Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակի եւ ներդրումների հարց է. 3 երկաթգծային կապ ենք ունեցել, բոլորն էլ տարածաշրջանային կոնֆլիկտների պատճառով փակվել են. Արսեն Ղազարյան. «Հրապարակ»

Հունվար 13,2021 11:36

Տարածաշրջանում տրանսպորտի ապաշրջափակման վերաբերյալ Արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանին հարցրինք, թե արդյոք այդ «ապաշրջափակումը» վերաբերում է միայն «Նախիջեւանի՞ երկաթուղուն»՝ նկատի ունենալով, որ մինչեւ 1993 թվականը Հայաստանը երկաթուղային 3 մայրուղի է ունեցել՝ մեծ տնտեսական նշանակությամբ։ «Սովետական տարիներին մենք ունեցել ենք երկաթգծային 3 մայրուղի, մեկը եղել է Վրաստանով, որը շատ վաղուց շրջափակված է՝ վրաց-աբխազական կոնֆլիկտի հետեւանքով, եւ մեր հիմնական ուղեւորափոխադրումները գնում էին այդպես։ Այսինքն՝ Երեւանից Մոսկվա, Կասպից ծովի եզրով, մտնում էր Աբխազիա, հետո մտնում էր Ռուսաստանի առաջին կայարանը, որքան հիշում եմ, կոչվում էր «Солнечная», իսկ բեռնային շրջանառությունը մեծ մասամբ կատարվում էր Նախիջեւանով։ Մտնում էր Կապան, Մեղրի, այնուհետեւ կրկին մտնում էր Ադրբեջանի տարածք եւ Դաղստանով միանում Ռուսաստանին, որովհետեւ այն ուղիղ հարթավայրային էր, ադրբեջանական երկաթգիծը 2 ռելսեր ուներ, բեռների մեծ մասը գնում էր այդպես։ Դա էլ ղարաբաղյան կոնֆլիկտի պատճառով Ադրբեջանը փակեց։ Դրանք են եղել երկաթգծային 2 ճանապարհները։ Մենք նաեւ, որպես Խորհրդային Միություն, երկաթգծային կապ ունեցել ենք Թուրքիայի հետ՝ Ախուրիկ կայարանով, որտեղ վագոնները գալիս էին, եւ քանի որ երկաթգծի չափերը (եվրոպական կամ թուրքական – նախկին խորհրդային) տարբեր էին, վագոններից բեռները բեռնաթափվում էին մյուս տիպի վագոնների մեջ, եւ շարունակվում էր։ Այսինքն՝ 3 երկաթգծային կապ ենք ունեցել, որոնք բոլորն էլ տարածաշրջանային կոնֆլիկտների պատճառով փակվել են, 1992 թվականից՝ ադրբեջանականը, նույն ժամանակահատվածում՝ վրացականը, 1993-ին Թուրքիան շրջափակում հայտարարեց եւ մեր սահմանները փակեց, այդ թվում՝ երկաթգծային։ Սա է եղել մոտ 30 տարի առաջվա պատկերը»,- ասաց Ղազարյանը։

Դրանք հնարավո՞ր է կրկին շահագործել, եթե ապաշրջափակում տեղի ունենա։ «Դրանք ընդամենը տեխնիկական խնդիրներ են՝ ֆինանսներ պահանջող։ Բնականաբար, հնարավոր է վերականգնել, ժամանակի եւ ներդրումների հարց է։ Եթե լինի վերջնական քաղաքական որոշում եւ տնտեսական շահերի գերակայում, ապա, այո, տեխնիկապես հնարավոր է անել»,- պատասխանեց Արսեն Ղազարյանը։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031