Արման Աղաջանյանը ծննդով Ճարտարից է։ Հերոսական ծննդավայրի օդն անգամ հերոս որդուն ուղարկեց առաջնագիծ` կյանքի գնով տեր կանգնելու այն ամենին, ինչ ունենք ու պիտի ունենանք։ Տան միակ զավակն այժմ միացել է երկնային արքայությանը։
Տան լույսը մարել է. մայրն ընդհանրապես չի համակերպվում կատարվածի հետ, իր Արման որդուն է ուզում, ամեն օր, ամեն օր…
Դպրոցն ավարտելուց հետո Արմանն ընդունվել է ԱրՊՀ-ի ֆիզմաթ ֆակուլտետի Մաթեմատիկա բաժինը:
Չեմ հասցրել Արմանին հարցնեմ` մանկության երազա՞նք էր ծառայելն ու զենք բռնելը։ Կարծում եմ, որ իր նման հաստատուն կերպարի համար ճիշտ այդպես կլիներ։ Ավելին, հետո իմացա, որ միշտ շտապում էր ծառայության անցնել բանակում։
Կարդացեք նաև
Բանակ զորակոչվեց 2019 թվականի հուլիսի 15-ին։ Երդվեց անձնվիրաբար ծառայել հայրենիքին։ Երդմանը հավատարիմ մնաց։
Կրտսեր սերժանտ հրետանավոր Արմանն անտրամաբանական նվիրվեց` կյանքի գնով թույլ չտալով, որ ոսոխը ոտք դնի մեր հայրենիք։
«Մամ, արխային, մունք ուժեղ ընք, մունք հաղթըլաննք, լաց չինիս». իր մորն այսպես էր սփոփում 19 գարուն ապրած, կենսախինդ, համեստ ու քաջարի Արմանը։ Մայրը սրտում դեռ չէր մարում հույսերը, որ որդին անպայման տուն է գալու… հաղթանակա՛ծ է տուն գալու։
Եկավ… այս անգամ փաթաթված էր եռագույնի մեջ։ Ցավ, կարոտ, ափսոսանք. ամեն ինչ մնաց Արմանի հետ ու Արմանից հետո։ Ոչ ոքի մտքով չէր անցնի, որ դպրոցական նստարանին նստած Արմանն այսքան շուտ կմեծանա։ Դասընկերների հուշերում չէ, այլ նրանց աչքերի առաջ է։ Երբ անունը լսում են` իսկույն մի պատմություն են հիշում, մեծ ոգևորությամբ պատմում, աջ ու ձախ նայում, տեսնեն` Արմանն ո՞ւր է… բայց չեն գտնում։ Արմանն այսօր մեր կողքին չէ։
«Վերջին զանգի սկավառակն էի ուզում նայել։ Սկզբի մասում մեր նկարներն էին, նայեցի։ Առաջ եմ տալիս, որ գեղարվեստական մասը նայեմ։ Արդեն սկսել է միջոցառումը, դասղեկը բեմ է մեզ հրավիրում…Աղաջանյան Արման, Պողոսյան Հրանուշ…Իսկույն անջատեցի,այլևս ցանկություն չունեմ միացնելու այդ տեսանյութը»,-պատմում է դասընկեր Շուշանը` մեզ ներկայացնելով նաև հուշերից վերջինզանգյան արարողությանն ընդառաջ խոսակցությունները։
-Մեր հինչի՞ն ա է պետք վիդեոն, պերեք իզուր վիդեոյին փող չի տանք։ Տրան տեղ 2 ֆոտոգրաֆ պիրինք,-ասեցին գրեթե բոլոր դասարանցիները։
-Չէ, բիդի մեր վերջին զանգը նկարվե։ Պա վեր մեզ խոխեք ինին ուրանց հինչը՞նք նհաշ տլան։Եթե տուք օզումչք,սաղեդ տղ ես փողը տլանում,դիսկերը յոր օնիմ։ Հանցու խոխոցս նհաշ տամ,ասիմ հասեք պապան վերջին զանգավը, -ասաց Արմանը։
Ու քանի որ բոլորը սիրում ու հարգում էին Արմանին, որոշում են, որ նա է ճիշտը։
Հիմա Արմանի նկարին նայելով հարց են տալիս` Արմա՜ն, բա հիմա ո՞վ պիտի նայի վերջին զանգդ…
Աշունն այսքան դաժան գտնվեց։ Ճարտարի երկնակամարը կրկին սևացավ` սգալով հարազատ որդիների ու Արմանի կորուստը։
Վովա ԱՐԶՈԻՄԱՆՅԱՆ