«Պատերազմի հետեւանքով մի քանի տասնյակ ՀԷԿ-եր կորցրեցինք, եւ հիմա Հայաստանը պետք է էլեկտրաէներգիայով ապահովի Արցախին»,-ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին ասաց հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Հակոբ Վարդանյանն ի պատասխան նշեց, որ 2021թ.-ի համար նախատեսված՝ Արցախից ՀՀ ներկրվելիք էլեկտրաէներգիայի ծավալը կփոխարինվի ՀՀ ներքին ռեսուրսների հաշվին՝ հայաստանյան ջերմաէլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայով, որն ավելի թանկ է լինելու, քան Արցախից ներկրված էլեկտրաէներգիան:
«Այն հավասարազոր էր հայաստանյան ՀԷԿ-երի էլեկտրաէներգիայի գնին՝ +7% տեղափոխման եւ կորստի ծախսերը: Արցախն այս պահին ոչ մշտական ռեժիմով ՀՀ-ից ներմուծում է էլեկտրաէներգիա՝ էներգետիկ ռեժիմների կարգավորման առումով: Տեսականորեն տարվա կտրվածքով գուցե կարիք չլինի էլեկտրաէներգիայի ներմուծման դեպի Արցախ, որովհետեւ ժամանակ է գալիս, որ հզորությունը կարող է ամբողջությամբ աշխատել, մի մասը՝ արտահանվել ՀՀ: Իսկ այլ սեզոնի ուղղակի ներմուծվել: Երբ տարին ավարտվի, կգնահատենք՝ վերջնական կարիք կա՞, թե ոչ: Լինելու դեպքում կարիքը շատ չի լինի: Կարծում ենք՝ տարածքների կորստի պատճառով սպառման անկում կլինի, չնայած հիմա այդ միտումը չի նկատվում»,-տեղեկացրեց փոխնախարարը:
Միքայել Մելքումյանն իր հերթին համոզմունք հայտնեց՝ պետք է սառնասրտորեն գնահատել, թե թշնամուն անցած տարածքների կորստի պատճառով ՀՀ տնտեսությունն ինչ հետեւանքներ է կրելու. «Զարմանալի է, որ ասում եք, թե Արցախում էլեկտրաէներգիայի սպառման ծավալը նույնն է, ինչ մինչպատերազմյան շրջանում: Միայն Հադրութում մոտ 12 000 մարդ է ապրել, Շուշիում՝ 8000: Մի քանի հազար էլ Քարվաճառում եւ Բերձորում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ