Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեքվիեմով վերքերին դարման չես անի»

Հունվար 13,2021 12:30

Հարցազրույց դիրիժոր Հարություն Արզումանյանի հետ

– Մաեստրո, թերթեցինք 2020 թվականը։ Այն մեզ համար ոչ միայն համավարակի, այլեւ պարտադրված եւ պարտադրված ավարտով դաժան պատերազմի տարի էր։ Թեեւ մինչ այսօր մենք չունենք պաշտոնական տեղեկատվություն զոհերի, գերեվարվածների, անհետ կորածների թվերի մասին, ինչը «վերեւները» փորձում են ներկայացնել որպես պետական գաղտնիք, բայց մեզ տարբեր աղբյուրներից հայտնի են թվեր, որոնք մի քանի հազարի են հասնում։ Տեղին է նշել, որ մեր մշակութային կոլեկտիվները 2020թ. ընթացքում մեզ՝ հանդիսատեսիս լիովին չկտրեցին արվեստից, հանդես գալով յուրաքանչյուրն իր ֆեյսբուքյան էջում, բացառությամբ 44 օր տեւած պատերազմը, որի ընթացքում մեր արտիստները հանդես եկան ռազմաճակատին օգնելու բազմաթիվ նախաձեռնություններով։

Տեսեք, անցյալ տարվա գարնանից՝ արտակարգ դրություն, կարանտին, որոնց հաջորդեց ռազմական դրությունը, բայց, այդուհանդերձ, թատրոնները, երաժշտական կոլեկտիվներն իրենց մեջ ուժ գտան մինչ Ամանոր բացել իրենց դռները, բնականաբար ընդունելով թույլատրելի չափով հանդիսատես։ Հիմա էլ դարձյալ վեց ամսով հայտարարված է կարանտին։ Վերջինիս տեւողության հետ կապված ձեր գործընկերները տարակուսանք են հայտնում, նույնիսկ այն բանից հետո, որ անցյալ տարվա վերջերից մոլեգնում է նոր կորոնավիրուսի «բրիտանական» շտամը։ Իհարկե, ձեզ՝ իբրեւ դիրիժորի, հանդիպում ենք տարբեր նվագախմբեր ղեկավարելիս, բայց Հարություն Արզումանյան անունը ասոցացվում է Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ։ Ձեր ղեկավարությամբ դեկտեմբերի 26-ին նվագախմբի եւ մեներգիչների մասնակցությամբ «Վերադարձ» խորագրով համերգային ծրագրով բացվեց թատրոնի վարագույրը։ Այժմ հանդիսատեսը սպասում է ներկայացումների։

2020թ. դեկտեմբերի 26-ին կայացած համերգի մասնակիցները

– Ոչ միայն հանդիսատեսն է սպասում ներկայացումների, այլեւ թատրոնը։ Ինձ էլ են շատերը հարցնում, թե անկախ աշխարհում դեռեւս մոլեգնող վարակից եւ խեղված ճակատագրերից, որից զերծ չմնացին նաեւ արվեստագետներից շատերը, ի վերջո ե՞րբ կհաղորդակցվեն օպերային եւ բալետային արվեստի հետ։ Այս պահին ընդամենը կասեմ, որ հույս ունենք ընթացիկ ամսվա վերջերին ներկայացնել հանդիսատեսին այնքան հոգեհարազատ «Անուշը»։ Ծրագրել ենք պարբերաբար հանդես գալ համերգային ծրագրերով, որոնց ընթացքում իբրեւ մենակատարներ ներկայացնելով նվագախմբի արտիստներին։ Պատրաստվում ենք հնչեցնել Պերգոլեզիի «Ստաբատ Մատերը», որն, ինչպես գիտեք, համահունչ է 2020թ. իրադարձություններին։

Հայաստանցի արվեստագետներս հիանալի գիտակցում ենք, որ իսկապես մեծ է արվեստի դերը, անգամ հուսադրող։ Հիշեցնեմ, որ առայժմ թույլատրելի չէ ողջ անձնակազմով ներկայանալ, նկատի ունեմ օրկեստրն ու բալետային խումբը, երգչախումբը, մեներգիչներին։ Ելնելով ստեղծված իրավիճակից, ծրագրել ենք օպերային եւ բալետային այնպիսի ներկայացումներ, որոնք չեն պահանջում արտիստների մեծ թիվ, օրինակ՝ Բիզե-Շչեդրինի «Կարմեն» սյուիտը, որը պահանջում է նվագախմբից ընդամենը լարայինների եւ հարվածայինների մասնակցություն։

Եթե չեմ սխալվում, «Առավոտն» անդրադարձել էր անցյալ տարվա սկզբին Վաչե Շարաֆյանի «Հին աստվածներ» բալետային ներկայացմանը, ինչը հասկանալի պատճառով հետաձգվում է, բայց չի նշանակում, որ դադարեցված են փորձերը։ Ինչ գնով ուզում է լինի, որոշել ենք այս տարի անդրադառնալ մեր երկու մեծերի՝ Ալեքսանդր Սպենդիարյանի 150 եւ Մարտիրոս Սարյանի 140-ամյա հոբելյաններին, որոնք անցյալ տարի պետք է նշեինք։ Խոսքը «Ալմաստ» օպերայի մասին է։ Ախր, թատրոնի անելիքները շատ-շատ են։ Մինչ համավարակը նախաձեռնել էինք Դոնիցետիի «Սիրո ըմպելիքը» կոմիկական օպերայի պրեմիերան։

Ընդ որում, այն ներկայացվելու էր առաջին անգամ, թեպետ թատրոնի առաջատար մեներգիչներ Հասմիկ Թորոսյանն ու Լիպարիտ Ավետիսյանը այս օպերայում համապատասխանաբար Ազինայի եւ Նեմորինոյի դերերգերով հանդես են եկել հռչակավոր շատ թատրոններում։

Գանք բալետային արվեստ. անցյալ տարի գարնանը կայանալիք հայաստանյան «Արտավազդ» մրցանակաբաշխությանը ներկայացված էր Շորի «Բյուրեղապակյա դղյակը» բալետային ներկայացումը…

Գիտեք, որ մրցանակաբաշխությունը հետաձգվել է հասկանալի պատճառով… Չգիտեմ, չգիտեմ, մեր օրերում ամեն ինչ չէ, որ մեզնից է կախված եւ ինչպես ասում են՝ մարդը պլանավորում է, Աստված՝ տնօրինում։

– Մաեստրո, մինչ օրս մեր հասարակության մեջ, ընդ որում՝ ոչ միայն դասական արվեստի երկրպագուների շրջանում, հանելուկ է մնացել, թե ինչո՞ւ պատերազմից հետո մեր երաժշտական կոլեկտիվներն այդպես էլ չհնչեցրին ռեքվիեմ, ընդ որում՝ ոչ միայն համաշխարհային երաժշտական գրականությունից, այլեւ հայ կոմպոզիտորների։ Նման մեղադրանք այդ առիթով հնչեցվում է ոչ միայն ձեր, այլեւ ձեր մյուս գործընկերների հասցեին։

– Գիտեք, մեր վերքերը անթիվ-անհամար են։ Կրկնվեմ, բայց ինչքան դեռ անհետ կորածներ ունենք, որոնցից մի տաղանդավոր երիտասարդի անուն ուզում եմ բարձրաձայնել. Գագիկ Խաչատրյանը, որը ուսխորհրդի նախագահն է, սովորում է իմ ղեկավարությամբ, օպերային պատրաստվածության ամբիոնում։ Փառք Աստծո, որ պատերազմին մասնակից օպերային թատրոնի շուրջ 10 աշխատակիցները վերադարձան պատերազմից, այդ թվում՝ մեներգիչներ՝ տենոր, վաստակավոր արտիստ Սարգիս Աղամալյանը, բաս Զոհրաբ Զոհրաբյանը: Անհրաժեշտ է մտածել, որ մեր երկրի համար օրհասական այս պահին մեր երկիրը անդունդի եզրից հետ բերենք։ Ռեքվիեմով վերքերին դարման չես անի։

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
12.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031