Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Խարդավանքներին չեմ տրվում». Գագիկ Ջհանգիրյանին հիշեցրին, որ Փաշինյանի նախագիծն «անգրագետ» էր որակել

Հունվար 13,2021 13:19

Խորհրդարանում այսօր «Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպում էին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածու՝ ՀՀ նախկին զինվորական դատախազ, ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հետ:

Հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ «ժամանակին, երբ դուք պատգամավոր էիք, Նիկոլ Փաշինյանը ձեզ մեղադրում էր նախկին իշխանություններին ծառայելու մեջ: Հիմա նրա իշխանության օրոք ո՞ւմ եք ծառայելու», Գագիկ Ջհանգիրյանն ասաց. «Սահմանադրության եւ կանոնակարգ օրենքով՝ իրավաբան գիտնականն այլ ճանապարհ չունի ԲԴԽ կազմում հայտնվելու, բացի խմբակցությունների կողմից առաջադրվելուց: Քանի որ թվապես ավելի փոքր խմբակցությունների կողմից առաջադրումը երաշխիք չի, ձայները չեն բավարարելու, բնականաբար, համաձայնել եմ մեծամասնական խմբակցության կողմից առաջադրվելուն: Բայց ես գործադիր իշխանություն չեմ գնում, քաղաքական պաշտոն չեն ստանձնում, քաղաքական թիմի անդամ չեմ դառնում, այլ գնում եմ մասնագիտական աշխատանքի»:

Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ 65 տարեկանը լրացել է, համաձայնել է. «Ուրախ կլինեմ, որ մյուս երկու խմբակցությունները եւս ինձ առաջադրեն. սիրով կհամաձայնեմ»:

Լրագրողները հիշեցրին, որ ժամանակին պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախագծերից մեկը Ջհանգիրյանն անգրագետ էր որակել, նա էլ պատասխանել էր, թե ով իր նախագիծն անգրագիտություն որակի, անգրագետն ինքն է:

Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց. «Ես հիմա նման գայթակղություններին չեմ տրվի, նման անցած-գնացած…ես էլ հարյուրավոր լավ դրվագներ կարող եմ վկայակոչել իմ եւ Փաշինյանի համատեղ քաղաքական գործունեության, որպես կալանավոր գործունեության մասին, բայց դրա ժամանակը չէ: Խարդավանքներին հիմա չեմ տրվի»:

Անդրադառնալով տեղեկություններին, որ ինքը հավակնում է ՍԴ-ում պաշտոն ստանալ, Գագիկ Ջհանգիրյանը նշեց. «Ինձ ամեն ինչ էլ «նշանակել» էին՝ ՍԴ նախագահ, անգամ մարզպետ, էլ չգիտեմ ինչի պետ…իմ սրտով լրիվ ուրիշ բան էր»:

Նկատառմանն ի պատասխան, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ջհանգիրյանը նախկինում ցանկանում էր գլխավոր դատախազ դառնալ, վերջինս ասաց. «Ես գիտեմ, որ դեռեւս անազատության մեջ Նիկոլ Փաշինյանը մի հոդված է գրել, որում ասում էր, որ գտել է գլխավոր դատախազի թեկնածուին՝ հանձինս Գագիկ Ջհանգիրյանի»:

Իսկ այն անձանց, որոնք պնդում են, թե Գագիկ Ջհանգիրյանի տարիքը լրացել է՝ ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրվելու համար, վերջինս խորհուրդ տվեց լավ ուսումնասիրել դատական օրենսգիրքը, մասնավորապես՝ պաշտոնավարման դադարման եւ դադարեցման հիմքերին վերաբերող հոդվածը. «Դատավորների համար տարիքային սահմանափակում նախատեսվում է, իսկ իրավաբան-գիտնականների համար տարիքային առավելագույն սահմանափակում նախատեսված չէ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031