Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագծի ընդունմամբ որոշակի անհավասար պայմաններ կառաջանան տարբեր պատճառներով մահացած ժառանգատուների ժառանգների միջեւ

Հունվար 13,2021 13:00

ՀՔԱՎ-ն առաջարկում է նախագիծը հանել շրջանառությունից

Ժառանգության ընդունման իրավունքը սահմանափակված է ժամկետներով՝ ընդհանուր եւ հատուկ։ Այդ ժամկետների նախատեսումը նպատակ է հետապնդում երաշխավորել ժառանգի՝ ժառանգությունն ընդունելու նպատակահարմարությունը որոշելու իրավունքը եւ հնարավորություն ժառանգի համար՝ հենվելով ժառանգության զանգվածի կազմի եւ գտնվելու վայրի, ժառանգատուի պարտավորությունների, այլ ժառանգների առկայության, հնարավոր իրավական վեճերի վերաբերյալ ստացված տեղեկությունների վրա (մասնավոր շահ), սահմանել գույքի սեփականատիրոջ մահից հետո առաջացած իրավական անորոշության հաղթահարման համար ռացիոնալ ժամանակահատված (հանրային շահ):

2020 թվականի դեկտեմբերին հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Իրավապաշտպան ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է դիրքորոշում՝ առաջարկելով նախագիծը հանել շրջանառությունից։

Ըստ հելսինկյան գրասենյակի, նախագիծը սահմանում է ժառանգների իրավունքների իրացումը սահմանափակող կարգավորումներ. «Նախատեսվել է, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով կամ ռազմական գործողությունների արդյունքում մահացած անձանց ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում։ Ակնհայտ է, որ նախագծով սահմանված ժամկետը խոչընդոտում է սուբյեկտների կողմից իրենց իրավունքների իրացման հնարավորությունը՝ անհամաչափ կրճատում այն ողջամիտ ժամանակահատվածը, որի ընթացքում իրատեսական է քաղաքացիաիրավական քննարկվող իրավահարաբերության գործարկումը»։

Գործող իրավակարգավորմամբ օրենսգրքի 1227-րդ հոդվածի առաջին մասը նախատեսում է ժառանգության ընդունման մեկ ընդհանուր ժամկետ, համաձայն այդ նորմի՝ «Ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից՝ 6 ամսվա ընթացքում»:
Իրավապաշտպան կազմակերպության դիտարկմամբ, նախագծից պարզ չէ, թե ինչու են կիրառվում երկակի ստանդարտներ ժառանգների նկատմամբ միայն այն հիմքով, թե ինչից կամ ինչ հանգամանքներում է մահացել ժառանգատուն, ուստի, ըստ ՀՔԱՎ-ի. «Նախագծի ընդունմամբ որոշակի անհավասար պայմաններ կառաջանան տարբեր պատճառներով մահացած ժառանգատուների ժառանգների միջեւ»։

ՀՔԱՎ-ի գնահատմամբ՝ ժառանգության ընդունման նախապայմանների խստացումը չպետք է տեղի ունենա անհամաչափ՝ անձանց համար ստեղծելով իրավունքների իրացման խոչընդոտներ:

Մինչդեռ, ըստ նախագծի, առաջարկվող 7-օրյա ժամկետը չի ապահովում ողջամիտ հավասարակշռումը, ըստ էության, նախագծով ոչ միայն հաշվի չի առնվել ողջամիտ հավասարակշռման ապահովման չափանիշը, այլեւ իրավահարաբերության մասնակիցների հոգեբանական վիճակը՝ մտնելու քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ՝ դրսեւորելով գիտակցված եւ կամային վարքագիծ։
Բացի դրանից՝ նախագիծը կորոնավիրուսային համավարակից կամ պատերազմական գործողությունների հետեւանքով մահացած ժառանգատուի պարտատերերի համար այլ ժամկետ չի նախատեսել, այսինքն՝ այս դեպքում եւս գործելու է օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընդհանուր ժամկետը, համաձայն որի՝ «Պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից 6 ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները»:

Ինչ է ստացվում. ժառանգին «հարկադրում են» ընդունելու ժառանգությունը՝ առանց դրա ընդունման նպատակահարմարությունը պարզելու, քանի որ ժառանգության զանգվածի մեջ են մտնում թե ժառանգատուին պատկանող ակտիվները՝ գույքը, դրամական միջոցները, թե պարտավորությունները: Նշված մոտեցումն անընդունելի է եւ առաջացնում է անորոշություն ժառանգի համար, եթե անգամ վերացարկվենք այն հանգամանքից, որ ժառանգը յոթնօրյա ժամկետում կներկայանա նոտարական գրասենյակ, անհայտ է, թե ժառանգության ինչպիսի կազմի հետ գործ ունի»:

ՀՔԱՎ-ը «Նախագծի հիմնավորման խոցելիությունը» խորագրի տակ նշել էր, որ Քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ժամկետներն առհասարակ նպատակ ունեն ոչ միայն ժամանակի առումով կանոնակարգելու քաղաքացիական շրջանառությունը, այլեւ ապահովելու քաղաքացիական հարաբերությունների սուբյեկտների կողմից իրենց իրավունքների իրացման հնարավորությունը, դրդելու անձանց կատարելու իրենց պարտականությունները, ինչպես նաեւ խթանելու խախտված իրավունքների ժամանակին պաշտպանությունը: Քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտները պետք է շահագրգռված լինեն, որպեսզի իրենց իրավունքները եւ պարտականություններն իրացվեն ոչ միայն պատշաճ կերպով, այլեւ ժամանակին:

Այս նախագծով, ըստ կազմակերպության, Ժառանգության ընդունման նպատակահարմարությունն ուղղակի կախվածության մեջ է գտնվում ժառանգատուի պարտատերերի կողմից պահանջների ներկայացումից. «Պարտատերերի կողմից իրենց պահանջները ներկայացնելու ժամկետային սահմանափակումը երաշխավորում է ժառանգի՝ ժառանգությունն ընդունելու նպատակահարմարությունը որոշելու իրավունքը»:

Մեջբերելով միջազգային փորձը, նախագիծը շրջանառությունից հանելու առաջարկ անողները նշել էին, որ ուսումնասիրված երկրների օրենսդրություններից եւ ոչ մեկը մահվան պատճառի հիմքով ժառանգության ընդունման տարբերակված ժամկետներ չի նախատեսում, ընդհակառակը՝ հանրային եւ մասնավոր շահերի հավասարակշռման այլ եղանակներ է օգտագործում:

Ֆրանսիայում շահագրգիռ անձինք կարող են ժառանգության բացման օրվանից 4 ամսվա ընթացքում «ոչ վճռական» ժառանգից պահանջել կատարել ընտրություն՝ ժառանգությունը ընդունելու կամ հրաժարվելու միջեւ, Գերմանիայի քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է ժառանգության ավտոնոմ ընդունման կառուցակարգ. ժառանգությունը համարվում է ընդունված՝ 4 շաբաթվա ընթացքում հրաժարվելու դիմում չներկայացնելու դեպքում, ընդ որում՝ ժամկետի հաշվարկման հիմքը ժառանգության կանչվելու պահն է, այսինքն, երբ ժառանգն իմացել է ժառանգության նկատմամբ իր իրավունքի մասին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031