Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչից կփրկի կորոնավիրուսի դեմ պատվաստումը. Գայանե Սահակյանը մանրամասներ է ներկայացնում

Հունվար 12,2021 14:54

Հայաստանն այսօր բանակցություններ է վարում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման համար: Այս մասին այսօր տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Նրա խոսքով, Հայաստանի բնակչության 10 տոկոսին նախատեսվում է կորոնավիրուսի դեմ պատվաստել: Պատվաստանյութը, նախեւառաջ, հասանելի կլինի ռիսկի խմբի քաղաքացիների համար: Նախարարության ներկայացուցիչն ասաց, որ կա գործող պայմանագիր COVAX Facility նախաձեռնության հետ, որի շրջանակում մոտ ապագայում նախատեսվում է պատվաստանյութը ներկրել ռիսկի խմբերի համար: Հիմա քննարկվում է ներկրման ժամանակացույցը:
Բանակցություններն այս պահին վարվում են ռուսական «Sputnik-V», Pfizer /BioNTech, Moderna եւ Astrazeneca-ի պատվաստանյութերի շուրջ, քանի որ միայն այս չորսի արդյունավետությունն ու անվտանգությունն են ապացուցվել հետազոտությունների շրջանակում:

Նախարարության պատասխանատուները հույս ունեն, որ որոշ քանակությամբ պատվաստանյութ Հայաստանում կհայտնվի մինչեւ հունվարի վերջ կամ փետրվարի սկիզբ:

Գայանե Սահակյանն ասաց, որ առողջապահության նախարարից բացի՝ այլ անձինք էլ են պատվաստվել, այդ թվում եւ ինքը. «Մենք ստացել ենք օգնություն 15 հոգու համար: Որեւէ մեկի մոտ հետպատվաստումային անբարեհաջող դեպք չի գրանցվել: Նույնիսկ հաճախ խոսվող ռեակցիան, այն է՝ ներարկվող հատվածում կարող է առաջանալ կարմրություն, տեղային ցավ, չի նկատվել»:

Նրա խոսքով՝ իրենց ձեռքի տակ է «Սպուտնիկ V»-ի կլինիկական փորձարկումների գործը, ըստ որի, առաջին դեղաչափից հետո արդյունավետությունը գնահատվել է 91.4 տոկոս, երկրորդ դեղաչափից հետո այն հասնում է 94 տոկոսի: Հանրապետության գլխավոր իմունոլոգն ասաց, որ պատվաստանյութը գուցե ոչ միշտ է կանխում վարակումը, սակայն այն կանխում է ծանր դեպքերն ու կորոնավիրուսից մահը. «Եթե պատվաստված մարդը վարակվի կորոնավիրուսով, ապա հավանաբար, հիվանդությունը թեթեւ կամ առանց ախտանիշների կտանի»:

Գայանե Սահակյանը նաեւ նշեց, որ այդ պատվաստանյութով պատվաստված մարդկանց համար հակամարմինների մակարդակի անալիզներ Հայաստանում չեն անցկացվել, քանի որ դրա համար անհրաժեշտ են ոչ թե ընդհանուր հակամարմինների, այլ՝ չեզոքացնող հակամարմինների թեստեր:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031