«Ադրբեջանն իր ինքնիշխանությունը նվազեցնելու ճանապարհին է։ Թուրքիայի կողմից ռազմաբազաների ստեղծումը նման զարգացումների տրամաբանության շրջանակներում է։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում Արեւելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազաների ստեղծումը ժամանակի հարց է․ «Միանգամից դա չի արվի, որպեսզի չնյարդայնացնեն ռուսական կողմին։ Սակայն մոտ ապագայում կսկսեն այդ ռազմաբազաների կառուցումը, եւ չի բացառվում, որ մեկն էլ կառուցեն Կասպից ծովի ափին»։
Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին օրեր առաջ խոսել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Լիսաբոնում պորտուգալացի պաշտոնակցի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով արցախյան պատերազմի ժամանակ Բաքվին ցուցաբերած աջակցության, եռակողմ հայտարարության եւ հետպատերազմյան զարգացումների մասին:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիան պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները, թե կա հավանականությունը, որ այդ նախապայմանները կբավարարվեն, թուրքագետը նկատեց, որ Չավուշօղլուն նախապայմանների մասին իր խոսքում որեւէ բան չի նշել, հետեւաբար, կարելի է ենթադրել, որ դրանցից չի հրաժարվում, եւ գտնում է, որ Հայաստանը կընդունի այն նախապայմանները, որոնք Թուրքիան արդեն 15 տարի շարունակ մեզ ներկայացնում է՝ հարաբերությունները կարգավորելու դիմաց»:
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում