«Ռազմական գերիները կամ քաղաքացիական գերիները պատերազմական կամ ռազմական գործողությունների դադարից հետո պարտադիր պետք է ազատ արձակվեն և վերադարձվեն իրենց երկրներ»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա ընդգծեց, որ գերիների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելն արգելվում է և նրանց կալանավորելը դիտվում է որպես պատիժ․ «Այս հարցերի արհեստական ձգձգումը նույնպես արգելվում է և դա նույնպես, ըստ էության, պատերազմական հանցագործություն է։ Այս ամենը ամրագրված է միջազգային կոնվենցիաներով և հատկապես՝ 1949 թվականի Ժնևի 3-րդ կոնվենցիայով, որի պահանջները տարածելի են նաև Ադրբեջանի նկատմամբ»։
Արման Թաթոյանը շեշտեց, որ գերիների հետ կապված հարցերի քաղաքականությունը անթույլատրելի է․ «Մենք պատերազմական գործողություններից հետո ունեցանք գերևարումների դեպքեր ադրբեջանցիների կողմից, մենք ունենք նաև մի մասի վերադարձը։ Իրենք ձերբակալել են մեր հայրենակիցներին, մեր տղաներին, այդ կերպ փորձում են ձգձգել, որովհետև եթե հիմա վարույթներ իրականացրեցին, պարզ է, չէ՞, որ երկար գործընթաց է լինելու՝ կարող է լինել 1 տարի, 2 տարի, չգիտեմ՝ ինչքան կարող է լինել։ Իրենք իրականացնում են իրավական գործընթացների բացահայտ չարաշահում։ Արհեստական ձգձգելը, ես կարծում եմ, որ փորձ է արվում քողարկել, այդ կերպ՝ իրավական, արհեստական գործընթացներով քողարկում են նրանց վերադարձի հարցերը։ Ավելին ասեմ՝ իրենք փորձում են մեր տղաների ձերբակալումը, որ իբր թե Հայաստանը այդ կերպ խախտել է եռակողմ հայտարարությունը։ Ես ուզում եմ ասել, որ հենց ադրբեջանական իշխանության մարմիններն են խախտել այդ եռակողմ հայտարարությունը, որովհետև պրակտիկան ցույց է տալիս, որ իրենց պահվածքը հակասում է այդ հայտարարությունը ստորագրած երեք կողմերի մտադրություններին»։
Արման Թաթոյանը կարծում է, որ Ադրբեջանը ակնհայտորեն ձգձգում է գերիների վերադարձը, այդ կերպ նպատակ ունեն հայ հասարակությանը հոգեկան տառապանքներ պատճառել, հատկապես՝ գերիների ընտանիքներին․ «Այս գերիների հետ կապված հարցի հրատապությունը նաև կապված է այն թշնամանքի քարոզի, հայատյացության քաղաքականության հետ, որը Ադրբեջանում կա, և դա ոչ միայն չի դադարել, այլ պատերազմից հետո ավելի է խորացել․ «Օրինակ՝ ակնհայտ է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների՝ դեկտեմբերի 10-ի ելույթը՝ Բաքվում ռազմական միջոցառման ժամանակ, դրանից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ղեկավարի խոսքերը, այս վերջում՝ 2021 թվականին 2020 թվականը ամփոփող ելույթը, որտեղ այդ հռետորաբանությունը ամբողջությամբ նպատակ ունի վիրավորել հայ ժողովրդի արժանապատվությունը և ցեղասպանության սպառնալիքներով է ամբողջությամբ»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ