ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Արտյոմ Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը
Ժամանակը դեռ ցույց կտա, թե արդյոք հոդվածն իրականում «ընդունելի ժանր է մեր հանրության համար», բայց այդ նույն ժամանակը երեկ ցույց տվեց, որ անցումային արդարադատությունը՝ որպես իրավական ժանր, անհրաժեշտաբար պետք է կիրառվի Նիկոլ Փաշինյանի և նրա որոշումների վրա ազդեցություն ունեցած անձանց արարքներին իրավական ու պատմական գնահատական տալու համար:
Անցումային արդարադատության գաղափարը առաջին անգամ հնչեցվեց հենց նույն Նիկոլ Փաշինյանի կողմից: Դրանից անմիջապես հետո անցումային արդարադատության էությունը աղավաղվեց նրա դիլետանտ թիմի կողմից: Պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք արտահայտեցին անհեթեթ մտքեր և բարեփոխումների անվան ներքո կատարեցին պետական ինստիտուտները (և պրոցեսները) ոչնչացնող գործողություններ:
Երեկ Նիկոլ Փաշինյանն ընդունեց հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու հարցում իր անկարողությունը: Այլ պայմաններում իմաստ կունենար Նիկոլ Փաշինյանին քննադատել վատ բանակցող լինելու, նրա թիմին՝ միջազգային հանրային իրավունքի չիմացության, դիվանագիտական հմտությունների բացակայության և նման, հիմա արդեն անմեղ թվացող արատների մեջ: Այս փուլն անցել ենք. անիմաստ է:
Կարդացեք նաև
Առանց հայկական օրակարգի Մոսկվա մեկնած և իրեն քաղաքական-պետական գործիչ համարող Նիկոլ Փաշինյանը ռազմագերիների հարցը որակեց «հումանիտար» խնդիր: Դրանով հայ ռազմագերիների հարցը հանվեց մոսկովյան հանդիպման միակ կամ առնվազն հիմնական, այն է՝ ռուս-ադրբեջանաթուրքական օրակարգից՝ որոշում կայացնելու սուբյեկտություն ունեցող երկու մասնակցի համար ստեղծելով օպերացիոն հարմարավետության միջավայր:
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն օտարեց հայ ռազմագերիներին: Տարբեր պատասխաններ կարող են լինել: Օրինակ, խեղաթյուրված արժեքային համակարգ, սիրո բացակայություն սեփական տեսակի նկատմամբ, քաղաքական-պետական գործիչ խաղալու հերթական ձախողված արարը, «այնպես ուզեցին, չէի կարող չտալ» կրավորական կոնցեպտը, որն ի դեպ, Նիկոլ Փաշինյանի հայտնի հոդվածի հիմնական միտքն է, և այլն:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա պետություններում բնակվող հայերն իրավունք ունեն ստանալ այս և մյուս հարցերի պատասխանները: Որոշ հարցեր գտնվում են իրավական, այդ թվում՝ քրեաիրավական տիրույթում: Կոնվենցիոնալ քրեադատավարական մեխանիզմների միջոցով, սակայն, որոշվում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այս կամ այն արարքի կատարման մեջ կոնկրետ անձի մեղքը և մեղավորության աստիճանը միայն:
Այս համատեքստում «Մեկ Հայաստան» արտախորհրդարանական կուսակցության կողմից արդեն իսկ ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին: Ավելի քան 700 փաստաբաններ պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացնելով հաղորդում հանցագործության մասին, ինչպես նաև՝ նախաձեռնել իրավական այլ գործընթացներ: «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունն ավելի առաջ է գնացել՝ պահանջելով պարիտետային փաստահավաք հանձնաժողովի ստեղծում՝ մինչպատերազմյան իրավիճակն ու պատերազմի ընթացքն ուսումնասիրելու համար:
Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո անհրաժեշտ է ոչ միայն և ոչ այնքան մեղադրական դատավճիռներով կոնկրետ անձանց դատապարտում, այլ նաև՝ ճշմարտության բացահայտում և ազգային համերաշխության հաստատում: Անցումային արդարադատությունն է այն մեխանիզմը, որը մեզ հնարավորություն է տալու հավաքել փաստերը, ուսումնասիրել դրանք, փաստերին և հիմնական գործող անձանց կողմից կատարված արարքներին տալ պատմաիրավական և բարոյաքաղաքական գնահատական:
Այդ պատմաիրավական և բարոյաքաղաքական գնահատականն անհրաժեշտ է ոչ թե իշխանության ձգտող քաղաքական ուժերի կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու, այլ նրա համար, որ հասարակությունը արժանահավատ և համապարփակ տեղեկատվություն ստանա մինչպատերազմյան, բուն ռազմական գործողությունների և զինադադարին հաջորդած բանակցությունների, դրանցում կոնկրետ անձանց կողմից ունեցած դերի, կայացրած որոշումների և արարքների վերաբերյալ: Այդ գնահատականն անհրաժեշտ է պետական կառավարման ղեկը ստանձնելու հավակնություն դրսևորածների համար, որպեսզի իմանան, ինչ է սպասվում նրանց, ովքեր կգործեն Հայաստանի Հանրապետության ազգային հետաքրքրությունների կամ նպատակների դեմ: Այդ գնահատականն անհրաժեշտ է հայրենիքի համար իրենց կյանքը տված, հաշմանդամ դարձած կամ գերեվարված անձանց և նրանց ընտանիքների տեղը և դերը պետության կողմից ադեկվատ հասկանալու, կրթության միջոցով ադեկվատ վերաբերմունք ձևավորելու և ադեկվատ աջակցություն ցուցաբերելու համար: Վերջապես, այդ գնահատականն անհրաժեշտ է գրավոր հոդվածի ժանրից սահուն կերպով բանավոր պայմանավորվածությունների ժանր ներխուժած Նիկոլ Փաշինյանի գործողությունների հետևանքով ունեզրկված, սեփական տները սեփական հողում այրած հարյուրավոր քաղաքացիներին արդարացի փոխհատուցում տալու համար:
Շուտով կներկայացնեմ առաջարկություն՝ ճշմարտության բացահայտման փաստահավաք նախաձեռնությունը և քրեաիրավական գործընթացներն անցումային արդարադատության միասնական պլատֆորմ տեղափոխելու վերաբերյալ: Առաջ անցնելով ասեմ, որ 2018-2020թթ. իրադարձությունները ձևավորել են այնպիսի համատեքստ, որ փաշինյանակենտրոն անցումային արդարադատությունը ներուժ ունի որակվելու որպես միջազգային լավագույն փորձ և դասագրքային օրինակ, թե ինչպես անցումային արդարադատության միջոցով հասնել համազգային համերաշխության, ում երբեք չվստահել պետության ղեկը, ինչպես դասեր քաղել անցյալից, և որ ամենակարևորն է, ինչպիսի պետական մոտեցում ցուցաբերել հայրենիքի պաշտպաններին և նրանց ընտանիքներին: