Լրահոս
Օրվա լրահոսը

Ապաշրջափակման որեւէ առարկայական քայլի Երեւանը չպետք է համաձայնի, եթե լուծված չեն ռազմագերիների եւ մարդասիրական այլ խնդիրների հետ կապված հարցերը. Հակոբ Բադալյան. «Հայկական ժամանակ»

Հունվար 13,2021 09:42

ՀՀ վարչապետի, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների կողմից Մոսկվայում ստորագրված հայտարարության իրագործումը ենթադրում է տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակում, տնտեսական հնարավորությունների ընդլայնում, բեռնափոխադրումների ծավալի մեծացում, ինքնարժեքի հնարավոր նվազեցում… Բացի դրական կողմերից, իհարկե, ճանապարհների ապաշրջափակումն իր հետ բերում է նաեւ որոշակի ռիսկեր: Այս կարծիքին է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

– Պարոն Բադալյան, ինչո՞ւ չհաջողվեց Մոսկվայում գերիների հարցով լուծման հասնել: ՀՀ վարչապետը անկյունաքարային էր համարել այս հարցը հանդիպման համար: Այս խնդրի լուծման դիմաց ի՞նչ պահանջներ կարող էին ներկայացվել Հայաստանին, որից կհրաժարվեր վարչապետը:

– Ռազմագերիների եւ անհետ կորածների հանգամանքը ակնհայտորեն Ադրբեջանը փորձում է դիտարկել որպես քաղաքական խաղաքարտ: Այդ խաղաքարտը նաեւ Թուրքիան է փորձում օգտագործել՝ Ռուսաստանին ներկայացնելու համար: Հստակ է, որ այդ՝ մեզ համար շատ ցավոտ խնդիրը պատասխանատվություն է նաեւ Ռուսաստանի համար, որը նոյեմբերի 9-ի հայտարարությունում պատասխանատուն է: Մեր գերիների հարցը, ցավոք սրտի, դարձել է քաղաքական բազմավեկտոր խաղի տարրերից մեկը, եւ սա, անշուշտ, բարդացնում է խնդրի լուծումը:

Ինչ պահանջներ կարող են ներկայացվել Հայաստանին՝ այստեղ ամենատարբեր կարող են լինել պահանջները, սկսած Արցախ-Հայաստան հարաբերության արգելակումից՝ մինչեւ հայ-ադրբեջանական սահման: Կարծում եմ՝ այս պայմաններն է, որ քննարկվել են Մոսկվայում եւ Հայաստանի համար գուցե եղել են մերժելի եւ անընդունելի, որքան էլ մարդասիրական տեսանկյունից այս հարցը մեր համար գերկարեւոր է: Ցավոք, պետք է արձանագրենք այդ հարցում Հայաստանի անհաջողությունը եւ բազմապատկենք ջանքերը՝ խնդիրը լուծելու համար: Կարծում եմ՝ այստեղ պետք է լինեն Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ներգրավմանն ուղղված քայլեր, որովհետեւ եթե այս հարցը մնա ռուս-թուրքական տիրույթում, ապա այս դեպքում Հայաստանի հնարավորությունները մեծ չեն:

– Նշեցիք, որ նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման պատասխանատուն Ռուսաստանն է: Այդ դեպքում ինչո՞ւ թույլ տրվեց այդ հայտարարության 8-րդ՝ գերիներին վերաբերող հարցի շրջանցում եւ անցում 9-րդ՝ ճանապարհների ապաշրջափակման հարցին: Կարծում եք՝ սա ինչ-որ պայմանավորվածության արդյո՞ւնք է:

– 9-րդ կետի մասով դեռ չկան լուծումներ, այլ սկսվում է լուծումներին ուղղված գործընթաց: Երեւանի համար սա եւս շատ կարեւոր է, որ այդ լուծումները պայմանավորվեն ռազմագերիների հարցի լուծմամբ: Աշխատանքային գործընթացի մեկնարկին Երեւանը համաձայնել է, բայց որեւէ լուծման, ապաշրջափակման որեւէ առարկայական քայլի Երեւանը չպետք է համաձայնի, եթե լուծված չեն ռազմագերիների եւ մարդասիրական այլ խնդիրների հետ կապված հարցերը: Ի վերջո դա կարող է լինել այն, թեկուզ աննշան ինդիկատորը, որ կարող է թույլ տալ մտածել Ադրբեջանի հետ համակեցության ռեժիմի մասին: Եթե Ադրբեջանը պատրաստ չէ այդպիսի հարցերում առաջնորդվել պարզ մարդկային տրամաբանությամբ, ապա մենք ինչպե՞ս կարող ենք պատկերացնել Ադրբեջանի հետ համակեցության բաց ռեժիմ:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031