Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես իմ ձեռքով գերեզմանը կքանդեմ, համաձայն եմ արտաշիրման, ճշմարտությունն եմ ուզում»․ սպանված Ավետիսյանների դուստրերի պահանջը

Հունվար 12,2021 17:48

Վեց տարի առաջ գիշերով իրենց իսկ տանը սպանդի ենթարկված Ավետիսյանների դուստրերը՝ Անահիտն ու Լուսինեն, ընտանիքի անդամների սպանությունը համարում են չբացահայտված ու պահանջում են վերաբացել գործը՝ պարզելու՝ ով է հանցագործության հետևում թաքնված, Վալերի Պերմյակովից բացի՝ ովքե՞ր են եղել, քանի՞ հոգով են տուն ներխուժել։

«Գործը քողարկեցին, ոչ մի ստույգ պատասխան չլսեցինք, Պերմյակովին դրեցին, տարան , արդյո՞ք տարան, ո՞ւր տարան․․․ Ես էսօր տեղյա՞կ եմ՝ ուր են տարել, Ռուսաստանը փակ է։ Ես չեմ կարող գնալ, տեսնել՝ արդյոք Պերմյակովը բանտի խցո՞ւմ է, կամ էլ ինչ գիտեք, կարող է այդ օրը կմտցնեն, կասեն՝ այստեղ նստած է, իր պատիժը կրում է։ Ինձ դա չի գոհացնում, թող տային, ես հրապարակում վառեի իրեն, ինչո՞ւ տարան․․․»,- ասում է Լուսինե Ավետիսյանը։

Նա նաև կասկած է հայտնում՝ արդյո՞ք միայն Պերմյակովն է մարդասպանը։

«Ես ցանկանում եմ գործը վերաբացել, անգամ համաձայն եմ արտաշիրման, ես իմ ձեռքով գերեզմանը կքանդեմ: Ես ուզում եմ ճշմարտությունն իմանալ, ինձ ուրիշ ոչ մի բան պետք չէ այս կյանքում։

Այդ դատավարությունը՝ սկզբից մինչև վերջ, մեզ չի գոհացրել, մենք արդեն վեց տարի նույն բանն ասում ենք։ Ուղղակի չունեմ ֆինանսական հնարավորություն, որ գործն իմ ձեռքով հանձնեմ Եվրադատարան ու մտածեմ՝ արդեն հանձնվել է դատարան։

Ես չգիտեմ՝ կա՞ թուղթ, որ գործը հասել է՝ Եվրադատարան, ընդունվել է, ու վարույթը հասել է այսինչ կետի։ Կա՞ նման թուղթ, եթե կա, տվեք, ես էլ տեսնեմ», -ասում է Լուսինե Ավետիսյանը։

Վերջինս նշում է՝ Վալերի Պերմյակովն այնքան վախկոտ է, որ դժվար թե միայնակ գործեր։

«Նա մենակ չէր կարող այդքան բանն աներ։ Նա էնքան վախկոտ էր, որ ես դատարանում իր ոտքին խփեցի, վախից չգիտեր՝ ինչ ծակ ման գար, մտներ։ Ինքը մասնակից եղել է, բայց մենակ չի եղել, ինքը երևի թե մեջների ամենահավն է եղել, դրեցին իր ուսերին», -ասում է Լուսինե Ավետիսյանը։

Անահիտ Ավետիսյանն էլ հավելեց․ «Ո՞ր մի հանցագործն է իրերը թողնում, որ իրեն շուտ գտնեն, ո՞ր մեկը, կասե՞ք»։

Նա նաև նշում է,որ իրենց բոլոր հարցերը մնացին անպատասխան, ինչպես ուզեցին, այնպես էլ արեցին․ ինչո՞ւ Պերմյակովին տեղափոխեցին Ռուսաստանի Դաշնություն՝ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու։

Ավետիսյանների դուստրերը նշում են, որ հանցագործությունը մի զենքով կատարված չէ․ նախ անհրաժեշտ է սա բացահայտել․ կրակոցները տարբեր զենքերից են։
«Մի զենքով կարող էր մի հոգուն կրակել, բայց մտնել, բոլորին միանգամից կրակել։ Ո՞նց կարող էր այդպես լինել, հեքիա՞թ էր, կինո՞ էր․․․»,-ասում է Լուսինե Ավետիսյանը։

Անահիտ Ավետիսյանն էլ ասում է․ «Բոլորը մտածում են՝ վեց տարի է անցել, ամեն ինչ մոռացվել է։ Հնարավոր է ուրիշները մոռանան, բայց մեզ մոտ նույն թարմ հիշողությունն է»։

Լուսինե Ավետիսյանի ասելով էլ՝ քանի գնում, այնքան ավելի ես զգում, որ այս կյանքում մենակ ես։

«Ավելի ես զգում եղբորդ կարիքը, կողքից տեսնում ես, մեկն իր երեխուն ասում է՝ քեռիդ է, բռնի ձեռքը, իսկ քո երեխան քեռի չունի, որ ձեռքը բռնի, ունեցել ես ու այսօր չունես։ Կողքից խոսում են, ասում են քեռին, իմ երեխան ընդամենը երկու տարեկան է, ասում է՝ ես էլ քեռի ունեմ, ինքը երկնքից ինձ է նայում։ Դե տվեք իմ ընտանիքին ինձ, իմ յոթին»,-արտասվում է Լուսինե Ավետիսյանը։

Նրանք չեն հավատում, որ սպանությունը կատարվել է գումար հափշտակելու համար։

«Փողի համա՞ր, այս տունը փող կունենա՞․․․ Այս տանը մտածել են՝ գազը մի քիչ կամաց վառենք, որ հանկարծ շատ չգրի, ոչինչ որ սենյակի պատերից ջուրը կգնա։ Այդպիսի ընտանիք էր, ինչո՞ւ պիտի գային, փողի համար սպանեին»։

Նրանց համար այս պատմությունը մութ է, առեղծվածային։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031