«Ես բացի պաշտոնականից, այլ բան ասել չեմ կարող»,- խորհրդարանում այսպես արձագանքեց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը Aravot.am-ի հարցին, եթե գերիների խնդիրը մեզ համար անկյունաքարային է, ինչպես Մոսկվա մեկնելուց առաջ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, ապա ինչո՞ւ Մոսկվայում չհաջողվեց այդ հարցով գոնե կես քայլ առաջ գնալ:
Թե ինչո՞ւ ադրբեջանական կողմը չի համաձայնում վերադարձնել հայ գերիներին, ինչո՞ւ են հայտարարում, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո գերեվարվածները ահաբեկիչներ են եւ արդեն գործընթաց են սկսել այդ ուղղությամբ, ինչո՞ւ է հայկական կողմը շատ արագ համաձայնում ապաշրջափակման, տարածքներ զիջելու հարցերին`իշխող ուժի պատգամավորը պատասխաններ չունի: Բոլոր հարցերին նա նույն պատասխանը տվեց:
Իսկ մոսկովյան հայտարարության մասին, որն իր որոշ գործընկերներ շտապեցին Հայաստանի համար դիվանագիտական ձեռքբերում որակել, Համազասպ Դանիելյանն ասաց. «Ես կարծում եմ, որ դեռ վաղ է խոսել դիվանագիտական հաջողությունների մասին»: Թե ի՞նչ է ակնկալում Հայաստանը ապաշրջափակումից կամ ի՞նչ է սպասվում այդ փաստաթղթի արդյունքում, Համազասպ Դանիելյանը չգիտի. թիմի ներսում քննարկումներ չեն եղել:
Հարցին`կարծում եք, որ առանց գերիների վերադարձման, այս փուլում հնարավո՞ր է ապաշրջափակումը, նա պատասխանեց, որ գերիների վերադարձը առանցքային հարց է եւ դրա շուրջ պետք է կենտրոնանան խոսակցությունները: Նկատում է, որ երեկ Մոսկվայում, այդ հարցի մասին երեք անգամ խոսվել է: Aravot.am-ի դիտարկմանը`սակայն հարցը չի լուծվում, ինչպես վերջում Նիկոլ Փաշինյանը խոստովանեց եւ հարցին`ո՞ւմ հետ է հայկական կողմը հույսեր կապում`հարցի լուծման առումով, նա պատասխանեց. «Երեք կողմերի»: Մյուս դիտարկմանը`որոնցից մեկը շատ վճռական մերժում է հարցի լուծումը, իշխանական պատգամավորը հակադարձեց. «Դա այս պահի դրությամբ»:
Կարդացեք նաև
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ