Հարցազրույց վերլուծաբան, «Ռեգնումի» սյունակագիր Ստանիսլավ Տարասովի հետ
– Այս տրանսպորտային կոմունիկացիաների «հրաշալի» ծրագրերը հնարավոր չէ՞ր իրականացնել նախկինում, նախկինների օրոք։
– Օ՜, ի՜նչ փառահեղ հարց է։ Իհարկե, կարելի էր, իհարկե, Սերժ Ազատովիչն այդ մասին մտածում էր։ Երբ նա ասում էր՝ Աղդամը մեր հայրենի՞քն է․․․ Դուք եղե՞լ եք այնտեղ, ես եղել եմ։ Դատարկ գոտի է, հայերն այն վերաբնակեցնելու հնարավորություններ չունեին, բերք էին այնտեղից հավաքում։ Եվ նորմալ մարդու համար հասկանալի էր, որ այդ տարածքները գնալու էին։ Բայց հարցն այն էր, թե կկարողանա՞ Հայաստանն այն կոնվերտացնել կարգավիճակի։ Չկարողացավ, հատկապես՝ Փաշինյանի օրոք։ Սերժ Սարգսյանը մտածում էր այդ մասին, բայց չկարողացավ, որովհետեւ կային քաղաքական ուժեր, որոնք հայտարարում էին՝ տարածքների վերադա՜րձ եւ այլն։ Հիշում եք՝ նույն Փաշինյանը մեղադրում էր Սարգսյանին տարածքներ հանձնելու մեջ։ Իսկ հիմա Փաշինյանին ստիպեցին, նա հարկադրված էր ստորագրել այդ նույն՝ ամենավատ տարբերակի տակ։
– Ուզում եք ասել, որ տնտեսական համագործակցությունը հնարավոր էր միայն պարտված պատերազմի արդյունքներո՞վ։
Կարդացեք նաև
– Իհարկե, ձեր ուժերը սպառված են, այդպես ստացվեց՝ պատերազմի արդյունքներով։ Հայերը պարտվել են, Ադրբեջանը հաղթեց ու ստացավ այնքան, որ երբեւէ չէր էլ ենթադրել։ Իսկ Ռուսաստանը հանդես է գալիս հայկական անկլավի փրկչի դերում։ Մենք չեզոք ենք։ Բայց մենք ֆիզիկապես փրկում ենք Արցախի հայության կյանքը։ Ինչպես ժամանակին աջարներին ու օսեթներին փրկել ենք վրացիներից։ Աստված չանի, որ վաղը փրկենք մոնղոլներին։ Մենք չենք ուզում։
– Իսկ ինչո՞ւ հանկարծ Պուտինը որոշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործունակ է, երեկ խոսում էր ՄԽ–ի հետ համաձայնեցված քայլերի մասին՝ Մակրոնի միջամտությունից հետո։
– Ալիեւը Մինսկի խմբին, երբ Բաքվում էին, ասաց՝ ես ձեզ չեմ հրավիրել, հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է։ Նա ֆորմալ առումով ճիշտ է։ ՄԽ-ն լուսանցքից դուրս հայտնվեց, քանի որ եղավ պատերազմ, պետք է կարողանար թույլ չտալ պատերազմ։ Մինսկի խումբը պարտվել է խաղակեսը։ Սա՝ մեկ։ Երկրորդ․ ռուս խաղաղապահներն իրավական առումով հիմա Ադրբեջանի տարածքում են, ոչ թե Լեռնային Ղարաբաղում։ Մենք տեսականորեն կարող ենք մեր կարգավիճակը որոշակիացնել առանց Երեւանի՝ 300 տարով պայմանավորվելով Բաքվի հետ մանդատային կառավարման մասին։ Բայց այդ դեպքում մենք կփչացնենք մեր հարաբերությունները հայերի հետ։ Իսկ Ադրբեջանն էլ ցանկանում է ապաշրջափակում Հայաստանի տարածքում։ Ուրեմն առանց Հայաստանի մենք Ղարաբաղի կարգավիճակ չենք կարող։ Սրանից էլ բխում է այն, որ Մինսկի խումբը պետք է վերածնվի։ Դրա համար էլ Մակրոնն է զանգում, ԱՄՆ-ն․․․ Բայց Մինսկի խումբն իր հին օրակարգով՝ Մադրիդյան սկզբունքներ եւ այլն՝ վերջ, չկա, պետք է լինի նոր օրակարգով խումբ, որը կզբաղվի նոր՝ բազմաբարդ մաքոքային քաղաքականությամբ։ Մոսկվա, Բաքու ու Երեւան գնան-գան, հանդիպեն արտգործնախարարների հետ ու ձեւակերպեն բանակցությունների նոր օրակարգ։ Իսկ դրա համար ժամանակ է պետք, փորձը ցույց է տալիս, որ սա կարող է տեւել մի քանի տասնամյակ։ Մոսկվայի համար հիմա սկզբունքային չէ Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Ադրբեջանի համար նման հարց չկա էլ։ Սա միայն տանուլ տված հայկական քաղաքական էլիտայի համար է հարց։ Իսկ հիմա փորձում են կառչել սրանից։ Մենք էլ ենք սրանից կառչում՝ Ադրբեջանի վրա հնարավոր ճնշումների տեսանկյունից, այն պարագայում, եթե Ադրբեջանը հետեւողական չլինի իր հետագա գործողություններում։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: