Լրահոս
Օրվա լրահոսը

Վեց տարի անց նորից բացվեցին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների տան դռները (Ֆոտոշարք)

Հունվար 12,2021 17:14

Այսօր լրացավ Գյումրու Արցախ թաղամասի Մյասնիկյան փողոցի 188 տանը բնակվող Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության վեց տարին։ Հանցագործության համար ցմահ դատապարտվեց Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, որը գիշերով գազանաբար սպանդի էր ենթարկել ընտանիքի բոլոր անդամներին՝ չխնայելով անգամ մանկահասակ երեխաներին։

Վերջինս, սակայն, տեղափոխվեց ՌԴ։ Ըստ ՌԴ արդարադատության նախարարության տեղեկատվության, Պերմյակովը պատիժը կրում է ՌԴ-ի Յամալո-Նենեցկի ինքնավար մարզի թիվ 8 ուղղիչ գաղութում՝ հատուկ պահման ռեժիմում։

Այսօր Ավետիսյանների երկու դուստրերը՝ Լուսինեին և Անահիտը, բացեցին հայրական տան կողպած դռները․ ճիշտ է՝ տնից մաքրված են արյան հետքերը, սակայն այն անմխիթար վիճակում է․ խոհանոցի ու հյուրասենյակի հատակն ամբողջությամբ փտել է․ ներս մտնողը վայր է ընկնում։ Պատերը բորբոսնել են, ննջասենյակի պատերին դեռ կան կրակոցների հետքերը, իսկ խոհանոցի պատին դեռ փակցված է «Շնորհավոր Սուրբ Ծնունդ» անգլերեն լեզվով շնորհավորանքը։

Տանն ամենուր երեխաների խաղալիքներն են․ մանկասալյակի մեջ տիկնիկն է։ Տան ամեն անկյունում հանգուցյալների լուսանկարներն ու դիմանկարներն են։

Ավետիսյանների դուստրերը՝ Լուսինեն և Անահիտն, իրենց ընտանիքի անդամների սպանությունը համարում են առեղծվածային ու պահանջում են բացահայտել «կոծկված գործ»-ի մութ անկյունները, պատասխանել, թե քանի՞ հոգի են Պերմյակովի հետ մտել հայրական տուն։ Նրանք նաև հարցնում են՝ ո՞ւր է Պերմյակովը, արդյո՞ք բանտախցում է, ո՞վ թույլ տվեց առանց իրենց կարծիքը հարցնելու նրան տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն։

«Ֆինանսապես ապահովեն, որ գործը մեր ձեռքով մտցնենք դատարան, որ բոլորիս պարզ լինի՝ մութ անկյունը որտե՞ղ է կոծկված, ո՞վ է սրա հետևում թաքնված, քանի՞ հոգի են մտել այս բնակարան։ Մեր հիմնական պահանջը դա է, և մեկ էլ մեր իշխանությունները միգուցե իրենց փակ աչքերը բացեն, աթոռակռվից հետո այս տունը վերանորոգեն, որ կարողանանք մեր երեխեքի ձեռքը բռնած՝ մտնենք, ասենք՝ սա եղել է քո եղբոր, քո քրոջ, տատիկ-պապիկի սենյակը։ Ես հազիվ իմ երեք երեխաներին եմ պահում, չեմ կարող տուն վերանորոգել։ Ես իմ ապրած տունը չեմ կարող վերանորոգել, այստեղ ո՞նց վերանորոգեմ»,-ասաց Լուսինե Ավետիսյանը։

Ավետիսյանների դուստրերի պահանջը՝ քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031