«Պատերազմի հետեւանքով ինչպիսի՞ տնտեսական կորուստներ ունեցանք, գնահատում եղե՞լ է, տնտեսաֆինանսական կոլապս սպասվո՞ւմ է: Բացի այդ, ինչո՞ւ նախարար փոխվեց, թերացումներ կայի՞ն»,-ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանին նման հարցադրումներ հղեց հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Վարոս Սիմոնյանը (լուսանկարում) պատասխանեց. «Նախարարի փոփոխությունը որեւէ բանով պայմանավորված չի եղել: Նախորդ նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է, որ դա պայմանավորված չէ քաղաքական պատճառով կամ որեւէ խնդրում ու ծրագրում եղած ձախողմամբ: Նոր նախարարը՝ Վահան Քերոբյանը, մասնավոր հատվածից է, որի խնդիրները լավ է պատկերացնում: Իսկ երկրի ծանր վիճակը պայմանավորված չի եղել նախորդ նախարարի գործունեությամբ, այլ եղել է կորոնավիրուս, պատերազմ»:
Ինչ վերաբերում է տնտեսական հետեւանքներին, փոխնախարարը պարզաբանեց. «Ունենալու ենք տնտեսական կորուստ, կան նախնական գնահատականներ: Կորուստները պայմանավորված չեն պատերազմական իրավիճակով: Այն խորացրեց ուղղակի եղած խնդիրները: Հումանիտար խնդիրներ էլ կան: Դժվար է լինելու, բայց չենք հուսահատվում: առաջիկայում կներկայացնենք տնտեսական քաղաքականության տեսլականը, որը կբխի մարտահրավերներից»:
Միքայել Մելքումյանն արձագանքեց, որ մինչեւ պատերազմն ու կորոնավիրուսն էլ տնտեսական քաղաքականությունը ճիշտ ուղղությամբ չեն գնացել, տնտեսական բարեփոխումներ չեն արվել, ուստի խնդիրները պետք չէ պայմանավորել միայն պատերազմով:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ