Խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի տեղեկություններով, սահմանին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԱԾ-ների ղեկավարների հանդիպմանը ռազմագերիների եւ տարածքների հարցերն են քննարկվել: Նրա կարծիքով, եթե պետք է 100 անգամ հանդիպել եւ մեկ ռազմագերի գտնել ու բերել`պետք է հանդիպել. «Եթե պետք է 100 անգամ էլ հանդիպել, որ մի եղբայրական գերեզման եւս հայտնաբերվի, որտեղ մեր զինվորներն են թաղվել ադրբեջանցիների կողմից, տեխնիկա մտցվի, հանվի այդ մարդկանց դիակներն այդտեղից, պետք է 100 անգամ էլ հանդիպել»:
Ի դեպ, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա բավական ուշագրավ տեղեկություն հայտնեց. «Հիմա դուք գիտեք, որ այդ հանդիպումների արդյունքում օրեր առաջ տեխնիկա է մտցվել եւ 14 դիակ է հանվել: Լրատվամիջոցներն ասում են 14 դիակ, բայց դա 14 պարկ է, ԴՆԹ-ով կպարզվի, թե քանի դիակ է: Ամեն ինչ պետք է անել: Եթե պետք է՝ ես էլ եմ պատրաստ գնամ հանդիպեմ»:
Պատասխանելով Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների մասին հարցին է, ընդդիմադիր գործիչն ասաց. «Ես գիտեմ, որ գերու կարգավիճակով ադրբեջանական բանտում ամեն մի օր մնալը խնդիր է մեր ազգի համար. ես եղել եմ Ադրբեջանում գերեվարված անձի փաստաբան, այդ գործը մինչեւ հիմա ՄԻԵԴ-ում քննվում է: Դա Արթուր Բադալյանի գործն է, ով Հաղարծին գյուղից գնացել էր անտառ ու գերեվարվել: Այսքանից հետո գնալ Մոսկվա, ստորագրել մի թուղթ, որտեղ չկա գերիների վերադարձի մասին ոչ մի բառ… ի՞նչ առեւտուր, ի՞նչ փող, ի՞նչ գնացք: Ես կարծում եմ, որ գերիների հարցը Մոսկվայում քննարկվել է, որովհետեւ բաց հայտարարվեց, որ չհաջողվեց հասնել համաձայնության: Չի հաջողվել՝ չստորագրեիք այդ թուղթը»:
Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաեւ Ալիեւի այն հայտարարությանը, թե Արցախի հակամարտության մասին արդեն պետք է խոսել անցյալով, որովհետեւ այն լուծվել է. «Նույնն ասում է Թուրքիան: Իրենք համարում են այս հաղթանակը որպես խնդրի կարգավորման ավարտ: Հետեւաբար խոսում են առեւտրի մասին: Մենք տեսնում ենք, որ իրենց այդ լուծելու հետեւանքով ունենք ռազմագերիներ, դիակների փոխանակման խնդիրներ: Այս հարցերը պետք է լուծումներ ստանան: Ժնեւյան կոնվենցիան ստորագրած Ադրբեջանը միջազգային հանցագործություն է կատարում՝ ռազմագերիներին չվերադարձնելով: Նաեւ ռազմագերիներին փորձում է անցկացնել որպես հանցագործներ: Հիմա մեր դիվանագետները, միջազգային կառույցներում մեր ներկայացուցիչները պետք է քուն ու դադար չունենան եւ միջազգային ճնշումը պետք է ուժեղանա Բաքվի վրա: Միջազգային հանրությունը Ադրբեջանին պետք է ասի՝ դու ասում ես, որ հաղթել ես պատերազմում, որ Արցախի խնդիրը կարգավորել ես: 21-րդ դարում 100-ից ավելի ռազմագերի պահելը ո՞րն է»:
Կարդացեք նաև
Նա տեղեկացրեց, որ դիմել էր ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեին, որ այց կատարեին Ադրբեջան, ինչի արդյունքում կարձանագրվեր նաեւ, թե քանի՞ հոգի են այնտեղ գտվող մեր գերիները, բայց իր դիմումից հետո, Ադրբեջանը կարանտին է հայտարարել ու փակել սահմանները:
Հարցին`կատարվածից հետո ինչպե՞ս վստահել միջազգային հանրությանը, նա պատասխանեց. «Խռովել միջազգային կառույցներից՝ ասելով, որ բավարարված չենք ձեր աշխատանքից, դա բերելու է նրան, որ մնալու ենք Ալիեւի հույսին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ