Լրահոս
Օրվա լրահոսը

Շուռնուխը մե՞րն է, թե՞ մերը չի. Ալբերտ Բաղդասարյանը ուշագրավ մանրամասներ է պատմում՝ ինչպես են Շուռնուխից գերեվարել 22 հոգու ու մի ապտակով վերադարձրել

Հունվար 12,2021 14:44

Այս օրերին Շուռնուխի, Որոտանի հողերի պատկանելիության մասին ինչ մեկնաբանություններ ասես, որ չտարածվեցին սոցցանցերում, մամուլում: Գյուղապետերը 70-ական թվականների քարտեզ են մատնացույց անում ու ասում, որ Շուռնուխը, Որոտանը Հայաստանի տարածքն է, որոշներն էլ, 74 թվի քարտեզով նայում են, ասում են՝ չէ, այս քարտեզով ադրբեջանական տարածք է ու GPS-ով գծում:

Տարիներ առաջ՝ 1989-1992 թվականներին Շուռնուխի պաշտպանությամբ զբաղվում էր Մերգելյան կամավորական ջոկատը: Aravot.am-ի հետ զրույցում ջոկատի անդամ Ալբերտ Բաղդասարյանն ուշագրավ մանրամասներ պատմեց, թե իրականում Շուռնուխն ինչպես է մեր վերահսկողության տակ եղել ու ինչ ռազմավարական նշանակություն ունի այն մեզ համար:

1989-1990 թվականներին Շուռնուխ գյուղը և Գորիս-Կապան մայրուղին պաշտպանող «Մերգելյան» ջոկատը (հրամանատար՝ Արմեն Հարությունյան)

Հարցին՝ դուք Շուռնուխի պաշտպանական ջոկատում էիք, իսկ ներկայումս գիտենք ինչ իրավիճակ է Շուռնուխում՝ շուրջ 40 բնակիչ ստիպված է եղել լքել իր բնակավայրը, 12 տուն արդեն ադրբեջանական վերահսկողության տակ է անցել, ի՞նչ զգացողություններ ունեք ու առհասարակ ի՞նչ տեսակետ ունեք ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նա պատասխանեց. «Շուռնուխը մեկ գյուղի խնդիր չի, 10-12 տան խնդիր չի, դա ամբողջ Սյունիքի ճակատագրի հետ է առնչվում: Շուռնուխը հայ-ադրբեջանական սահմանային հարաբերությունների ինդիկատոր է իր մեջ պարունակում: Ցավում եմ, բայց տեսնում եմ, որ հիմա այդ զգացողությունը չկա:

Շուռնուխը ադրբեջանաբնակ գյուղ էր, որը գտնվում էր ուղիղ Կապանի եւ Գորիսի մեջտեղում, ադմինիստրատիվ կարգով ենթարկվում էր Գորիսին, Գորիսի շրջանի Շուռնուխ գյուղն է: Կոմունիկացիոն առումով ընդհանրապես Ադրբեջանի հետ որեւէ առնչություն չի ունեցել: Շուռնուխցիները՝ Շուռնուխի ադրբեջանցիները ապրում էին՝ որպես Հայաստանի լիարժեք քաղաքացիներ, այն ժամանակից, երբ Շուռնուխը հիմնադրվել է: Այն, որ Շուռնուխը հիմնադրվել ու ադրբեջանցիներով է լցվել, դա պարզ երեւում է հիմնադրողների ստրատեգիական մտածողությունից՝ Զանգեզուրը կապող միակ ճանապարհի ամենակարեւոր տեղը կառուցել այսպես ասած պլացդարմ: Բայց սումգայիթյան 88 թվի ջարդերից հետո Բաքվի, Կիրովաբադի հայերի ջարդերից ու հայերին արտաքսելուց հետո բնականաբար նույն ռեակցիան առաջացավ նաեւ Հայաստանում եւ արդեն 88-ի նոյեմբերից Հայաստանը նույնպես դատարկվեց ադրբեջանցիներից: Այդ ժամանակ Հայաստանից դատարկված տարբեր ադրբեջանական գյուղեր կային Սիսիանում, Վարդենիսում, Սպիտակում, Կիրովականում, այդ թվում նաեւ Շուռնուխ գյուղը: Ադրբեջանից շուրջ 400 հազար փախստական հայեր էին եկել Հայաստան եւ նրանց պետք էր վերաբնակեցնել:

ՀՀ Կենտրոնական կոմիտեն Մերգելյան ինստիտուտին հատկացրել էր 2 գյուղ Սպիտակի եւ Կիրովականի ադրբեջանաբնակ տարածքում: Կար որոշում, որով փախստականներին պետք էր վերաբնակեցնել եւ հիմնարկ ձեռնարկություններին պարտավորեցնում էին, որ ֆինանսավորեին, զբաղվեին նրանց կենցաղի հարցերով եւ այլն: Մերգելյանն այդ ամբողջ շարժման առաջամարտիկն էր, ես էլ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էի ու երբ որ վերցրեցինք քարտեզը դատարկված գյուղերի, տեսնեինք ինչ պետք է անեինք, Շուռնուխ գյուղը դատարկ էր, ոչ մեկին հատկացված չէր, ոչ մեկը չէր բնակվում: Իսկ Շուռնուխ գյուղից, երբ որ ոլորաններով բարձրանում ես վերեւ, ադրբեջանական գյուղ էր՝ Վերին Ջիբութլուն, Շուռնուխից ներքեւ Սեյթազ գյուղն էր եւ միակ հայկական գյուղն այդտեղ Շուռնուխ չհասած՝ աջի վրա մի քիչ խորքում Բարձրավան գյուղն էր: Հետեւաբար, այդ ամբողջ ճանապարհը՝ սկսած Որոտանից, այդ Թասի ոլորաններով, մինչեւ Դավիթ Բեկ լրիվ անտերության մատնված էին: Ադրբեջանական կողմից երկրորդային ճանապարհներ կային դեպի մուտք:

Քանի որ մինչ այդ արդեն մի քանի մեքենաներ էին խփել, ուղեւորներին էին գողացել մեքենաներով, տարել էին Ադրբեջան, մենք որոշում կայացրեցինք եւ Շուռնուխ գյուղը 88-ի դեկտեմբերին վերցրեցինք Մերգելյանի հովանավորության տակ: Շարժման ակտիվիստներով որոշում կայացրեցինք բնակեցնել այն մերգելյանցիներով, ԱԿԽ-ի որոշում կայացրեցինք, որ գործուղում ենք այդ գյուղը վերականգնելու, փախստականների համար տները նորոգելու եւ այլն: Անունը դրեցինք շինարարական ջոկատներ, կազմավորեցին կամավորներ, 6 հոգի համաձայնվեցին իրենց ընտանիքներով տեղափոխվել այնտեղ: Մենք ապահովում էինք գործուղման ծախսերը, որ այնտեղ մասնաճյուղ բացեինք, մարդկանց շահագրգռեինք՝ գային այնտեղ աշխատեին, տարբեր բաներ հավաքելու արտադրամասեր ստեղծվեին եւ այլն…

Այս պատմությունը ոչ ոք չգիտի, Շուռնուխի առաջին վերաբնակիչերը եղել են մերգելյանցիները, մի քանի հոգին շատ հայտի են Հայաստանում, անուններ էլ կարող եմ տալ՝ Հարությունյան Վահան, Մարգարյան Արծրուն, Մխիթարյան Սերգեյը, Վաչագանը թալինցի, Պետրոսյան Աշոտը՝ իրենց ընտանիքներով եւ այլն: Հետո Արծրունը տարավ իր եղբորը՝ Արսենին, որին ադրբեջանական կողմից գնդակոծության հետեւանքով մահացավ հենց իր տան բակում:

Դա բնական բան էր: Այնպես, ինչպես Շահումյանի շրջանում հայեր չեն ապրում, հայկական գյուղերը լրիվ ադրբեջանական են, այդ խնդրի լուծումը լրիվ այլ հարթությունում է: Երբ որ իջեցնում են՝ «սա մերն է», «մերը չի» մակարդակ՝ դառնում է լրիվ այլ պատմություն եւ այստեղ առաջին պլան է գալիս Նիկոլ Փաշինյանի չհրապարակված պարտավորվածությունները Ալիեւի դեմ եւ Պուտինի թելադրանքը: Ու մենք մտնում ենք այդ խաղի մեջ ու սկսում ենք՝ Շուռնուխի 10 տո՞ւն էր հայկական, թե՞ ավելի, գերեզմանները ադրբեջանակա՞ն էին, թե՞ չէ»:

Դիտարկմանը՝ ախր բանը հասել է նրան, որ բնակիչներից մեկի անասնագոմի կեսը հայկական տարածք է համարվում, կեսը՝ ադրբեջանական՝ Ալբերտ Բաղդասարյանն արձագանքեց. «Բնական է: Ասեմ՝ փոստի շենքով եւ մի քանի բաներ մի ինչ-որ քարտեզով ադրբեջանական տարածք էր, եթե այդպես համարենք: Բայց սա լրիվ ուրիշ հարթության է խնդիր է, գյուղի եւ տների խնդիր չի: Սա ամբողջ Սյունիքի ստրատեգիական խնդիրն է… Իրական Շուռնուխի պատմությունը ոչ ոք չգիտի, ով խոսում է Շուռնուխից, երկու բան հարցնես, կպարզվի, որ այդ գյուղի մասին լսել է միայն ԼԳԲՏ- դեպքով, կամ անցել է մի երկու անգամ»:

Ալբերտ Բաղդասարյանը պատմեց, որ 90 թ. ապրիլի 6-ին ռուսական զորքը Ադրբեջանի կողմից մտել է Շուռնուխ՝ ուղղաթիռներով, БМП-ներով ու առավոտյան գերեվարել իրենց ջոկատին՝ 22 հոգու. «Երկու աղջիկ էին եւ ջոկատի 20 անդամներին գերեվարեցին ու զենքերն էլ հետը տարան Կուբաթլու: Այդ դեպքը հայտնի է նրանով, որ մենք որոշեցինք, գրավեցինք Հայաստանի Գերագույն խորհուրդը, Ոսկանյանն այդ օրն այնտեղ չէր ու ուլտիմատում ներկայացրեցինք, ասացինք՝ եթե մինչեւ երեկոյան 8-ը մեր աշխատակիցներին հետ չտան, մենք կգրավենք Կենտկոմը եւ Հայաստանում կհայտարարենք իշխանափոխություն: Քանի որ ամեն ինչ շատ լուրջ էր, իսկ Սովետում անիշխանական պրոցես էր, ստիպված ոնց տարել էին 22 հոգու, 1 հոգու էին ապտակել, այդպիսի բան պատմության մեջ չի եղել, բոլորին նույն ձեւ հետ տվեցին: Ավելին ասեմ՝ տարել էին 8 միավոր զենք, վերադարձրեցին 9 միավոր»:

Ալբերտ Բաղդասարյանի խոսքով՝ եթե հիմա վերադառնում ենք այն թվերին, Շուռնուխի մի հատված տալիս ենք ադրբեջանցիներին, պիտի հասկանանք՝ բա հետո ի՞նչ է լինելու: Մեզ կերակրում են այն հեքիաթներով, թե ասենք, 50-60 տուն հայ են, մի 10 տուն էլ ադրբեջանցի, եղբայրաբար կապրենք: Մինչդեռ դա հնարավոր չէ. «Բախումներ մի օր անպայման կլինեն ու դրա համար պետք չի հեռու գնալ, 100 տարվա բաներ հիշել: Կենդանի վկա եմ, կարող եմ 89 թվից ասել՝ մինչեւ 91թ.-ը մեր ուժերով էինք մենք այդ ճանապարհը պահպանում, 90-ի վերջերից Չայզամի պոստում փակեցին ադրբեջանցիները, ստիպված շրջանցիկ արտաճանապարհային բանով էինք գնում Զանգեզուր, մասնավորապես՝ Մեղրի եւ Կապան, իսկ հետո ռուսական զորքը եկավ կանգնեց այդտեղ՝ որպես իբր բարիշեցնող: Ռուսաստանը խառնվեց իրար, նրանք թողին գնացին, ու մենք մնացինք մենակ ադրբեջանցիների դեմ, որոնք շատ ավելի զինված էին, այնտեղ 7-րդ բանակն էր, մեծ զենքեր ունեին, ՕՄՕՆ ունեին: Վանո Սիրադեղյանը կարողացավ, այն ժամանակ կոչվում էր Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ ուղարկեց Շուռնուխ, արդեն իրենք էին պաշտպանում Շուռնուխը: Արդյունքում՝ Շուռնուխն ազատագրվեց, Սեյթազն էլ դատարկվեց, Ջիբութլուն էլ գնաց ու հանգիստ ապրեցինք 30 տարի: Բայց եթե հետ վերադառնանք ու հույս ունենանք, որ ռուսական զորքը կմտնի այստեղ, հավերժ կպահի, առաջինը՝ Ռուսաստանը կարող է քանդվի, ով որ սա չի տեսնում, չէր տեսնում նաեւ Սովետի քանդվելը: Մնալու ենք մենք ու ադրբեջանցիք: Կա՛մ մենք պետություն ենք, հզորանում ենք, հույսը մեր վրա ենք դնում մեր քաղաքականությամբ, մեր ռազմավարությամբ, կա՛մ հույսներս դնում ենք Ռուսաստանի վրա ու ՌԴ-ի քաղաքացիություն ստացած՝ բոլորս իրար հետ գնում ենք Վորկուտա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031