Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեր հենարանները, հոգեւոր հիմքերը մոլորյալ, թափառ վիճակում են». Լեւոն Գալստյան

Հունվար 12,2021 16:42

«Այսօր հավաքվել ենք, որպեսզի մեր ձայնը բարձրացնենք եւ կոնկրետ խնդիրներ վերհանենք ու անպայման գործնական քայլերի գնանք…Այսօրվա հիմնական թեման դավաճանությունն է, դավաճանությունը մեր երկրի, մշակույթի, կրթության, գիտության նկատմամբ, մեր երկրի բոլոր ոլորտների նկատմամբ: Մենք այսօր գտնվում ենք օրհասական վիճակում»,- հունվարի 12-ին «Մեցցո» ակումբում կայացած մշակույթի գործիչների «Ձայն հայրենյաց» նախաձեռնության երկրորդ հավաքում հայտնեց Սամվել Հարոյանը:

Աշոտ Մինասյան

Գնդապետ, գրող, հրապարակախոս Աշոտ Մինասյանը նշեց. «Կապ չունի, ես գնդապետ եմ, թե ոչ, ես ձեր զինվորն եմ, պատրաստ եմ կատարել բոլոր այն հրամանները, որոնք անհրաժեշտ են իմ հայրենիքի համար: Պետությունը մի մարմին է, մի անհատ է, մի անձ է, որը մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է պահպանել, բայց ցավոք դա չարեցինք»:

Նա ասաց, որ առաջին անգամ է նման մեծ թվով մտավորականների հանդիպում, ապա հավելեց. «Ես միշտ մտածել եմ, որ մտավորականները գրողներն են, բանաստեղծներն են, երգիչներն են, նկարիչները, քանդակագործները…Ես հասկացա, որ մտավորականը նա է, ով իր հայրենիքի զինվորն է, իսկ ես հայրենիքի զինվոր եմ…Ցավոք, բոլորս, ես էլ ձեզ հետ, չկարողացանք պայքարել ստի դեմ, որին առնչվեցինք…Ցավում եմ, բայց նաեւ կոչ եմ անում, որ իմ մտավորականը, իմ հոգեւորականը, իմ զինվորը եւ իմ մշակույթի բոլոր գործիչները մեկտեղվեն, դառնան մեկ մարդ, մեկ մարմին եւ պետություն»:

Լեւոն Գալստյան

Կինոդրամատուրգ Լեւոն Գալստյանն էլ նշեց. «Ես այսօր խոսելու եմ հենարանների մասին… առանց հենարանների ոչ մի մարմին չկա, քանդեցիք հենարանը` կփլվի շենքը: Մեր հենարաններն այսօր խարխուլ են, մեր հենարանները, հոգեւոր հիմքերը, բարոյական արժեքները, որոնց վրա դարեր շարունակ խարսխված է եղել մեր պատմությունը, այսօր գտնվում է մոլորյալ, թափառ վիճակում: Մենք այսօր պարտավոր ենք ձեւակերպել այն տեսլականը, այն գերակա գաղափարը, որը կարող է պատվար լինել, ամրացնել այն գլխավոր հենասյունը, որը մեզ կտա բացարձակ հարատեւման երաշխիք: Շատերի կարծիքով, դա անվտանգությունն է:

Պատերազմը ծանր ապտակ հասցրեց մեզ: Մենք առարկայական, թանձրացական ձեւով շոշափեցինք վտանգի մարմինը…Մենք պետք է ձեւակերպենք, թե այդ ինչ անվտանգության մասին է խոսքը, արդյոք միայն անվտանգության հայցեցակարգի՞, որտեղ հերթապահ նախադասություններ են նշված: Ոչ, սա պետք է լինի իսկապես բոլորիս համախմբող մի կարեւորագույն նպատակ, արժեք, որի շուրջ լինելու են նույնքան կարեւորագույն գաղափարներ` ազատությունն ու արդարությունը»,-ասաց կինոդրամատուրգ Լեւոն Գալստյանը:

Նրա ձեւակերպմամբ, անվտանգության մեջ էլ որոշակի վտանգ կա, եթե այն բացասականացնում ես եւ ամբողջ երկիրը, հանրային, պետական համակարգերը կառուցում ես միայն այդ տրամաբանությամբ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031