Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանը թուրք-ադրբեջանական օրակարգի ծուղակում է. Նա չի կարող մերժել Պուտինին

Հունվար 12,2021 18:00

Անկարան ու Բաքուն օրակարգ են թելադրում

Թեեւ ՀՀ իշխանությունները վստահեցնում էին, թե Մոսկվայում եռակողմ հանդիպմանը չի նախատեսվում փաստաթղթի ստորագրում, փաստաթուղթ, այնուամենայնիվ, ստորագրվեց:

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին ՀՀ վարչապետի խոսնակը նշել էր. «Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որեւէ հարցի լուծմանը վերաբերվող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Եթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի, այսինքն՝ տնտեսական թեմաների, գերիների փոխանակման, անհետ կորածների հարցի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում»:

Գերիների փոխանակման հարցով Փաշինյանն ինքնն արձանագրեց, որ համաձայնությունների չի հաջողվել հասնել: Տրանսպորտային ուղիների ապաշրջափակման առումով, պարզ չէ՝ Հայաստանի իրավունքների ու պարտականությունների հարցը, սակայն Փաշինյանը ստորագրեց երկրորդ եռակողմ փաստաթուղթը:

Այսպիսով, ստեղծվել է մի իրավիճակ, երբ նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթի որոշ դրույթները չեն իրականացվում, իսկ որոշներն իրականացվում են ըստ Ադրբեջանի, Թուրքիայի եւ իհարկե, Ռուսաստանի ցանկությամբ ու թելադրանքով: Ավելին՝ գերիների, անհետ կորածների ու զոհերի դիերի հայտնաբերման գործընթացը մնալու է հայկական օրակարգում այնքան, որքան ցանկանան Ադրբեջանը, Թուրքիան ու Ռուսաստանը, իսկ սա իր հերթին նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունից այլ զիջումներ էլ կկորզվեն, օրինակ՝ մի քանի գերիների վերադարձի դիմաց:

Մոսկովյան բանակցությունների ավարտին, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարները նոր հայտարարություն են ստորագրել, ասուլիսում Ալիեւը շեշտեց, որ ղարաբաղյան խնդիրը այսուհետ պատմություն է։ Իսկ Փաշինյանն ընդգծեց, որ հակամարտությունը կարգավորված չէ եւ հարցերից մեկը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, եւ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները այս խնդրի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Թեեւ Փաշինյանն ընդգծեց, որ չի հաջողվել կարգավորել գերիների հարցը, սակայն հավելեց, որ ստորագրված համաձայնագիրը չափազանց կարեւոր է։

Կրեմլում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը տեւել է մոտ չորս ժամ, երկրորդ եռակողմ հայտարարությունը վերաբերում է Նախիջեւանի միջանցքին, ինչպես դա անվանում են ռուսական եւ ադրբեջանական կողմերը, մանրամասները, սակայն, հայտնի չեն։ Բաքուն «Նախիջեւանի միջանցք» ասելով նկատի ունի Նախիջեւանը Ադրբեջանի մնացած տարածքի հետ կապող ոչ միայն ավտոճանապարհի, այլ նաեւ երկաթուղային ճանապարհի շինարարությունը։ Օրեր առաջ Ալիեւը նշեց, թե Նախիջեւանի միջանցքի շինարարությունը կսկսվի առաջիկա օրերին եւ կտեւի մոտ երկու տարի։ Ավելի վաղ Ալիեւը հայտնել էր, թե առաջարկել է ստեղծել Նախիջեւանն Ադրբեջանի արեւմտյան հատվածին կապող միջանցք, ինչին, նրա խոսքով, դրական էին արձագանքել Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները: «Այս պահին կոնկրետ աշխատանքներ են տարվում Նախիջեւանի միջանցքի բացման ուղղությամբ: Չեմ ցանկանում իրադարձություններից առաջ ընկնել, բայց այդ միջանցքի բացումն արտացոլված է նոյեմբերի 10-ին ստորագրված համատեղ հայտարարության մեջ: Ուստի միջանցքը պարտադիր կբացվի, ինչը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում: Այդ ճանապարհից կօգտվեն ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանը եւ Իրանը: Այդ ճանապարհն առանձնահատուկ նշանակություն կունենա բազմակողմանի համագործակցության համար», ասել էր Ալիեւը 2020թ. ամփոփիչ խորհրդակցության ժամանակ:

Նկատենք, որ նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթում «Նախիջեւանի միջանցքի» մասին խոսք չկա, այնտեղ միայն նշված է տրանսպորտային հաղորդակցության անհրաժեշտության մասին, սակայն պատերազմի ավարտից անմիջապես Ադրբեջանի իշխանությունները սկսեցին խոսել «Նախիջեւանի միջանցքի» մասին՝ կապելով այն Լաչինի միջանցքի հետ։ Իսկ ահա ռուսական աղբյուրները շրջանառում են վարկած, թե ադրբեջանական կողմը ցանկանում է ոչ միայն ստեղծել նման միջանցք, այլեւ՝ ռուսական սահմանապահ զորքերի հետ միասին վերահսկել այն։

Բաքուն ու Անկարան նաեւ այլ ակնկալիքներ ունեն: Խոսքը զինված ուժերին է վերաբերում: Նոյեմբերի 10-ի հայտարարությունում նշված չէ, որ հայկական կողմը պետք է զորքերը դուրս բերի Լեռնային Ղարաբաղի՝ հայկական կողմին մնացած հատվածից, սակայն պաշտոնական Բաքուն պարբերաբար այս հարցը թեժ է պահում: Մինչդեռ Մոսկվան գերադասում է լռել:

Այս պայմաններում, մեղմ ասած, անհասկանալի է Փաշինյանի հետեւյալ արձանագրումը, որը նա արեց Պուտինի հետ հանդիպմանը. «Այն պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ամրագրված են մեր համատեղ հայտարարության մեջ, կարող են լրջորեն փոխել մեր տարածաշրջանի դիմագիծը եւ բարձրացնել ներդրումային ներուժն ու գրավչությունը»:

Հունվարի 11-ին Փաշինյանը Մոսկվայում առանձին հանդիպում ունեցավ Ռուսաստանի նախագահի հետ: Առանձնազրույցի ժամանակ Պուտինը, մասնավորապես, ասել է. «Չնայած այն խնդիրներին, որոնք Դուք նշեցիք, որոնք դեռեւս մնում են չլուծված, հույս ունեմ՝ կհաջողվի պայմանավորվել բոլոր խնդիրների շուրջ, այդ թվում՝ հումանիտար բնույթի: Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, հանդիպումն օգտակար էր նրանով, որ մենք կարողացանք կողմնորոշվել տարածաշրջանի ապագայի եւ տարածաշրջանում հարաբերությունների կառուցման շուրջ, իհարկե առաջին հերթին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»:

Պուտինը նաեւ ընդգծել է, որ «մեր հարաբերություններն անկասկած եղել եւ շարունակում են մնալ դաշնակցային, մենք հանդիսանում ենք մտերիմ գործընկերներ բազմաթիվ միջազգային կազմակերպություններում»: «Այսօր մենք շատ ենք խոսել նաեւ տնտեսության մասին: Այս կապակցությամբ ցանկանում եմ ընդգծել, որ չնայած դժվար նախորդ տարվան` 2020-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին, չնայած այդ բոլոր դժվարություններին, մենք ավելացրել ենք առեւտրաշրջանառությունը գրեթե 4՝ 3,9 տոկոսով: Այս ամենը հիմք է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորմամբ մենք կհանգենք լուծումների, որոնք կլինեն օգտակար հայ ժողովրդին, հայկական պետությանը եւ կլինեն ի օգուտ մեր երկկողմ հարաբերություններին», ասել է նա։

Այսպիսով, մոսկովյան եռակողմ հանդիպմանը չլուծվեց հայկական կողմի համար առանցքային՝ ռազմագերիների, անհետ կորածների, պատանդների փոխանակման հարցը։ Ամենացցուն խնդիրը. հայկական կողմը համարում է, որ դեռ բաց է ԼՂ կարգավիճակի հարցը, Բաքուն համարում է, որ նման հարց գոյություն չունի: Ո՞րն է հետեւաբար Կրեմլի դիրքորոշումը, ինչո՞ւ չի որեւէ քայլ արվում, պաշտոնական որեւէ արձանագրում արվում այս մասին:

Մոսկվան գնաց այլ ճանապարհով. 4 կետից բաղկացած հայտարարության տեքստ առաջարկեց կողմերին, որը վերաբերում է նոյեմբերի 10-ին ընդունված եռակողմ հայտարարության 9-րդ կետի կատարմանը, որով նախատեսվում է ապաշրջափակել տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը։ Իսկ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն առավելապես ադրբեջանական կողմին է ձեռնտու: Ստացվում է, որ Անկարան ու Բաքուն շարունակում են օրակարգ թելադրել, իսկ պաշտոնական Երեւանը, ի դեմս Փաշինյանի, ստիպված է մաս կազմել այդ օրակարգին, որովհետեւ չի կարող մերժել Պուտինին:

Ադրբեջանում հակառուսական տրամադրություններ են

Իրականում, վերջին մի քանի շաբաթներին լուրջ գործընթացներ են ընթանում, որոնք ամբողջությամբ ընդդեմ Հայաստանի շահերի են: Որքան էլ Բաքուն ու Անկարան խոսեն Հայաստանի համար ստեղծվող տրանսպորտային հնարավորությունների մասին, ընթացող պրոցեսները Հայաստանի համար վտանգավոր դրություն են:

Ադրբեջանի ու Թուրքիայի համար ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում լուրջ խնդիր է, եւ այդ դժգոհությունը նշանակալի դարձնելու հարցում, ինչպես երեւում է, նրանք որեւէ ջանք չեն խնայելու: Տարբեր միջադեպերի հղում անելով, նույնիսկ Ադրբեջանի ընդդիմադիրներն են դեմ հանդես գալիս ռուս խաղաղապահների ներկայությանը: Երկու շաբաթ առաջ, օրինակ «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին հայտարարել էր, թե նախկինում «նախազգուշացրել է Հադրութին եւ Շուշիին սպառնացող ռազմական վտանգի մասին», եւ որ՝ «ռուս խաղաղապահներն աջակցում են հայերին»: Քերիմլին կոչ էր արել հրաժարվել խաղաղապահներից. «Մեր բանակն ինքնուրույն կարող է պատժել ադրբեջանցի զինվորներն սպանողներին»: Քաղաքագետ Էլհան Շահինօղլուն ռուս խաղաղապահներին անվանել էր՝ «հայ ահաբեկիչների հովանավոր»: REAL կուսակցության ղեկավար Իլղար Մամեդովն առաջարկել էր Մոսկվայի առաջ պայման դնել՝ «խաղաղապահների թիվը պետք է կրճատվի ադրբեջանցի զինծառայողների սպանություններին համահունչ», այսինքն՝ «Եթե սպանվում է մեր մեկ զինվոր կամ սպա, ապա Ղարաբաղում խաղաղապահների թիվը կրճատվում է 200-ով: Եթե սպանվում են երկուսը, խաղաղապահների թիվը կրճատվում է 500-ով…»: Տնտեսագիտության պրոֆեսոր Ղուբաթ Իբադօղլուն համարում է. «Ռուս խաղաղապահները զբաղված են մեր տարածքներում հայկական զինված խմբերի տեղակայմամբ եւ այդ խմբերի զինմամբ: Իսկ պատգամավոր եւ քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովն էլ կոչ է արել Ադրբեջանին չթուլացնել զգոնությունը. «Պետք է շարունակել հզորացնել բանակը, բարձրանել նրա մարտունակությունը եւ զգոն լինել: Համենայն դեպս այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չի փոխվել պետական գաղափարախոսությունը»:

Ակնհայտ է, որ Բաքուն ու Անկարան Արցախում ցանկացած կրակոց, սադրանք օգտագործելու են ընդդեմ հայկական կողմի ու ռուս խաղաղապահների: Գումարած սրան, Բաքուն շարունակում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ «վերահսկողություն» իրականացնելու քաղաքական «օպերացիա» իրագործել:

Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2020թ. ամփոփիչ խորհրդակցության ժամանակ սպառնաց, որ եթե հայ պաշտոնյաները շարունակեն այցելել Լեռնային Ղարաբաղ, իրենց պատասխանը «շատ կոշտ» կլինի: Նա անդրադարձել էր ՀՀ ԱԳ նախարարի այցին Ստեփանակերտ, ասելով. «Ի՞նչ գործ կարող ես ունենալ այնտեղ: Թող նրանք չմոռանան պատերազմի «երկաթե բռունցքի» մասին: Այդ այցերը պետք է դադարեցվեն: Մենք զգուշացնում ենք, որ եթե նման սադրիչ քայլեր ձեռնարկվեն, Հայաստանն էլ ավելի կափսոսա դրա համար»: Ապա` նա հավելել էր. «…Եթե հարաբերությունները կարգավորվում են, ապա ինչո՞ւ են իրականացվում այդպիսի սադրիչ «այցեր»: Ի՞նչ են նրանք ուզում ցույց տալ: Նորի՞ց են ուզում մեզ բարկացնել: Թող չմոռանան, որ նման քայլերը նրանց վրա շատ ծանր են նստել: Բոլոր այցերը պետք է դադարեցվեն»: Ալիեւի խոսքով՝ եթե «նման քայլերը շարունակվեն, մեր պատասխանը կլինի շատ կոշտ»: «Առաջին անգամ մենք նրանց զգուշացրինք արտգործնախարարության միջոցով: Դրանից հետո զգուշացումն այլ կլինի: Նրանց ոտքն այնտեղ չպետք է լինի: Թող նստեն իրենց երկրում»,- սպառնացել է Ալիեւը: Ապա` նա հավելել է, որ մի օտարերկրյա քաղաքացի չի կարող մուտք գործել այդ տարածք՝ առանց իրենց թույլտվության. «Ոչ մի միջազգային կազմակերպություն, բացառությամբ Կարմիր Խաչի, չի կարող այնտեղ գտնվել: Դա մեր տարածքն է: Ամբողջ աշխարհը այդ տարածքը ճանաչում է Ադրբեջանի անբաժան մաս»,- ասել է Ալիեւը:

Պաշտոնական Երեւանը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մակարդակով պատասխանեց Ալիեւի վերոնշյալ սպառնալիքներին: «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որեւէ սահմանափակում չի մտցնում Հայաստանի եւ Արցախի միջեւ տարբեր մակարդակներում կապերի մասով: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն ուղղված էր հրադադար հաստատելուն եւ Արցախ ռուս խաղաղապահներ տեղակայելուն, չի արձանագրում որեւէ համաձայնություն Արցախի կարգավիճակի մասով: Եվ այդ տեսակետից այն բոլոր պնդումները, որ Արցախի կարգավիճակի մասով տեղի են ունեցել փոփոխություններ, իրականությանը չեն համապատասխանում: Արցախի կարգավիճակը պետք է որոշվի խաղաղ գործընթացի արդյունքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների, ժողովուրդներին ինքնորոշման իրավունքի հիման վրա», նշել էր ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031