Այս՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներից Արման Բաբաջանյանը, որն ընտրվել էր «Լուսավոր Հայաստանի» ցուցակով, ընտրվելուց որոշ ժամանակ անց դուրս եկավ այդ խմբակցությունից եւ դարձավ անկախ պատգամավոր: Անցած տարի նույնատիպ քայլ կատարեց նաեւ ԲՀԿ-ից ընտրված Սերգեյ Բագրատյանը: Երկու դեպքում էլ դա տարակուսանք կամ, առավել եւս, ընդվզում չառաջացրեց իմքայլական մեծամասնության մոտ, թե՝ բա ո՞ւր մնաց պարկեշտությունը, կարո՞ղ է մոռացել են, թե ում շնորհիվ եւ ում ցուցակով են դարձել պատգամավոր, այդքան սկզբունքային են, թող մանդատները վայր դնեին եւ այլն: Այս երկու դեպքերն, ըստ ամենայնի, ընկալվեց որպես բնականոն քաղաքական գործընթաց: «Իմ քայլի» ցասումն ու զայրույթն առաջացավ այն ժամանակ, երբ սկսեցին դուրս գալ իրե՛նց խմբակցությունից:
Եթե օրենքով արգելված չէ դուրս գալ խմբակցությունից եւ դառնալ անկախ պատգամավոր, ուրեմն դա նախատեսում է խորհրդարանական պրակտիկան: Քաղաքական առումով, սակայն, կա տարբերություն, թե ով, երբ եւ որտեղից է դուրս գալիս: Մի բան է, երբ պատգամավորը զգում է, թե որ կողմն է ուժը եւ փախչում է ուժեղի մոտ, իշխանության կողմը, եւ մեկ այլ բան է, երբ պատգամավորն իր կապն է խզում իշխանական կառույցների հետ՝ գիտակցելով դրա հետեւանքները: (Միանգամից ասեմ, որ երկրորդ դեպքն էլ դժվար է հերոսություն անվանել, քանի որ մենք ապրում ենք ավտորիտար, բայց ոչ՝ բռնապետական պետության մեջ: Այնուամենայնիվ, դա որոշակի խիզախություն պահանջող քայլ է):
1997 թվականի աշնանը պատեհապաշտ պատգամավորները, տեսնելով, որ իրական քաղաքական ուժը Վազգեն Սարգսյանի ձեռքին է, դուրս եկան Տեր-Պետրոսյանի ստեղծած «Հանրապետություն» խմբից եւ կա՛մ միացան «Երկրապահ» խմբին, կամ էլ դարձան անկախ պատգամավոր: 2006 թվականին, երբ «Օրինաց երկիրը» սկսեց դրսեւորել որոշակի ընդդիմադիր հակումներ, Մելիք Մանուկյանի («Շշի Մելոյի») նման պատգամավորները դուրս եկան ՕԵԿ խմբակցությունից եւ ստեղծեցին «Գործարար» պատգամավորական խումբը: Ուժն այն ժամանակ Քոչարյանի կողմն էր, եւ «կիսաընդդիմադիր» խմբակցությունում մնալը սպառնում էր նրանց բիզնեսին:
Այսօր իշխանական խմբակցությունից դուրս գալը միանգամայն այլ բովանդակություն ունի. ուժը (ուժային կառույցները, դատախազությունը, քննչական մարմինները) Փաշինյանի ձեռքին է, եւ, եթե անգամ տեղի ունենան արտահերթ ընտրություններ (առանց վարչապետի փոփոխության), ապա նա կվերարտադրվի ճիշտ այնպես, ինչպես վերարտադրվել են նրա նախորդները: Այս իրավիճակում զուտ քաղաքական կոնյունկտուրայի առումով ավելի ձեռնտու է մնալ «Իմ քայլը» խմբակցության մեջ եւ կատարել վարչապետի բոլոր քմահաճույքները՝ օրինակ, զրկել Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Դուրս գալ այդ խմբակցությունից, մասնավորապես, նշանակում է «բուլինգի» ենթարկվել նախկին «խմբակիցների», Փաշինյանի ընտրազանգվածի եւ քծնողների կողմից:
Կարդացեք նաև
1989-90-ականներին «ճահիճը» ներկայացնող խորհրդային պատգամավորների վերաբերյալ կիրառվում էր «агрессивно-послушное большинство» (ագրեսիվ-հնազանդ մեծամասնություն) եզրը: Կարծում եմ՝ դա արդիական է նաեւ Երրորդ հանրապետության պառլամենտարիզմի պատմության համար:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պարոն Աբրահամյան
Ես վստահ եմ, որ անգամ եթե ընտրությունն անցկացվի Նիկոլ Փաշինյանի օրոք, հողատու իշխանությունը չի վերարտադրվի: Լրատվամիջոցներում, այդ թվում՝ ձեր կայքում, բազմաթիվ են իշխանության ներսից արտահոսած տեղեկությունները: Դա նշանակում է, որ հողատուները ներսում բազմաթիվ չուզողներ ունեն, որոնք կքվեարկեն Նիկոլի դեմ: Հողատուն վերարտադրվելու շանս չունի: Շատ-շատ ԱԺ-ում մի քանի ագրեսիվ-հնազանդ դեպուտատիկ ունենա:
Կարծեմ խմբագրին ըսածը այն է որ, եթէ ընտրութիւնները տեղի ունենան՝ առանց վարչապետի փոփոխության, ապա… դրանք իսկական ընտրութիւններ պիտի չլինեն. այլ՝ նախայեղափոխական անցեալի պէս, բան մը: Ու հետեւաբար, այժմու վարչակարգը ինքզինք պիտի վերարտադրէ:
Շատ դժբախտաբար, հիմնաւորուած գնահատական մըն է: Որ ի զօրու է նոյնիսկ, վարչապետի – լոկ ձեւական – փոփոխութեան պարագային անգամ…
Այս Անդունդին յատակը – եթէ կայ… -, տակաւին չի երեւում:
Գագիկ Ջհանգիրյան – Արթուր Դավթյան – Տիգրան Մուկուչյան սուրբ երրորդությունը՝ վկա:
Մարդկության պատմության ողջ ընթացքում կա՞ դեպք, երբ ընդիմադիր կուսակցության խմբակցությունից դուրս գալը քննադատվի իշխող կուսակցության կողմից, հազիվ թե….
«агрессивно-послушные рюкзаки»
Երբ հավաքականում թիմային խաղ կա, ապա թիմի բոլոր խաղացողների ռազմավարական նպատակն է՝ պաշտպանել սեփական դարպասը ու գրավել մրցակցի դարպասը: Դա իրականացնում են թիմի խաղացողներն՝ իրար փոխանցելով գնդակը: Ազգի դեպքում ռազմավարական խաղի խաղացողները՝ դրանք սերունդներն են, մի սերունդն իր մարտավարական հմտությամբ ստեղծում է բարենպաստ իրավիճակ ու փոխանցում այդ իրավիճակը հաջորդ սերնդին, որն էլ նույն ձեւով մոտեցնում է ռազմավարական նպատակի իրագործումը մի քանի կամ մի քանի հարյուր սերունդների հետեւողական թիմային խաղով: Կան մի քանի ազգեր, որոնք նման տասնամյակների ու հազարամյակների բազմասերունդ ազգային ռազմավարություն ունեն, նրանք էլ աշխարհն են ղեկավարում, իսկ մնացածները հանապազօրյա հացի համար են ապրում ու գոյությունները պահպանում, իսկ ով իրեն վատ պահեց, աշխարհի տերերը նրա հացը կտրում են: Մեր իշխանության, ընդդիմության մեջ եթե հայեր կան, նրանք պետք է բարենպաստ իրավիճակ ստեղծեն ու փոխանցեն այդ բարենպաստ իրավիճակը մեր հաջորդ սերնդին, իսկ եթե մենակ ազգանուններն են հայ, բայց իրականում աշխարհը ղեկավարող ազգերից որեւէ մեկին են պատկանում ու նրանց ռազմավարությունն են սպասարկում, ապա պետք է խնդրել նրանց ղեկավարությանը հետ կանչեն իրենց աշխատակիցներին: Սկզբունքը նա չի, որին հետեւում ես ինքդ, այլ նա է, որին հետեւում ես ինքդ եւ պաշտպանում այդ սկզբունքը ոտնձգություններից, դու չես գողանում, բայց եւ ուրիշին թույլ չես տալիս գողանա, իսկ եթե միայն դու չես գողանում՝ հեչ անպայման չի, թե սկզբունքային ես, պարզապես գողանալու համար էլ է պլոճիկ պետք, իսկ եթե ինքդ չես գողանում ու դեռ պլոճիկ էլ ունես գողի ձեռքը բռնես, որ չգողանա՝ սա է իսկական սկզբունքայնությունը: Ինքնամաքրվենք, ինքնադաստիարակվենք ազգային սկզբունքներով ու դառնանք սկզբունքային ազգ, այդ ժամանակ ազգի համար ե՛ւ ապրելը ե՛ւ զոհվելը յուրաքանչյուր հայի համար հավասարապես երջանկություն կլինի: