Երեկ՝ Մոսկվայում ՀՀ դեսպանության դիմաց տեղի ունեցած բողոքի ցույցին առնչվող դիմումը, որով Ռուսաստանում գրանցված մի շարք հայկական կազմակերպություններ պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը, կազմակերպիչների կողմից փոխանցվել է դեսպանատուն: Դեսպանությունն իր հերթին՝ ընդունված ընթացակարգի համաձայն, այն ուղարկել է ՀՀ արտգործնախարարություն: Այս մասին հայտնեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից:
Իրականացված բողոքի ցույցի շուրջ հայկական լսարանի կարծիքը միանշանակ չէր: Լսարանի մի հատված այն որակեց որպես հակահայկական, քանզի ՀՀ վարչապետը առաջին անգամ պատերազմի ավարտից հետո բանակցելու էր Ադրբեջանի նախագահի հետ, իսկ այդ պարագայում նրան, ըստ որոշ շրջանակների, անհրաժեշտ էր հայ հանրության աջակցությունը: Լսվեցին նաև կարծիքներ, թե ավելի լավ կլիներ, որ մոսկվահայերը ցույց անեին Ադրբեջանի դեսպանության դիմաց՝ Ալիևի ռազմական հանցագործությունների վրա ուշադրություն հրավիրելու նպատակով:
«Ռուսաստանի Հայերի Միավորման» (չխառնել «Ռուսաստանի Հայերի Միության» հետ) համանախագահ Դավիթ Տոնոյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենց կազմակերպությունը վերոհիշյալ ցույցին չի մասնակցել և իրենք կապ չունեն այդ միջոցառման հետ՝ զուտ տեխնիկական պատճառներով, քանի որ ի սկզբանե մասնակից չեն եղել քննարկումներին:
Կարդացեք նաև
«Դա առաջին պատճառն է: Երկրորդը՝ մենք նման որոշման չենք հանգել, որ պետք է փողոցում, նման ակցիաների միջոցով հանրությանը կամ կոնկրետ հասցեատերերին հասցնենք մեր դիրքորոշումը: Մենք մեր վարչությունում չենք քննարկել այդ հարցը, բայց, կարծում եմ, իմ գործընկերները կհամաձայնեն իմ հետ, որ ճիշտ չի հավաքվել դեսպանատան մոտ: Խոսքը մեթոդի մասին է՝ ոչ թե բովանդակության: Բովանդակության հետ կապված մենք համամիտ ենք: Մենք մեր կազմակերպության անունից հրապարակել ենք պաշտոնական դիրքորոշում, որը համընկնում է երեկվա ակցիայի պահանջին: Այդ փաստաթուղթը մենք ուղարկել ենք նաև ՀՀ վարչապետի աշխատակազմ: Մենք գտնում ենք, որ պետք է ստիպել ՀՀ ղեկավարությանը հրաժարվելու հակահայկական օրակարգից: Փաշինյանի հետ դա չի ստացվում: Երկու ամիս անց, նույնիսկ, չեն վերադարձվել ռազմագերիներն և բոլոր զոհվածների մարմինները: Ու եթե, այդ ամենով հանդերձ, մենք ստորագրում ենք այն ամենի տակ ինչ առաջարկում է Մոսկվան կամ Ադրբեջանը, ապա մեր ինչի՞ն է պետք նման ղեկավար, որը ոչ մի հարց չի կարողանում լուծել »,- ասում է Դ. Տոնոյանը:
Հարցին, թե համամի՞տ է արդյոք, պարոն Տոնոյանը այն կարծիքին, թե պետք էր ցույց անել ոչ թե ՀՀ վարչապետի դեմ, այլ Ադրբեջանի նախագահի, վերջինս պատասխանեց, որ միգուցե պետք է նաև ակցիա կազմակերպել Ալիևի դեմ, բայց մի միջոցառումը մյուսի հետ կապ չունի և դրանք չեն հակասում միմյանց:
«Ասենք, եթե մենք ինչ-որ հարցով համաձայն չենք մեր երկրի ղեկավարության հետ, դա նշանակում է, որ մենք համաձայն ենք թշնամի երկրի ղեկավարի հե՞տ: Կամ դա նշանակում է, որ մենք մեր ներքին խնդիրների հետ կապված ոչ մի դիրքորոշում չպե՞տք է արտահայտենք: Այդպես չէ: Այստեղ այլ խնդիր է: Հիմա՝ կապված համավարակի հետ, մենք հնարավորություն չունենք Մոսկվայի քաղաքային իշխանություններից ստանալու թույլտվություն՝ ակցիաներ կազմակերպելու համար: Իսկ մարդկանց հանել փողոց ու պատասխանատվություն չկրել նրանց համար, կարծում եմ ճիշտ չէ: Դա է պատճառը, որ մենք չենք էլ դիտարկել փողոցի տարբերակը:
Եթե խոսենք հայկական կազմակերպությունների անունից, որոնք այս ողջ ընթացքում ակտիվորեն ընդգրկված են եղել Հայաստանին և Արցախին հումանիտար օգնություն տրամադրելու գործում, ապա ես իրենց կողմից չեմ տեսել վստահություն այսօրվա կառավարության հանդեպ: Հիասթափությունը ամենաքիչն է, որ կա այստեղի շրջանակներում: Եթե հաշվի առնենք, թե ինչ պայմաններում է Ռուսաստանի հայությունը աշխատել այս ընթացքում՝ համավարակ, օդային հաղորդակցության սահմանափակումներ, Լարսի հետ կապված բարդությունները, ապա հասկանալի կդառնա մեր ընդդիմությունը, քանի որ այստեղից ուղարկված օգնությունը Հայաստանում վատ իրականացված կազմակերպչական աշխատանքների շնորհիվ՝ ժամանակին տեղ չէր հասնում, շաբաթներով մնում էր պահեստներում և այլն: Եվ դա պատճառներից մեկն էր, որ ես իմ ընկերների հետ մեկնեցինք Հայաստան, որ կարողանանք ուղարկված օգնությունը ժամանակին հասցնենք սահման և Արցախից տեղափոխված ժողովրդին»,- ասում է Տոնոյանը:
«Հայ դատի» Մոսկվայի գրասենյակի ղեկավար Ներսես Ներսեսյանի կարծիքով, երեկվա ցույցի մեջ հակահայկական ոչինչ չկար, քանի որ այն ուներ կոնկրետ ազդակ: Ըստ նրա, Հայաստանի անունից Ալիևը չէ, որ ստորագրում է փաստաթղթեր, դրանք ստորագրում է ՀՀ վարչապետ Փաշինյանը, որը, իրենց կարծիքով, այս պահին ի վիճակի չէ բանակցելու թե հոգեբանորեն, թե բարոյապես, թե իրավական տեսանկյունից:
«Ցանկացած միջազգային փաստաթուղթ՝ համաձայն ՀՀ սահմանադրության, պետք է անցնի որոշակի ընթացակարգ մինչ ստորագրվելը՝ առավել ևս նման մակարդակի փաստաթուղթը: Մի երկրի վարչապետ, որը չի վայելում պետական հաստատությունների, նախագահի, կաթողիկոսի, ընդդիմության, արտախորհրդարանական ուժերի վստահությունը, չի կարող գալ ու ստորագրել ինչ-ինչ փաստաթղթեր, դա մենք համարում ենք անթույլատրելի: Սրա դեմ էր ուղղված ակցիան: Եթե Ալիևը գար Հայաստանի անունից ստորագրելու, Ալիևի դեմ կպայքարեինք: Մենք Ալիևին չենք կարող ասել՝ եթե Հայաստանի անունից ստորագրողը գա, հանկարծ իր հետ թուղթ չստորագրես»:
Ըստ պարոն Ներսեսյանի երեկվա ցույցի կարևորագույն ազդակներից մեկն էլ այն էր, որ մենք վաղ թե ուշ վերադառնալու ենք այդ համաձայնագրերի և փաստաթղթերի իրավաչափությունը քննարկելուն: Եվ հիմա իրականացվում է փաստահավաք աշխատանք այս առումով, որ երբ գա այդ պահը և քննարկվի, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը իրավասո՞ւ էր ստորագրելու նման թղթերի տակ, այդ ժամանակ այս ակցիայի փաստն էլ վեր կհանվի արխիվից և կներկայացվի որպես ապացույց, որ ժողովրդի մի հատվածը դեմ է եղել, չի տվել նրան նման լիազորություններ:
«Այսինքն, մենք պայքարում ենք նրա ստորագրությունները լեգիտիմացնելու դեմ»,- եզրափակեց Ն. Ներսեսյանը:
«Ռուսսիա-Արմենիա ինֆո» լրատվական կայքի խմբագիր, Հայ-ռուսական կազմակերպությունների (կազմում ընդգրկված են 10-ից ավել հասարակական կազմակերպություններ), համակարգող խորհրդի համանախագահ Արամ Խաչատրյանը ասում է, որ իրենք տեղեկացված են եղել կազմակերպվող ակցիայի մասին և, չնայած, ֆիզիկական ներկայություն ապահովել չեն կարողացել՝ տեխնիկական խնդիրների պատճառով, սակայն, տվել են իրենց համաձայնությունն այդ միջոցառմանը:
«Մենք մեր անունից հայտարարում ենք, որ պետության ղեկավարը, որը պարտվել է պատերազմում և նրա պատճառով Հայաստանը կնքել է նման խայտառակ համաձայնագիր, իրավունք չունի ներկայացնելու Հայաստանը: Նա պարտության սիմվոլն է, նա պետք է հրաժարական տա: Պետք է ընտրել ժամանակավոր առաջնորդ, որը կմիավորի ոչ միայն Հայաստանի հանրությանը, այլ նաև՝ Սփյուռքի, որից հետո կլինեն ընտրություններ», – ասում է Արամ Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է Ալիևի դեմ միտինգ կազմակերպելուն, ըստ մեր զրուցակցի, դա անհնար է այս պահին անել զուտ տեխնիկական պատճառներով: Ռուսաստանի Դաշնությունում գործում են խիստ կանոններ հանրային միջոցառումների կազմակերպման առումով, իսկ այս պահին՝ համավարակի պատճառով, դրանք էլ ավելի են խստացվել: Բացի դա, պետք է հաշվի առնել, որ այցը անմիջապես տոներից հետո էր և անհնար էր աշխատանքներ տանել Ալիևի դեմ ակցիա կազմակերպելու ուղղությամբ:
«Ես այդ ակցիայի մեջ ոչ մի ամոթալի կամ հակահայկական բան չեմ տեսնում: Մոսկվայի հայ համայնքը այդ կերպ արտահայտեց իր վերաբերմունքը ՀՀ ներկայիս կառավարությանը և ցույց տվեց իր դիրքորոշումը: Մեզ համար, օրինակ, հետաքրքիր է, թե ի՞նչու մեր օգնությունը, գումարները, որոնք փոխանցվեցին Համահայկական հիմնադրամին չծառայեցին իրենց նպատակին: Մեզ համար դա շատ վիրավորական է: Մենք այդ գումարներն ուղարկել էինք Արցախի խնդիրները հոգալու համար, այլ ոչ թե ՀՀ կառավարության: Բոլորի մոտ կա հիասթափություն և վրդովմունք: Կան կազմակերպություններ և համայնքներ, որոնցից յուրաքանչյուրը 300 միլիոն ռուբլի են փոխանցել Հիմնադրամին և մենք չգիտենք, թե ի՞նչ եղան այդ գումարները, ինչո՞ւ տրվեցին կառավարությանը: Սփյուռքը միշտ արել և անում է ամեն հնարավորը Հայաստանին օգնելու համար՝ թե ֆինանսական, թե տեղեկատվական, թե հասարակական աշխատանքների առումով, սակայն, հենց մենք ցանկանում ենք որևէ հարցի շուրջ կարծիք հայտնել, մեզ ասում են իրավունք չունեք, լռեք: Այդպես չի լինում, դա վիրավորական է»,-եզրափակեց պարոն Խաչատրյանը:
Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Մոսկվա