Լրահոս
Օրվա լրահոսը

Ատոմակայանի ռադիոակտիվ թափոնները զենքի վերածելու հնարավորություն կա՞. փոխնախարարի պարզաբանումը

Հունվար 12,2021 15:05

«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ մենք հնարավորություն ունե՞նք ատոմակայանի ռադիոակտիվ թափոնները որոշակի անվտանգային նպատակների համար զենք դարձնել: Այսինքն, կա՞ հնարավորություն դրանց հիման վրա, օրինակ, հարստացում կատարել կամ այլ տեխնոլոգիական գործընթացներ, որպեսզի հետագայում դրանք օգտագործվեն որպես անվտանգության համակարգի մասնիկ: Փակագծեր չբացեմ»,-ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին նման հարցադրումներ հղեց հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Հակոբ Վարդանյանը նախ նշեց, որ ատոմակայանի օգտագործած միջուկային վառելիքը միշտ չէ, որ դասակարգվում է որպես թափոն. «Ձեր հարցի պատասխանը տեսականորեն «այո» է, բայց տեխնոլոգիական իրականացման մասին չեմ կարող խոսել, որովհետեւ դրա մասնագետը չեմ: Միջուկային զենքի հիմնական աղբյուրը՝ պլուտոնիումը, բնության մեջ չկա եւ առաջանում է ուրանի այրման արդյունքում: Այն առաջանում է օգտագործած միջուկային վառելիքի մեջ, բայց թե ինչ տեխնոլոգիական լուծում է պահանջում դրա կորզումը եւ որքանով է դա իրագործելի ՀՀ-ում, չեմ կարող պատասխանել: Դրա իրականացման համար համապատասխան ենթակառուցվածքներ եւ գիտական ընկերություններ պետք է ունենալ»:

Միքայել Մելքումյանը նաեւ հարցրեց՝ ատոմակայանի առնչությամբ հայ-ռուսական էներգետիկ համագործակցության շրջանակում որեւէ խնդիր կա՞՚, որը նաեւ համարժեք քաղաքական հետեւանք ունի: Փոխնախարարը տեղեկացրեց. «Ռուսական վարկի ժամկետն ավարտվել է, բայց մենք դեռ չենք դիմել երկարեցման համար, որովհետեւ վարկի օգտագործման պայմանների հետ կապված խնդիրներ կային: Վարկի օգտագործման պայմաններով հնարավոր չէր արդյունավետ ավարտել ծրագիրը, եւ դա ռուսական կողմի հետ քանիցս քննարկել ենք: Ռուսական կողմն առաջարկում էր վարկը երկարացնել երկու տարով՝ մինչեւ 21թ.-ի վերջ, սակայն այն աշխատանքները, որոնք պայմանագրով կսկսվեին մինչեւ 21թ.-ի ավարտը, նման պայմանագրեր չէին կարող կնքվել վարկի շրջանակում: Այսինքն, որոշ աշխատանքների ավարտման ժամկետը չէր համընկնում վարկի համաձայնագրի ավարտի ժամկետի հետ: Ռուսական կողմն էլ ասում էր, որ չի կարող փոխել, որովհետեւ այլ երկրներին եւս նույն պայմաններով էին վարկեր հատկացվել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031