ԱՄՆ-ում բնակվող արվեստագետ Սասուն Քոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Մարդիկ կան դեռ չեն հասկանում երկաթուղային կապերի կարևորությունը: Երկաթուղին ավելի էժան և արագ փոխադրամիջոց է ավտոմոբիլային տրանսպորտի համեմատ, մասնավորապես Հայաստանի նման լեռնային տարածք ունեցող երկրի համար: Իսկ Ռուսաստանի պարագայում եղանակի հետ կապված, բացի գնից ու արագությունից, մենք պարբերաբար խնդիրներ ենք ունենում Լարսով բեռների փոխադրման հարցում և երկաթուղային կապը պարզապես փրկություն է:
Ռուսաստանի հետ երկաթուղային կապը հնարավորություն է ստեղծում ավելի էժան ու արագ առևտրային հարաբերություններ ունենալ ինչպես Ռուսաստանի ու ԵԱՏՄ այլ պետությունների հետ, այնպես էլ արևելյան Եվրոպայի հետ:
Իրանի հետ երկաթուղային կապը հնարավորություն է ստեղծում ավելի էժան և արագ առևտրային հարաբերություններ ունենալ Իրանի, էմիրաթների, Չինաստանի և այլ երկրների հետ:
Հետևաբար թե՛ Իրանի, ու թե՛ Ռուսաստանի հետ երկաթուղային կապերը խթանելու են մեր տնտեսությունը:
Արագ և էժան բեռնափոխադրումների շնորհիվ ունենալու ենք լրացուցիչ ներդրումներ, աշխատատեղերի ստեղծում, ներկրվող ապրանքների ավել մեծ տեսականի ու գների էժանացում: Ունենալու ենք արտահանվող ապրանքների տեսականու և ծավալի աճ: Այս ամենը բերելու է ընդհանուր տնտեսական աճի, որի շնորհիվ մենք կարող ենք ունենալ արտագաղթի կրճատում և ներգաղթ:
Պատերազմի ծանր ավարտը մեզ համար շատ ցավալի է, այո, բայց արդյունքում կա թերևս մեկ լուսավոր կետ՝ այն է Հայաստանի ապաշրջափակումը: Դրանից հրաժարվելը պարզապես անմտություն է:
Մեր գերխնդիրը մոտակա տարիներին պետք է լինի տնտեսական թռիչքային զարգացումը, որից անմիջականորեն կախված է բանակի թռիչքային զարգացումը և Հայաստանի ու Արցախի անվտանգային հարցերի լուծումը առանց երրորդ երկրի միջամտության: Եթե մենք մնանք այս վիճակում, մեր անվտանգությունը բացառապես երաշխավորելու է Ռուսաստանը, որի հետևանքները շատ ծանր են լինելու, ընդհուպ մինչև պետականության կորուստ: Մեր միակ փրկությունը, որը կախված է մեզանից, դա տնտեսությունը ջանասիրաբար զարգացնելն է: Իսկ դրա համար երկաթուղային կապը արտաքին աշխարհի հետ կարևոր բաղադրիչներից մեկն է: