Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյան․ «Ադրբեջանցի զինվորները այդ ցուցանակների տեղադրումները անում են բացահայտ սադրանքների ձևով»

Հունվար 12,2021 16:18

«Սահմանների որոշման գործընթացը չի կարող ընթանալ մեխանիկական գործընթացներով»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա նշեց, որ ուսումնասիրություն են իրականացրել և օգտագործել են «Գուգլ»-ից բացի այլ մասնավոր կազմակերպությունների քարտեզներ, որոնք գյուղերը ցույց են տալիս, որ Հայաստանում են։

Նա անդրադարձավ նաև ճանապարհներին տեղադրված ադրբեջանական ցուցանակներին․ «Գորիսից Որոտան, Շուռնուխ ու Կապան ու մեր մյուս համայնքները տանող ճանապարհը 68 կմ-ոց հատվածից 21-ը, ըստ այս պահի հաշվարկի, գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Բայց խնդիրն այն է, որ մարդու իրավունքների տեսանկյունից ադրբեջանցի զինվորները այդ ցուցանակների տեղադրումները անում են բացահայտ սադրանքների ձևով, դրանից բացի նաև նրանք պարբերաբար, ինչպես մեզ վկայում են բնակիչները կարող են հայտնվել զենքի բացահայտ ցուցադրությամբ այդ ճանապարհների վրա, կանգնել ու դիտարկում իրականացնել։ Եվ այդ ճանապարհները մեր խաղաղ քաղաքացիական բնակավայրերը իրար կապող ճանապարհներ են։ Սա նույնպես առաջացել է մեխանիկական մոտեցումների կիրառման պատճառով»։

Արման Թաթոյանի խոսքով՝ Շուռնուխ գյուղում պարզապես գյուղը ճանապարհով բաժանված է երկու մասի․ «Ճանապարհի այն հատվածում, որը հայկական է, այնտեղ մեր խաղաղ բնակիչների տներ են, երեխաներ են խաղում ամեն օր ուղղակի։ Եվ այս ամենի խնդիրը նրանում է, որ ֆիզիկական անվտանգության և անձեռնմխելիության և մյուս իրավունքների տեսանկյունից, որ եթե մեր հայկական կողմում խաղաղ բնակիչներն են, ապա ադրբեջանական կողմում զինվորներն են»։

Նա ընդգծեց, որ նման իրավիճակ ոչ միայն Գորիսի խոշորացված համայնքում է, այլ նաև Կապանի օդանավակայանում․ սպառնալիքի տակ են հայտնվել Կապանի բնակելի վայրերը․ «Մենք խնդիր ունենք, երբ Կապանից գնում ենք Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ և Ծավ գյուղերը։ Ընդ որում այդ ճանապարհը այնքան կարևոր է, որ երակի նման կենսական նշանակությամբ կապում է մեր գյուղերը Կապանին։ Եվ այդ ճանապարհով, երբ որ բարձրանում ենք, մի քանի տեղ դարձյալ ադրբեջանական դրոշներ են, ադրբեջանական տարածք է համարվում, որովհետև դրոշները տեղակայված են և զինված մարդիկ են այնտեղ»։

Արման Թաթոյանը հավելեց, որ Ադրբեջանում հայատյացությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրած քաղաքականություն է․ «Ոչ միայն խրախուսվում է հայատյացությունը, մենք ի՞նչ է մոռացել ենք այդ պատերազմական հանցագործությունները մեր ժողովրդի նկատմամբ կատարել են ադրբեջանցիները, դա 200 տարի առա՞ջ էր։ Դա ընդամենը մի քանի օր առաջ էր և առանձին պատերազմական հանցագործություններով շարունակվում է։ Հետևաբար՝ մեր խաղաղ բնակիչների անվտանգության հարցերը պետք է դիտարկել սահմանների կոնտեքստում։ Դրա համար է, որ մեխանիկական մոտեցումները բացարձակ անթույլատրելի են։ Այստեղ պետք է կոնկրետ հանձնաժողովներ աշխատեն, կոնկրետ ուսումնասիրություններ, հետազոտություններ անեն»։

Խախտվում է նաև սեփականության իրավունքը․ «Նրանք ոչ միայն զրկվել են իրենց սեփական ապրուստը հոգալու հնարավորությունից և լուրջ խնդիրների առաջ են կանգնած, այլ նաև տնտեսական գործունեությունը իրականացնելու հնարավորությունից, երբ այդ վայրերում իրականացվել են խոշոր ներդրումներ։ Օրինակ՝ մենք ունենք այդ խնդիրները գրեթե բոլոր համայնքներում։ Տեղ խոշորացված համայնքում ունենք 2000-ից ավել միայն մասնավոր սեփականություն հանդիսացող հողատարածքներից զրկվել ենք»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031