«Ռազմագերիների հարցը, մարմինների որոնողական եւ այս տեսակի հումանիտար հարցերը մեր կառավարութան համար առաջնահերթություն են եւ բոլոր տեղերում, որտեղ մենք կխոսենք ապաշրջափակման կամ այլ բաների մասին, այս հարցը մեզ համար առաջնահերթություն է: Հույս ունենք, որ այդ հարցերը շատ արագ կլուծվեն: Սա գործընթաց է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը`պատասխանելով Aravot.am-ի հարցին`մինչ երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումը, Նիկոլ Փաշինյանը եւ նրա խոսնակ Մանե Գեւորգյանը գրառումներ կատարեցին, թե այդ հանդիպման օրակարգում Հայաստանի համար անկյունաքարային է գերիների վերադարձի հարցը, սակայն արդեն հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ այդ հարցը լուծել հնարավոր չեղավ. ինչո՞ւ:
Իշխանական պատգամավորը չի կիսում դիտարկումները, որ մնացյալ քայլերը, որոնք պետք է կատարվեն`շատ արագ իրականություն են դառնում, սակայն ռազմագերիների վերադարձի մասով անգամ նոյեմբերի 9-10-ի հայտարարությունում ժամկետներ չկան: Պատգամավորը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն ասել է`այդ հարցը մեզ համար անկյունաքարային է եւ, որ ՌԴ-ն աջակից է մեզ այդ հարցում եւ արագ հեռացավ`չպատասխանելով ռազմագերիների վերադարձին վերաբերող այլ հարցերի:
Մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Ի դեպ, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն էլ այսօր հրաժարվեց մոսկովյան համաձայնության եւ դրանից սպասվելիք տնտեսական ակնկալիքների մասին լրագրողների հարցերին պատասխանել: Ասաց`հարցազրույցներ տալիս է բացառապես նախնական պայմանավորվածություններից հետո: Իսկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նաեւ «ագրեսիվ» անվանեց լրագրողներին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ