«Թիրախային խմբերի աջակցության ծրագրերը դեռեւս ընթացքի մեջ են, եւ մի գործընթաց, որը դեռ չի ավարտվել, դրա ֆինանսական ծախսի մասին խոսելը ժամանակավրեպ է»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով պատերազմի հետեւանքով զինհաշմանդամ դարձած անձանց, նրանց ընտանիքների եւ հատուցվող գումարների ծավալների մասին հարցին՝ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
«Կլինի պետբյուջեի կատարման հաշվետվություն, որում մանրամասն ներկայացված կլինի տեղեկությունը: Հորդորում եմ սպասել»,-նշեց նա:
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ նախնական հաշվարկներ, այնուամենայնիվ, կան, բայց ամեն օր փոփոխվում են. «Աշխատում ենք, բայց մոտավոր թիվ չեմ կարող ասել»:
Արձագանքելով Aravot.am-ի հարցմանը, թե ինչ պատճառներով չունենք նախնական հաշվարկներ, ինչպես նաեւ՝ զոհվածների եւ վիրավորների թվեր, Պողոսյանը նշեց. «Փորձում եք հարցի ուղղությունները փոխել, հրաժարվում եմ այդ հարցի պատասխանից, որովհետեւ իմ լիազորությունների շրջանակում չէ»:
Կարդացեք նաև
Արման Պողոսյանը վստահեցրեց, որ նախարարությունն իրավիճակին տիրապետում է, բայց պետք է նման հարցերով դիմել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ