Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանին պարտադրվում է այն, ինչ նախօրոք մտածվել է». Միքայել Մելքումյանը` մոսկովյան համաձայնության մասին

Հունվար 12,2021 15:13

«Մոսկովյան հանդիպումները ցույց տվեցին, որ պարտված ղեկավարը չի կարող լուրջ որեւէ հարցի շուրջ բանակցություններ վարել: Նույնիսկ եթե ինչ-որ ծրագրեր, նկատառումներ կան, մենք տեսանք, որ այլեւս որեւէ ղեկավարի կողմից լուրջ չեն ընդունվել այդ ծրագրերը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը`պատասխանելով Aravot.am-ի հարցին`երեկ Մոսկվայում ստորագրված փաստաթղթով մեզ նոր օրակարգ է սպասվում. հասկանալի՞ է, թե ինչի՞ մասն է խոսքը:

Միքայել Մելքումյանի գնահատմամբ`պարտվողական ծրագիրը շարունակվում է եւ «Հայաստանին պարտադրվում է այն, ինչ նախօրոք մտածվել է»:

Ըստ բանախոսի, օրակարգում հրատապ է իշխանափոխության հարցը, ինչի արդյունքում նոր որակի իշխանությունն, այդ թվում՝ նաեւ այլ որակի հայ-ռուսական հարաբերություններ կկարողանա ձեւավորել:

«Երեկ, այսօր միգուցե նաեւ վաղը, ես հեռու եմ այն մտքից, որ մեր հազարավոր երիտասարդների արյան վրա կառուցված, գերիների, անհայտ կորածների, ձյան տակ սառչող մարմինների գնով ապաշրջափակումը մեզ պետք է: Անկախ ամեն ինչից, այդ ապաշրջափակմանն ի վերուստ ես չեմ էլ հավատում, որովհետեւ նույնիսկ մասնագիտական տեսանկյունից հարցին մոտենանք`ի՞՞նչ են քննարկելու փոխվարչապետերի մակարդակով հանձնաժողովները, եթե մինչեւ «Հորադիզ» կայարան, երկաթուղի գոյություն չունի: Խոսքը գնում է նրա մասին, որ երկաթգիծը Դաղստանից պետք է գա Բաքու, Արցախի`Մարտակերտի հյուսիսում գտնվող հանգուցային «Եվլախ» կայարան, այնտեղից Գանձակով գնա Թբիլիսի, որտեղից էլ հետ գա Վանաձոր, Գյումրի, Երեւան. այսինքն, մի հատ հասկանանք`մենք հավատո՞ւմ ենք այդ ժանրի բաներին»,- ասաց Միքայել Մելքումյանը`անդրադառնալով համաձայնությամբ նախատեսված սահմանների ապաշրջափակման կետին:

Նա ապաշրջափակումը «բարի ցանկությունների» ժանրին է վերագրում`նկատելով, որ Թուրքիան ծրագիր ունի եւ Նախիջեւանի հետ Սադարակի հատվածում 10 կմ. երկաթուղի է կառուցելու եւ դա այլ հարց է: Այլ հարց է, եթե Կարսից երկաթուղին պետք է ինչ-որ տեղ միանա. «Այսինքն, շատ անորոշություններ եւ անհեթեթ մտադրություններ կան այդ հայտարարությունում, որ շատ անհասկանալի է»:

Եվ այս առիթով իշխանական հրճվանքին ի պատասխան նկատում է, որ սուտն ու կեղծիքը հանգեցրին այս իրավիճակին, երբ մենք անգամ չգիտենք, թե մեր անվտանգությունն ով է ապահովում եւ ինչպես են անվտանգային խնդիրները լուծվում եւ ինչպիսի՞ն է լինելու մեր դիմադրողականությունը, եթե, Աստված մի արասցե, երկրորդ ալիքը գա:

Միքայել Մելքումյանը հարց է հնչեցնում`իսկ ինչո՞ւ գերիների հարցը չլուծվեց:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031