Ավարտվեց Մոսկվայի եռակողմ հանդիպումը, որը հասարակական-քաղաքական շրջանակներում լուրջ մտահոգությունների ու տագնապների տեղիք էր տալիս:
Հայաստանն այդ հանդիպումից որևէ դրական արդյունք չստացավ, գերիների հարցում մնաց ձեռնունայն: Ադրբեջանը ևս մեկ անգամ վավերացրեց այն, ինչի համար եկել էր:
Սա հերթական խայտառակ պարտությունն էր Հայաստանի համար:
Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանն արդեն իսկ ստացել էր ավելին, քան կարող էր երազել: Այդ հայտարարության որոշ կետերի կատարումն էլ այս ընթացքում խախտել էր իր օգտին՝ 1-ին կետ («…կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում») և 8-րդ կետ («…ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»): Այս ամենը՝ Նիկոլ Փաշինյանի օգնությամբ և անգործությամբ:
Կարդացեք նաև
Հունվարի 11-ին Մոսկվայում Ալիևը վերահաստատեց և նոր հիմքերի վրա դրեց 9-րդ կետի իրականացումը («…տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են, ՀՀ-ն երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև…»), որն Ադրբեջանի համար ռազմավարական մեծ նշանակություն ունի: Կասկածից դուրս է, որ Փաշինյանի վարչապետության պայմաններում այս կետի իրականացման հետագա բանակցությունների արդյունքները նույնպես լիովին բավարարելու են միայն Ադրբեջանին:
Ի՞նչ կարող էր ստանալ Հայաստանը հունվարի 11-ի հանդիպումից, որը չստացավ:
Պետք էր բարձրացնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետին վերաբերող հարցը, որը խախտվել է հօգուտ Ադրբեջանի և որը սպառնալիք է Սյունիքի համար:
Որևէ արձանագրում չեղավ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության լուծման և Արցախի կարգավիճակի վերաբերյալ, ինչը նույնպես մեծ պարտություն էր:
Եվ իհարկե պետք է հստակ դրվեր և լուծվեր գերիների հարցը։
Հունվարի 11-ի եռակողմ հանդիպումն ու համատեղ հայտարարությունը ևս մեկ անգամ վերահաստատեցին մեր մոտեցումը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ առաջ տանել Հայաստանի և հայ ժողովրդի շահերը:
Պարտության խորհրդանիշը պետք է հեռանա, հակառակ դեպքում մեր կորուստներն ու նվաստացումները շարունակվելու են:
Վազգեն Մանուկյան
Հայրենիքի փրկության շարժում
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ավարտվեց Մոսկվայի եռակողմ հանդիպումը, որը հասարակական-քաղաքական շրջանակներում լուրջ մտահոգությունների...
Posted by Հայրենիքի փրկության շարժում on 2021 թ. հունվարի 12, երեքշաբթի