Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ եղավ ամերիկահայերի աջակցությունը. նախաձեռնող Մալվինա Մխչյանը մտահոգ է

Հունվար 12,2021 14:10

41 տարի առաջ Լոս-Անջելեսում մշտական բնակություն հաստատած Մալվինա Մխչյանը համոզված է, որ Աստծո կամքով է, որ ինքը տեղափոխվեց Ամերիկա: «Աստված ինձ բերեց այստեղ, որպեսզի եւ՛ ընտանիքիս օգտակար լինեմ, եւ՛ հայրենիքիս»,–ասաց նա Aravot.am–ի հետ զրույցում։

Տիկին Մալվինայի խոսքով, դժվար է հայրենիքից հեռու ապրելը, երբ երկիրդ վտանգի մեջ է։ «Պատերազմը ցնցեց բոլորիս, խաթարեց հեռու ապրող հայերիս հոգեկան անդորրը։ Պատերազմի առաջին օրվանից մտածում էի վեր կենամ՝ գամ Հայաստան։ Հետո մտածեցի գուցե բանատեղ չդնեն ու չկարողանամ անել այն, ինչ կկարողանայի անել այստեղից»,-ասում է Մալվինա Մխչյանը։

Մալվինա Մխչյանի լուսանկարը նրա ֆեյսբուքյան էջից

Նրա խոսքով՝ ամերիկահայերը՝ անկախ տարիքից, զգում էին հայրենիքի ցավն ու կամենում մի բանով աջակցել։ Ճշտելով ինչի կարիք կա, տիկին Մալվինան ձեռնարկում է հանգանակություն, օժանդակություն հայրենիքին բարեսիրական ծրագիրը։

«Քնապարկեր, բժշկական պարագաներ, առաջնագծում լողանալու համար հատուկ սրբիչներ, սնունդ, դեղորայք, բաճկոններ, հագուստ։ Մի խոսքով՝ ամեն ինչ հավաքվեց, գույքագրվեց: Օգտագործած հագուստները ախտահանվեցին, տեսակավորեցինք։ Ամեն մի արկղի պարունակությունը մոտ 150-160 կգ էր»,–ասում է Մալվինա Մխչյանը։ Հետո արդեն հաշմանդամության խնդիրներ ունեցողների համար անվասալյակներ, ձեռնափայտեր, անթացուփեր ուղարկվեցին։

Տիկին Մալվինայի խոսքով՝ երաժիշտ Կարեն Դուրգարյանին եւ «Հելփ» ասոցիացիային ուղեգրված բեռները հասել են հասցեատերերին։ «Կարենին ճանաչում էի, «Հելփ»-ի հետ էլ տարիներ շարունակ աշխատել եմ, վստահելի գործընկերներ են»,–ասում է մեր զրուցակիցը՝ նշելով, որ ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ «Առդա» բարեգործական հիմնադրամի գործելաոճը։ Ըստ տիկին Մալվինայի՝ հիմնադրամի հասցեով ուղարկված մարդասիրական օգնությունը չի հասել հասցեատերերին։

«Արցախ ու Հայաստանից վերադարձած մեր բժիշկները պատմեցին, որ եթե մեր ուղարկած բժշկական ամրակալները տեղ հասնեին, գուցե շատ քիչ զինվորների վերջույթներ կանդամահատեին»,–հուզված պատմում է Մալվինա Մխչյանը։

Շնորհակալ է Ղեւոնդյան եկեղեցուն, Բարեխնամ առջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին, որը նույնպես զբաղվել է խնդրով։

Տիկին Մալվինան անձամբ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի կառավարության պատասխանատուների հետ։ «Շատ սիրալիր պատասխանեցին, հավաստիացրին, որ ամեն ինչ կկարգավորվի, անհանգստանալ պետք չէ»,–ասում է Մ․ Մխչյանը՝ ավելացնելով, որ մինչեւ օրս չեն կարողանում որեւէ տեղեկատվություն ստանալ «Առդա»–ից։ Նաեւ մտածում է՝ «գուցե ապրանքները մի տեղ դրվա՞ծ են ու մոռացել են բաշխել»։

Տիկնոջ խոսքով՝ ինքը ոչ մեկին ցանկություն չունի վատաբանելու, խնդիր ունի պրպտել, որ Ամերիկայից ուղարկված պիտույքները հասնեն կարիքավորներին։ «Խոնարհվում եմ բոլոր անմահացած հերոսների, վիրավորում ստացածների, այսօր սահմանում կանգնած քաջ տղաների առաջ։ Ինչ էլ անենք՝ քիչ է, մենք պարտական ենք միշտ նրանց եւ նրանց ընտանիքների կողքին լինելու»,–ասաց Մալվինա Մխչյանը։

«Սփյուռ» տեղեկատվական համակարգում գրանցված «Առդա» բարեգործական հիմնադրամի հեռախոսահամարով օրվա տարբեր ժամերին փորձեցինք զանգահարել։ Սակայն այդպես էլ պատասխանող չկար։ Միաժամանակ փորձեցինք «Սփյուռ»-ում նշված հիմնադրամի կայքով պարզել որեւէ տեղեկություն։ Հիմնադրամի կայքը չէր գործում։ Պատրաստ ենք հրապարակելու «Առդա» բարեգործական հիմնադրամի տեսակետը։

Հ․ Գ․ Ամերիկաբնակ Մալվինա Մխչյանի բարեգործական այլ նախաձեռնություններին կանդրադառնանք առաջիկայում։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031