Կարանտինային փուլից, երկար արձակուրդային շրջանից հետո շատ երեխաներ դպրոց են հաճախում դժվարությամբ: Շատ ծնողներ չգիտեն՝ ինչպես վարվեն իրենց երեխաների հետ. մի կողմից հասկանում են կրթության կարևորությունը, մյուս կողմից չեն ցանկանում, որ երեխաների համար դպրոց գնալը լինի սթրեսային:
Aravot.am-ի Ֆեմինի նախագծի շրջանակներում ներկայացնում ենք բրիտանացի գիտնական Վանեսսա Լապուանտի խորհուրդները ծնողներին, թե ինչպես նվազեցնել բացասական ազդեցությունը:
Ըստ նրա՝ դպրոց հաճախելն իրականում երեխայի համար բավականին բարդ աշխատանք է: Անգամ, եթե երեխան դպրոցում ունի շատ ընկերներ և հետաքրքիր զբաղմունք ու հանձնարարություններ, միևնույն է, աշխատանքը երեխայի մոտ կարող է առաջացնել սթրես: Իսկ սթրեսը կարող է տանը դրսևորվել հիստերիայի և կոնֆլիկտների տեսքով:
Հաճախ ծնողներն այս երևույթին միակողմանի են նայում՝ միայն իրենց դիտակետից: Մինչդեռ պետք է ընդունել, որ երեխան բազում խնդիրների է հանդիպում դպրոցում, որոնք պետք է միայնակ լուծի. ստիպված է լուռ, հանգիստ նստել դասերին, ենթարկվել, երբեմն պետք է հիասթափությունների հետ համակերպվել, եթե այս ամենի հետ ցածր գնահատական էլ ստանա, հաստատ տանը լսելու է ծնողների դժգոհությունները: Ուստի շատերին թվում է՝ երեխան սպասում է, թե երբ է դպրոցից տուն վերադառնալու, բայց իրականում հաճախ նրանք խուսափում են նաև ծնողներից, քանի որ գիտեն՝ ծնողներն էլ իրենց չեն հասկանալու:
Կարդացեք նաև
Այսպիսի իրավիճակներից խուսափելու համար և երեխային սրտակից ծնող լինելու համար Վանեսսա Լապուանտը մի քանի մեթոդ է առաջարկում ծնողներին:
Ամենակարևորը երեխային շատ ժամանակ հատկացնելն է: Օրինակ՝ կարող եք առավոտյան 15 րոպե շուտ արթնանալ, որ ավելի երկար ժամանակ լինեք երեխայի կողքին: Երեխային գրկեք, նրա հետ կատակեք, միասին նախաճաշեք, հետո նրան ճանապարհեք դպրոց:
Փորձեք տպավորություն ստեղծել երեխայի մոտ, որ Դուք նրա հետ դպրոցում եք: Իհարկե, երեխայի հետ դպրոց գնալ չեք կարող, բայց կարող եք օրինակ` նրա տետրի մեջ դնել մի բացիկ, կամ երկտող, որի վրա սրտիկ եք նկարել:
Երեխայի հետ բաժանումն էլ կարելի է այնպես կազմակերպել, որ այն բացասաբար չազդի երեխայի վրա: Օրինակ՝ բաժանման ժամանակ պետք չէ կենտրոնանալ բաժանման փաստի վրա, երեխային համոզել, թե ինչ լավ է դպրոցում, այլ ուղղակի կարելի է ասել՝ քեզ լավ օր դպրոցում, երբ ես գամ քեզ դպրոցից տուն տանելու, կարող ենք սրճարան կամ խաղահրապարակ գնալ:
Պահպանեք արարողակարգը: Հոգեբանն առաջարկում է առավոտյան արարողակարգ պահպանել, երբ ծնողն ու երեխան նախաճաշում են, իրար լավ օր մաղթում, հետո կատարել վերադարձի արարողակարգ: Այս ամենն ամրացնում է երեխա-ծնող կապերը:
Զգացմունքների համար ստեղծեք տարածություն: Երբ երեխան նյարդային է ու բարկացած, իրեն լավ չի պահում, դրա պատճառը ոչ թե այն է, որ նա վատ երեխա է, այլ որովհետև նա ուշադրության, հոգատարության կարիք է զգում:Հոգեբանը խորհուրդ է տալիս երեխայի՝ տուն վերադառնալիս, երբ նա իրեն անհանգիստ ու լարված է պահում, ոչ թե նրա վրա գոռալ, բարկանալ, այլ փորձել սրտակցել, հասկանալ նրան: Օրինակ՝ կարող եք դիմելով երեխային ասել. «Գիտեմ, բարդ օր ես ունեցել, երևի լավ հոգնել ես, չէ՞: Ես քեզ հասկանում եմ: Երբեմն այնպես է ամեն ինչ փոխվում, որ ցանկություն է առաջանում գոչել, բայց ոչինչ, մենք միասին կհաղթահարենք»:
Հոգեբանը վստահեցնում է՝ այս մեթոդները կիրառելու շնորհիվ երեխան աստիճանաբար ավելի հաճույքով կգնա դպրոց, իսկ դասերից հետո ուրախ կվազի Ձեր գիրկը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ