպում էին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածու՝ ՀՀ նախկին զինվորական դատախազ, ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հետ:
Դառնալով Մատաղիսի գործին՝ Ջհանգիրյանը նշեց. «Երբ դատապարտյալներն ազատվեցին կալանքից, ես արդեն պաշտոնավարում էի գլխավոր դատախազությունում եւ զինվորական դատախազը եղել է Արմեն Խաչատուրյանը: Լրացուցիչ նախաքննության արդյունքներով նոր զինդատախազը նույն մեղադրյալներին նույն մեղադրանքներով հաստատել է մեղադրական եզրակացություն եւ ուղարկել դատարան: Դատարանում գործը քննելիս զինդատախազը եղել է Կոստանյան Գեւորգը, ով ինքն իր մեղադրողներով գործը տարել է մինչեւ վերջ: Ինչո՞ւ չեք շոշափում Խաչատուրյան, Կոստանյան եւ այլ անուններ, չէ՞ որ երկու դատախազներ արել են նույնը, ինչ Ջհանգիրյանը»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Մատաղիսի դեպքը տեղի էր ունեցել 2003թ․ին։ Զինծառայողներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը մեղադրվում էին Ռոման Եղիազարյանին և Հովսեփ Մկրտումյանին սպանելու համար: 2005 թվականին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանն Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 15 տարվա ազատազրկման: 2006 թվականի դեկտեմբերի 22-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ գործն ուղարկել է նոր նախաքննության` բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը (ցմահ ազատազրկում Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին): 2007 թվականի վերջին սկսվել էր նոր դատաքննություն: 2012-ի դեկտեմբերի 18-ին նրանք արդարացվել են:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հ. Գ. Ավելի ուշ 168.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին զինդատախազ, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասել է, որ Գագիկ Ջհանգիրյանն ինչ-որ բան խառնում է:
«Ես նույն կարծիքին չեմ եղել, նույն տեսքով գործը չեմ տարել մինչև վերջ, ինչպես պնդում է Գագիկ Ջհանգիրյանը: Ես վերաորակել եմ արարքը: Զինվորական դատախազ նշանակվել եմ 2013թ.: Մատաղիսի գործի քննությունը սկսվել է 2007 թվականից, և այն պահին, երբ ես դարձել եմ զինվորական դատախազ, այդ գործն արդեն մեկ անգամ դատական ամբողջ համակարգով անցել էր, Վճռաբեկ դատարանի կողմից բեկանվել, և արդեն երկար ժամանակ քննվում էր առաջին ատյանի դատարանում»,- ասել է Գևորգ Կոստանյանը՝ շեշտելով, որ ինքը զինդատախազ է դարձել այն ժամանակ, երբ Մատաղիսի գործը վաղուց արդեն դատարանում էր:
Նախկին զինվորական դատախազը նշել է, որ արդեն դատարանում քննվող գործի մեղադրանքը պաշտպանել են գործում առկա ապացույցների շրջանակներում:
«Ավելին, գործում առկա ապացույցների շրջանակում ես մեղադրանքը մեղմացրել և վերաորակել եմ՝ սպանությունից՝ ծանր մարմնական վնասվածք հասցնելու: Մինչ իմ պաշտոնավարելը զինդատախազ 8 տարի եղել է Արմեն Խաչատուրյանը, ով Ջհանգիրյանի պաշտպանած մեղադրանքը նույնությամբ տարել է դատարան: Վճռաբեկ դատարանը գործը բեկանել, ուղարկել է առաջին ատյանի դատարան, այնտեղ շուրջ 2 տարի գործը քննվելուց հետո նոր ես դարձել եմ զինվորական դատախազ և մեղադրանքը վերաորակել եմ»,- ասել է Գևորգ Կոստանյանը: