Լրահոս
Օրվա լրահոսը

Կկատարելագործվեն խաղային ոլորտի հսկողության գործիքները. մոնիտորինգային կենտրոն է ստեղծվելու

Հունվար 12,2021 13:17

Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է խաղատների և առցանց խաղերի կազմակերպիչների գործունեության նկատմամբ հսկողության գործիքները: ՊԵԿ զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրի համաձայն` արտերկրի փորձագետների հետ համագործակցությամբ մշակվում է խաղային ոլորտի թվայնացման ճանապարհային քարտեզ` միջազգային չափանիշներին համապատասխան: Հայաստանի տարածքում գործող բոլոր կազմակերպիչների խաղային սարքավորումները և ինտերակտիվ հարթակները միավորվելու են մեկ սերվերում` տեղային ցանցում և միանալու են մոնիտորինգային կենտրոնին: Եվ այդ սերվերում իրական ժամանակում գրանցվելու են կատարվող բոլոր խաղադրույքները և ստացվող շահումները:

Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը վերհանելու է ինչպես առցանց խաղերի, այնպես էլ կենդանի խաղերի կազմակերպիչների կամ տեղային խաղատների գործունեության հետ կապված բոլոր ռիսկերը: «Կենդանի խաղերի մասով վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև կենդանի խաղի սեղանների դրամական շրջանառության մասով ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով խաղատներում նախատեսում ենք ներդնել ռադիոհաճախականության RFID չիպերի համակարգ: Դա հնարավորություն կտա հսկել խաղային պրոցեսը իրական ժամանակում, մասնավորապես` չիպերի տեղաշարժը խաղատան սրահներում, խաղացողների կողմից գնված խաղանիշերի և վճարված շահումների գործընթացը»,-տեղեկացնում է ՊԵԿ շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնի պետ Գոհար Զաքարյանը:

Կառավարության Թվայնացման խորհրդի նիստում հավանության արժանացած մոնիտորինգային կենտրոնի գաղափարը իրականություն դառնալուց առաջ օրենսդրական ձևակերպում պետք է ստանա: Մշակվում է խաղային սարքավորումների և ծրագրային ապահովումների պարտադիր պահանջների սահմանման և իրավական ակտերի փոփոխությունների օրենսդրական փաթեթ: Գոհար Զաքարյանը վստահեցնում է, որ արդյունքում հնարավոր կլինի վերահսկել ոլորտի ֆինանսական հոսքերը և գնահատել փաստացի իրացման շրջանառությունը. «Էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրմամբ խաղերի կազմակերպիչների գործունեության հսկողությունը թույլ կտա նաև բացառել փողերի լվացման դեպքերը և օրենքի պահանջներին չհամապատասխանող սարքավորումների կամ ծրագրերի կիրառումը»:

Խաղացողների իրավունքների պաշտպանությունը և ոլորտի թափանցիկությունն ապահովելու նպատակով նախատեսվող կարգավորումները կոմիտեն պարբերաբար քննարկում է նաև ոլորտի տնտեսվարողների հետ:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031