Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվում։ Նախագծի հեղինակը եւ ռեժիսորը Մանանա Հակոբյանն է, ֆիլմի գեղարվեստական ղեկավարը՝ Էդգար Այվազյանը։
«Սպիտակ խաչի պաշտպանը» փաստավավերագրական ֆիլմն Արցախի հերոս Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, նրա անցած ուղու, ձեռքբերումների, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերազարթոնքի եւ հոգեւոր արժեքների պահպանման գործում նրա հսկայական ծառայության մասին է, որի նկարահանման աշխատանքները սկսվել են 2020թ․ գարնանը եւ շարունակվում են մինչ այժմ:
«Հոգեւոր առաջնորդի անմնացորդ նվիրումն իր ազգին, նրա ունեցած մեծ դերակատարումն արցախյան ազատագրական պատերազմներում լինելու են ֆիլմի գլխավոր ասելիքը: Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն իր հոգեւոր դասի մեջ սերմանել է այն կարեւորագույն գաղափարը, որ հայոց բանակում հոգեւորականի մեծագույն ձեռքբերումը զինվորի կողքին լինելն է, Աստծո խոսքով նրանց հոգիները կերտելու առաքելությունը, զինվորի հետ հավասար զենքը ձեռքին հայրենի հողը թշնամու ոտնձգությունից պաշտպանելը»:
Արցախյան վերջին պատերազմը խանգարեց, բայց չընդհատեց նկարահանումները․ «Սրբազանն այս ծանրագույն օրերին հույսի, ապրելու եւ ապրեցնելու խորհրդանիշն էր: Նա վիրավոր զինվորի, տունն ու տեղը կորցրած հայրենակիցների կողքին էր: Մենք պարտավոր ենք ֆիլմը հանձնել աշխարհի դատին, քանի որ այն նաեւ պատմամշակութային կարեւորագույն արժեքներ է ներկայացնում, եւ, ինչպես նշում է Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, մենք պետք է ուժեղ լինենք եւ արարենք ամուր հավատքով, իսկ ֆիլմն ամբողջովին հավատքով հաղթանակներ կերտելու մասին է»:
Կարդացեք նաև
Ֆիլմն արդեն մոնտաժային փուլում է եւ հանդիսատեսի դատին կհանձնվի 2021թ․ գարնանը, որի պրեմիերան տեղի կունենա Ստեփանակերտում, Երեւանում, Փարիզում եւ Լոս Անջելեսում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: