Մի քանի ժամ առաջ «Բնապահպանի տուն» ֆեյսբուքյան էջում հայտնվեցին հատված ծառերի լուսանկարներ: «Բնապահպանի տուն» կազմակերպության եւ քաղաքացիական նախաձեռնության անդամ Մարտիկ Մաթեւոսյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր ժամը 11-ի սահմաններում իրենց կողմից կատարված հերթական շրջայցի արդյունքում նկատել են, որ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքից դեպի Վանաձոր քաղաք ընկած հատվածում՝ մոտ 5 կմ երկարությամբ տարածքում կատարված են ծառահատումներ: Մարտիկի խոսքով՝ հատվել են ավելի քան 100 կեչի եւ սոճի տեսակի ծառեր:
Նախաձեռնության անդամն անմիջապես դիմել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին. «Արձագանք եղել է, ներկայացրել են, որ դրանք օգտագործվել են որպես օրինական հատատեղի: Մենք մեր կասկածներն ենք հայտնել, որ դրանք հնարավոր է օրինական չեն, բայց օրինականի տակ են անցկացվում: Ոստիկանություն չենք դիմել, հիմա տեսչությունն է զբաղվում այդ հարցով, հարկ եղած դեպքում ոստիկանությունը կզբաղվի»,- տեղեկացրեց Մարտիկը:
Մեր այն հարցին, թե ի՞նչն է կասկած հարուցում, որ նշված հատատեղին օրինական չէ, Մարտիկը պարզաբանեց. «Որպես մասնագետ չէ, բայց որպես մարդ, ով 2 տարի է այդ նույն բնագավառում է, ինձ մոտ կասկած է հարուցում այն փաստը, որ հատվել են փշատերեւներ, հատումների մեջ եղել են ինչպես մեծ, այնպես էլ փոքր չափերի ծառեր: Իսկ հատատեղի շահագործելուց ընդհանրապես կա հաշվարկի ձեւ: Հաշվում են՝ թեքություն, ծառի տարիք, վնասվածությունը եւ այլն: Քանի որ սոճի ու կեչիներ են հատված, որպես հատատեղի դեռեւս չեմ հանդիպել, որ փշատերեւից հատատեղի կստեղծվի: Այդ իսկ պատճառով դեմել եմ տեսչություն, որ իրենք իրենց մեջ քննեն, հասկանանք համապատասխանում է օրենքին, թե ոչ»:
Կարդացեք նաև
Իսկ թե ի՞նչ վնասների կարելի է սպասել ծառահատումների արդյունքում, Մարտիկն առանձնացրեց դրանցից մեկը. «Ամենամեծ վնասը, որ մենք ունեցել ենք, դա եղել է Արցախում՝ ծառահատողների ճանապարհով հակառակորդն իր տեխնիկան մտցրել է ու հասել մինչեւ Շուշի»:
Քաղաքացիական նախաձեռնության անդամը նշեց, որ ոստիկանություն դեռեւս չեն դիմել, առայժմ միայն տեսչական մարմինն է զբաղվում հարցով, հարկ եղած դեպքում պատրաստ են դիմել նաեւ ոստիկանություն:
Տաթեւիկ Ղազարյան
Լուսանկարները՝ «Բնապահպանի տուն» ֆեյսբուքյան էջի: