Լրահոս
Օրվա լրահոսը

«Անցումային» Ամերիկան եւ Երեւանի ակնկալիքները

Հունվար 12,2021 22:00

Բուռն զարգացումներն Ամերիկայի մայրաքաղաք Վաշինգթոնում արդեն դարձել են համաշխարհային թիվ մեկ քաղաքական իրադարձությունը միջազգային լրահոսերում։ Դա միայն հետաքրքրասիրությամբ պայմանավորված չէ. աշխարհի թիվ մեկ եւ, ըստ էության՝ միակ գերտերության առաջիկա «առողջական վիճակը» կանխորոշելու է մոլորակի վրա քաղաքական եւ տնտեսական կյանքի ընթացքի հունը, շրջանակները եւ ողջ տրամաբանությունը։

Աբրահամ Լինքոլնի ստեղծած ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը Թրամփի խայտառակ «ավարտական ակորդով» կանգնեց շտապ կարգով արմատապես փոփոխվելու կամ քաղաքական թատերաբեմից երկար ժամանակով հեռանալու երկընտրանքի առաջ։ Դեմոկրատները վերահսկում են ոչ միայն Սպիտակ տունը, այլեւ Կոնգրեսի երկու պալատները, միտված հաղթահարելու Թրամփի ժառանգությունը եւ «վերադարձնելու Ամերիկան քաղաքականություն»։

Ինչպիսի՞ն են լինելու նախագահ Ջո Բայդենի քաղաքականության հիմնական ուրվագծերը, ովքե՞ր են այդ քաղաքականության առանցքային դեմքերը, որ նոր վարչակազմի «շարժիչի» դեր են ստանձնելու առաջիկա չորս տարիների ընթացքում։ Այս հարցադրումը միայն քաղաքագիտական հետաքրքրասիրությամբ չի բացատրվում։ Ինտելեկտուալների եւ «բուլդոզերների», երիտասարդների եւ «վետերանների», տեսաբան-դասախոսների եւ «չոր» պրակտիկների համակցությունը խոստանում է արժեքների եւ իրատեսության հենքով՝ բավականին հավակնոտ եւ արդյունավետ գործունեություն Պոտոմակի ափերին, եւ որ դրա ազդեցությունը կզգացվի ամերիկյան ափերը ողողող օվկիանոսներից անդին՝ ամենեւին էլ զարմանալի չէ։ Չնայած, դեռ կյանքը ցույց կտա, թե գործնականում ինչ արդյունքի այս ամենը կհանգի։

Իհարկե, Սառը պատերազմում անվերապահ հաղթանակից հետո անհոգությամբ տարված (ընդհուպ մինչեւ «Պատմության ավարտի» խաբկանքին տրվելը) Ամերիկան բազում «բացերի» առաջ է հայտնվել, խնդիր ունենալով թույլ չտալ, որ դրանք վերածվեն ջրբաժանների, անդունդների եւ «սեւ խոռոչների»։ Դրան գումարած՝ Թրամփի օրոք ակնհայտ դարձած՝ 1945-ից հետո տրանսատլանտյան դաշինքի ամենախորը ճգնաժամը, որից առաջացած վակուումը զգացնել տվեց նաեւ մե՛ր տարածաշրջանում. 44-օրյա մեր պատերազմը, որի վերաբերյալ համալիր եւ համապարփակ եզրակացությունները դեռ առջեւում են՝ մեծ հաշվով, նաեւ հենց այդ գործընթացների ածանցյալն էր։

Ռուսաստանը եւ Թուրքիան իրենց նեոկայսերապաշտական պրոյեկտները մի կողմ դնելու որեւէ ցանկություն չեն դրսեւորում, ավելին, Անկարան բաց տեքստով է հայտարարում, որ տարածաշրջանում անկախության երաշխավորը պետք է լինեն Թուրքիան, Ռուսաստանը եւ Ադրբեջանը։ Իսկ Հայաստանն ու Վրաստա՞նը։ Պատերազմից անմիջապես հետո հետընտրական Վրաստան այցելած ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին Թբիլիսիում բաց տեքստով ներկայացրեցին մտահոգությունները ստեղծված նոր իրողություններով։

Իհարկե, Թբիլիսին իր ռազմավարական հարաբերությունները Բաքվի եւ Անկարայի հետ բարձր գնահատելով՝ մեղմ ասած, պատրաստ չէ հայտնվելու նրանց եւ Մոսկվայի երաշխիքների մամլիչի տակ։ Վաշինգտոնն, ըստ էության, առայժմ ընդունել է ի գիտություն Թբիլիսիի մտահոգությունը, բայց ոչ ավելին։ Իսկ 2020-ի պատերազմում աղետալի կորուստներ կրած եւ հարյուրամյա վաղեմության ստոր գործարքի զոհը պատմությունը չմոռացած Հայաստանը հաստատապես մինչեւ կոկորդը կուշտ է նման «լուսավոր» հեռանկարներից։

Իհարկե, ի տարբերություն 1921-ի՝ Հայաստանի Հանրապետությունն, ինչպես եւ Ադրբեջանը եւ Վրաստանը՝ անկախ պետություն է, առնվազն դե յուրե, միջազգային հարաբերությունների սուբյեկտ, որն ունի լուրջ եւ բազմակողմ իրավա-պայմանագրային բազա Ռուսաստանի հետ, ավարտում է Եվրամիության հետ կարեւորագույն պայմանագրի վավերացման գործընթացը։ Սակայն, ԱՄՆ-ի հետ, չնայած «Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսություն» կոչվող խոստումնալից անվանմամբ ձեւաչափի առկայության՝ մեր հարաբերությունները 1991-ից հետո այսքան ցածր մակարդակի վրա եւ այսքան փոքրածավալ չեն եղել։ Ակնհայտ է, որ սա չէր կարող չբերել տարածաշրջանային հավասարակշռության տեկտոնիկ տեղաշարժի՝ ի վնաս մեզ եւ հաստատապես ո՛չ հօգուտ ԱՄՆ-ի։ Մենք տեսանք նաեւ, որ որքան էլ Թրամփն ասաց հավաքված հայերին, թե «մենք մի բան կանենք դրա հետ», իսկ նրա՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը հանդես էր գալիս սկանդինավյան խաղաղապահների տեղակայման առաջարկով եւ հակամարտության կողմերին հասցեագրված հորդորներով, բայց տխուր փաստն այն էր, որ Վաշինգտոնը չհաջողեց պատերազմը կանգնեցնելու իր փորձում, եւ այս անգամ արդեն ԱՄՆ-ի պայմանական «նավերը չհասան Արարատի գագաթին»…

Դա արդեն թեկուզ եւ ոչ վաղ, բայց անցյալ է։ Իսկ ի՞նչ է սպասվում հունվարի 20-ից հետո։ Դատելով նոր վարչակազմին մոտ կանգնած աղբյուրների՝ ամերիկյան մամուլի հետ հրապարակային շփումներից, Բայդենի առաջիկա նշանակումները հուշում են որոշակի արտաքին քաղաքական առաջնահերթություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչվելու են մեր տարածաշրջանի գործընթացներին։

Նախ, իր նշանակմանը սպասող՝ ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական, 44-ամյա Ջեյքոբ Սալլիվանը, որն Օբամայի վարչակազմում «մասնագիտացած էր» Իրանի հետ միջուկային գործարքի առաջմղմամբ, հենց այդ հարցով էլ զբաղվելու է որպես առաջիկա գործունեության առաջնահերթություն։

Վաշինգտոնի Ատլանտյան Խորհուրդը դարձել է ԱՄՆ նոր արտաքին քաղաքականության գաղափարների «դարբնոցը», եւ դատելով հրապարակումներից՝ այնտեղ շրջանառվող գաղափարները եւ մոտեցումները որեւէ լավ բան չեն խոստանում ոչ Մոսկվային, ոչ Անկարային, համենայնդեպս, եթե նրանց քաղաքականությունը մնա անփոփոխ։ Միեւնույն ժամանակ, ակնհայտ է Թուրքիայի եւ Ռուսաստանի ձգտումը հասնել ինչ-ինչ պայմանավորվածությունների Վաշինգտոնի հետ։ Մոսկվան այդ հարցով արդեն բանագնաց է նշանակել «համակարգային լիբերալի» համբավ ունեցող Անատոլի Չուբայսին, իսկ Անկարան ազդանշան ազդանշանի հետեւից է ուղարկում Վաշինգտոն՝ պայմանավորվելու իր պատրաստակամության մասին։ Երկու դեպքում էլ պարզ չէ, թե ինչ հիմքով հնարավոր կլինի պայմանավորվել, սակայն Վաշինգտոնի նոր վարչակազմն իր հերթին ազդակներ է հղում առ այն, որ «զսպելը, պատժելը եւ պայմանավորվելը ընթանալու են զուգահեռ»։ Անշուշտ, «ազդեցության գոտիների» տրամաբանությամբ մրցակցությունը եւ «զրոյական գումարով խաղի» տրամաբանությունը վտանգներ է պարունակում տարածաշրջանի համար, որի անցանկալիությունը լավագույնս պատկերացնում են թե՛ Մոսկվայում, թե՛ Վաշինգտոնում, չնայած սկզբունքային հակասություններին, իսկ ամերիկյան իսթեբլիշմենթն ամենեւին էլ հակված չէ «Յալթա-2»-ի ձեւաչափով գործարքի գնալ Մոսկվայի հետ կամ լեգիտիմացնել պանթուրանական զառանցանքների իրականացման գաղափարներն Անկարայում։

Իհարկե, թե ռուսներին, թե թուրքերին ծանր զրուցակիցներ են սպասում, ի դեմս նույն Սալլիվանի, ինչպես նաեւ Էնթոնի Բլինքենի, որպես պետքարտուղար, նրա տեղակալներ՝ Մադլեն Օլբրայթի թիմում աշխատած, Իրանի հետ բանակցելու մեծ փորձ ունեցող Վենդի Շերմանի եւ ողջ հետխորհրդային տարածքում հայտնի դարձած, մոսկովյան կոնսպիրոլոգիայի թիրախի վերածված, ինչպես նաեւ՝ 2016-ի մայիսին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի Խմբի միջնորդությամբ Հայաստան-Ադրբեջան հանդիպմանը կարեւոր (բայց եւ կարճ ժամանակ անց «հաջողությամբ» Սանկտ Պետերբուրգում «թաղված») ձեռքբերում արձանագրած Վիկտորիա Նուլանդի հետ։

Իհարկե, Վաշինգտոնի տարածաշրջանային մտադրությունների կարեւորագույն ցուցիչներից մեկը կլինի, գոնե մեզ համար՝ այն, թե ինչ պատասխան կստանա Թբիլիսին։ Համենայնդեպս, դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ-ը «կլվանա ձեռքերը»։ Հաշվի առնելով այն, որ Սեւծովյան անվտանգությունը մնում է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կարեւորագույն առաջնահերթությունը, եւ Ռումինիայում (ո՛չ Թուրքիայում) վերջին սերնդի անօդաչու ավիացիայի մեծ զորախմբի տեղակայումը միայն ամրապնդում է ամերիկյան ներկայությունը (ԱՄՆ ՌՕՈՒ հրամանատար, գեներալ Ջեֆֆ Հարրիգյանի կոշտ հայտարարությունը՝ որպես մտադրությունների լրջության վկայություն), ապա ծովի արեւելյան ափում որեւէ «աստանիզացիա» թույլ չտալը թվում է տրամաբանական զուտ ռազմաքաղաքական եւ ռազմավարական տեսակետից, ինչը մեծացնում է Վրաստանի շանսերը։ Եվ ոչ միայն Վրաստանի…

Հնարավորությունների պատուհանից օգտվելու՝ Երեւանի կարողությունները պայմանավորված են, նախ, ներքաղաքական կայունության վերականգնման, հետպատերազմական առաջնահերթ խնդիրների լուծման, բացառապես արտահերթ, արդար ընտրություններով նոր, օրինակարգ իշխանության շուտափույթ կազմավորման գործընթացները հաջողությամբ ավարտելու կամքով եւ ունակությամբ։

Նախեւառաջ, ԱՄՆ-ը օբյեկտիվորեն մեր գլխավոր դաշնակիցն է երկրում տնտեսական եւ տեխնոլոգիական զարգացման, ինքնիշխանության ամրապնդման, էներգետիկ անկախության եւ ինքնաբավության, պետական ինստիտուտների ժողովրդավարական բարեփոխումների առաջխաղացման գործում։ Եվ կիսատ մնացած ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության գործնական օրակարգի թարմացումը պետք է հենց այսօրվանից դիտարկվի որպես մեր ազգային անվտանգության հրամայական։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031