Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչը և պահանջվում էր ստորագրել. Մոսկվայում Փաշինյանին տիրելը, պարզվեց, այնքան էլ բարդ չէր. «Կոմերսանտ»

Հունվար 12,2021 15:26

Հունվարի 11-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպեց Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ: «Կոմերսանտի» հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը «Ինչը և պահանջվում էր ստորագրել» վերտառությամբ հոդվածում ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ մոտ 4 ժամ տևած բանակցություններից հետո ստորագրվեց հայտարարություն, որը նախքան բանակցությունների սկիզբը Նիկոլ Փաշինյանը չէր պատրաստվում ստորագրել:

Վստահություն, որ Հայաստանի վարչապետը կժամանի Մոսկվա, չկար անգամ բանակցությունների օրը՝ առավոտյան: Անգամ նրա անձնական պատրաստակամությունը վճռական ապացույց չէր: Հայաստանից կցկտուր տեղեկություններ էին հասնում, օրինակ, որ որոշ հայ էնտուզիաստներ փորձում են խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի թռիչքը, գրում է Կոլեսնիկովը:

Բայց արդեն մոտ ժամը 11-ին Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ժամանեցին Մոսկվա:

Ինչպես հայտնի է, նրանք, ովքեր անձնապես հանդիպում են Վլադիմիր Պուտինին, պարտավոր են մնալ ինքնամեկուսացված, բայց Փաշինյանի և Ալիևի դեպքում այդպես չէր:

«Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ինձ հայտնել է, որ մի խումբ ռուս բժիշկներ Մոսկվայի հանդիպումից առաջ մեկնել են երկուսի մոտ էլ (նկատի ունի երկու ղեկավարների-խմբ.), բայց թե ինչու՝ հրաժարվեց պատմել՝ հիմնավորելով, որ մինչև հունվարի 16-ն ինքն արձակուրդում է,- գրում է Կոլեսնիկովը և ենթադրում. հազիվ թե ռուս մասնագետները վստահեին հայ և ադրբեջանցի գործընկերների հմտությանը և նրանց անցկացրած կորոնավիրուսի ՌՆԹ և հակամարմինների թեստերի արդյունքներին… Նրանք պետք է իրենք թեստ անեին»:

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը, հանդիպելով Կրեմլի Ներկայացուցչական աշխատասենյակում, սեղմեցին միայն Ռուսաստանի նախագահի, բայց ոչ միմյանց ձեռքը (դա արդեն չափից շատ կլիներ), շարունակում է հոդվածագիրը: Երևում էր, որ Իլհամ Ալիևը, մոտենալով Վլադիմիր Պուտինին, ցանկանում էր բավարարվել մեկնած ձեռքով, քանի որ կարծես չէր պատկերացնում ռուս գործընկերոջ արարողակարգային հյուրընկալության սահմանները, բայց տեսնելով, որ Վլադիմիր Պուտինը ձգվում է դեպի իրեն, մեծ խանդավառությամբ արձագանքեց և ողջագուրվեց Ռուսաստանի նախագահի հետ: Նույնը եղավ Հայաստանի վարչապետի հետ, որը աշխատասենյակ մտավ մի փոքր հետո:

Ընդ որում` Ադրբեջանի նախագահը չձևացրեց, թե Հայաստանի վարչապետը սենյակում չէ, և մեծահոգաբար գլխով արեց: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նույնպես բարևեց, չնայած ոչ ցուցադրական, բայց կարծես քթի տակ:

Հենց նրանք տեղավորվեցին (անվտանգ տարածության վրա, և հազիվ թե այդտեղ գլխավոր նկատառումը սոցիալական տարածությունն էր), պարոն Փաշինյանին բերեցին իր պայուսակը, որից նա, դեռ նախքան Վլադիմիր Պուտինը կսկսեր խոսել, սկսեց գրեթե տենդագին ինչ-որ թղթեր հանել, չիմանալով երևի, որ Ռուսաստանի նախագահի բացման խոսքից հետո նրանք բոլորը պետք է անցնեն կողքի սենյակ, ուստի ստիպված էր կրկին հավաքել և տեղավորել թղթերը պայուսակում, հեգնում է հոդվածագիրը:

Իլհամ Ալիևին թղթեր պետք չէին. ինչպես միշտ, նրա մոտ ամեն ինչ գլխում էր: Եվ իսկապես, մի՞թե դժվար էր հիշել Լեռնային Ղարաբաղի հետ գրավված շրջանների անունները: Իսկ նրա համար, հասկանալի պատճառներով, որևէ էական բան չէր կարող լինել: Եվ բանակցությունների նպատակը էլ նրա համար հաղթանակն առավել հիմնավոր կերպով արձանագրելն էր:

Թե որն էր Նիկոլ Փաշինյանի նպատակը, կարող է ասել միայն ինքը: Հայաստանում իր համակիրներին և ընդդիմադիրներին համենայն դեպս նա մեկնելուց առաջ ասել էր, որ պետք է դուրս բերել հայ առյուծներին ադրբեջանական գերությունից և դրա համար ինքը պատրաստ է հանդիպել անգամ սատանայի հետ:

Ընդ որում, շատերն այդ փաստարկն ընկալել էին որպես թույլ փորձ՝ արդարացնելու հանդիպումն այդ սատանայի հետ, իրականում, ասում էին, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի ի վիճակի չէ մերժել Վլադիմիր Պուտինին:

Վլադիմիր Պուտինը բացատրեց՝ ինչով է ինքն առաջնորդվել այդ վճռական բանակցություններում. «Այսօր կարելի է գոհունակությամբ փաստել, որ եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացվում են: Մեր համոզմամբ՝ դա կստեղծի անհրաժեշտ նախադրյալները այդ հնացած հակամարտության երկարատև և լիաֆորմատ կարգավորման համար՝ արդարության սկզբունքով, ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների»:

Ըստ հոդվածագրի, այստեղ առանցքային բառակապակցությունը «արդարության սկզբունքն» է: Այսինքն` նա առաջնորդվել է արդարության իր ընկալումներով. 30 տարի առաջ գրավվածը պետք է վերադարձնել, ուրիշինը , այսինքն` մնացած Լեռնային Ղարաբաղը, որը կարծես հերթական անգամ բարի ձեռքեր է փնտրում, քանի որ մյուս ձեռքերում մի տեսակ հարմար չէ) այս անգամ վերցնել պետք չէր, որպեսզի էլի 30 տարի հետո վերադարձնելու կարիք չլիներ (իսկ իրեն՝ այդ ամենը նորից կարգավորել):

Կոլեսնիկովը Պուտինի ելույթում ուշադրություն է հրավիրում նաև նրա այն նախադասության վրա, որ «Ռուսաստանի միջնորդությամբ իրականացվել է գերիների և զոհերի մարմինների փոխանակում»: Դա, ըստ հեղինակի, կարելի է մեկնաբանել, որ ըստ ռուսական կողմի, փոխանակությունն ավարտվել է:

Իսկ իրականում, ռազմագերիներ դեռ շատ կան, և Նիկոլ Փաշինյանը բանակցություններում, որոնք կշարունակվեն մոտ 4 ժամ, կխոսի նոր փոխանակումների մասին:

«Փակ բանակցություններից 4 ժամ հետո երեք մասնակիցները դուրս եկան և մոտեցան… ուզում էի ասել մամուլի ներկայացուցիչներին, բայց ախր ոչ մի լրագրող էլ չկար: Այսինքն` նրանք մոտեցան բարձրախոսներին: Չէ՞ որ, ըստ «Կոմերսանտի» տեղեկության, հայկական կողմը նախքան բանակցությունները կտրականապես հրաժարվում էր որևէ հայտարարությունից կամ որևէ փաստաթղթի ստորագրումից: Իսկ հիմա, ինչպես պարզվեց, փաստաթուղթ էլ կստորագրվի»,- գրում է Կոլեսնիկովը՝ հավելելով, որ «դա վկայում է այն մասին, Մոսկվայում Նիկոլ Փաշինյանին տիրելը, պարզվեց, այնքան էլ բարդ չէ»:

Եվ հիմա, նրանք երեքն էլ կանգնած են բարձրախոսների առաջ՝ արդեն առանց որևէ հեռավորության, և առաջինը խոսեց, կրկին պարոն Պուտինը (իսկ պարոն Փաշինյանը, պատրաստվելով սեփական ելույթին ու երևի նյարդայնանալով, ձեռքերով գրպաններով կողքերն էր դզմզում), կրկին հեգնում է հոդվածագիրը: Ըստ նրա՝ Պուտինի ելույթից հասկանալի է, որ իր համար էլ միանշանակ չէր, որ նման հայտարարություն կհաջողվի ստորագրել:

Իլհամ Ալիևի ելույթը խաղաղասիրական էր: Դրանում կարող էին լինել բազմանշանակ ակնարկներ, այդ թվում և վիրավորական հայկական կողմի համար, բայց համարենք, որ չկային. «Այն հայտարարությունը, որն այսօր ստորագրվեց, խոսում է մեր մտադրությունների մասին: Քանի որ կրակի դադարեցման արդյունքում հայտարարության կետերից մեկը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն էր»,- մեջբերում է Կոլեսնիկովը Ալիևի խոսքերը և եզրակացնում, որ նրա համար այդ հայտարարության մեջ գլխավորը հենց տրանսպորտային հաղորդակցությունների թեման էր:

Եվ միայն մեկ անգամ Իլհամ Ալիևը չկարողացավ իրեն զսպել. «Այս ամենը վստահություն է ներշնչում, որ ինչպես մի անգամ ասաց Վլադիմիր Վլադիմիրովիչը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում…»:

Այս խոսքի վրա Նիկոլ Փաշինյանն անգամ հայացքը կախեց: Նրան այդ միտքը դուր չեկավ: Նա չէր համարում, որ այդ ամենը հիմա անցյալում է, այդ թվում, նշանակում է, ինքն էլ: Եվ Հայաստանի վարչապետը ելույթը սկսելուց առաջ ծանր հոգոց հանեց. «Դեռ բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է լուծվեն: Այդ հարցերից մեկը կարգավիճ… Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է…»:

«Իլհամ Ալիևի համար նման հարցեր չկան: Իսկ Նիկոլ Փաշինյանը տառապելով և բառեր ընտրելով, ցանկանում էր ասել, որ իր և իր երկրի համար ոչինչ չի ավարտվել, այլ պարզապես կրակոցներն են դադարել, կարծես թե, ժամանակավոր»,- եզրակացնում է հոդվածագիրը:- Բայց այդ բառերը ներքին սպառման, այսինքն` Հայաստանի համար էին: Իսկ իրականում նրան այսօր կրկին համոզեցին բոլոր կետերով, որոնցով ցանկանում էին»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031