Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, ով համարվում է երկրի առանցքային պաշտոնյաներից մեկը, պատերազմի ժամանակ տեղյակ չի եղել Ռուսաստանի առաջարկների մասին»

Հունվար 12,2021 12:06

Երեկ հեռուստաընկերություններից մեկի եթերում ականատես եղանք բացառիկ կարևոր և հետաքրքիր մի հարցազրույցի։ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար գնդապետ Միքայել Համբարձումյանը հանդես եկավ ընդգծված հավասարակշիռ, միևնույն ժամանակ՝ կարևորագույն բացահայտումներով։

Ձևակերպվեցին հարցեր, որոնք վերջին երկու ամսվա ընթացքում մտել են մեր տները, դարձել մեր առօրյայի բաղկացուցիչ։ Երեկ դրանք ստացան այնպիսի ձևակերպումներ, որոնցից այլևս խուսափել հնարավոր չի լինելու։

1.«Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչու պատերազմի ընթացքը չի կասեցվում, չի կանգնեցվում պատերազմը»։

ԱԱԾ-ը տնօրենի նախկին ժ/պ-ի պաշտոնավարման դադարեցումը պայմանավորված է հատկապես այս կարևոր հարցադրման  հետ։

Հարցազրույցից պարզ դարձավ, որ ԱԱԾ-ն, Պաշտպանության նախարարությունը ամենօրյա ռեժիմով վարչապետին զեկուցել են մեր կորուստների, մեր խնդիրների և հեռանկարի մասին։ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին մտահոգող հարցը եղել է, թե ինչու պատերազմի դադարեցման հետ կապված վարչապետը որոշում չի կայացնում.«Ինչու պատերազմի ընթացքը չի կասեցվում, ոչ թե զինադադար հայտարարվում, որովհետև դա տեսնում էինք ֆիզիկապես չի լինում, չի պահպանվում, այլ զուտ պատերազմի ընթացքը չի կասեցվում, և չի սկսվում բանակցային պրոցես։

Այդ պայմաններում ի՞նչ նպատակ էր հետապնդում մեր իշխանությունը պատերազմի ընթացքը չկասեցնելով։ Ուր ենք մենք գնում։ Վերջն ուր ենք հասնելու, Ստեփանակերտն ենք կորցնելու, թե արդեն Հյուսիսային շրջաններն ենք կորցնելու, նոր գանք, հասնենք այն կետին, որ պետք է պատերազմական գործողությունները կասեցվեն կամ ավարտվեն։»։

Վարչապետը իրավիճակի վերաբերյալ ինֆորմացիայի պակաս չի ունեցել, ինչպես պարզվում է Միքայել Համբարձումյանի խոսքերից նա ամենօրյա ռեժիմով, ամենժամյա ռեժիմով վարչապետին զեկուցել է ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին, ներքաղաքական իրավիճակի մասին, զեկուցել է մեր կորուստների մասին և տիրող տրամադրությունների մասին։ Ընդ որում զեկուցվել է նաև գրավոր փաստաթղթերով՝ թե ինչ իրավիճակ է տիրում և ինչ հեռանկար կարող է լինել։

2.ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, որ պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար։ ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատարի հարցազրույցից պարզ դարձավ, որ հոկտեմբերի 18-19-ին ԱԽ նիստում Գլխավոր շտաբի պետը կրկին մանրամասն ներկայացրել է տիրող իրավիճակը, հեռանկարը և այն, որ մենք ուղղակի գնում ենք դեպի պարտության։ Եղել է առաջարկություն դադարեցնելու ռազմական, պատերազմական գործողությունները։ Նույն կարծիքին է եղել նաև Դավիթ Տոնոյանը։ «Բավականին մանրամասն քննարկում տեղի ունեցավ, բայց այնուամենայնիվ դրանից հետո նման որոշում չկայացվեց։»։

3.ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, ով համարվում է երկրի առանցքային պաշտոնյաներից մեկը, պատերազմի ժամանակ տեղյակ չի եղել Ռուսաստանի առաջարկների մասին։ Այդ մասին իմացել է խայտառակ պարտությունից հետո միայն, Ռուսաստանի նախագահի խոսքերից, այլ աղբյուրներից եկած ինֆորմացիայից։ «Պարզվեց, որ դեռևս 2020թ.հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի ղեկավարության կողմից եղել են կոնկրետ առաջարկություններ, կետային առաջարկություններ, թե ինչ պետք է անել։ Այսինքն` ըստ էության կյանքի էր կոչվելու Լավրովի պլանը։ Առաջարկությունների մեջ պետք է կարևորել այն հանգամանքը, որ առաջարկվում էր ռուսական խաղաղապահ զորքեր մտցնել Արցախի տարածք և բնականաբար դա կլիներ անվտանգության այն երաշխիքը, որ կապահովեր Արցախի բնակչության անվտանգությունը, ինչպես նաև մենք չէինք կորցնի Շուշին և Հադրութը։ Ինչո՞ւ քննարկման առարկա չէր դառնում Ռուսաստանի կողմից հնչեցված առաջարկությունները։ Չէր քննարկվում ոչ հանրության հետ, ոչ ԱԽ նիստերի ժամանակ։ Նոյեմբերի 7-ի դրությամբ ես չեմ իմացել այդ առաջարկի մասին։»

4.Հարցազրույցում երկրի պետական համակարգի կարևորագույն կառույցի նախկին ղեկավարը հաստատեց, որ գեներալների ներուժը պատերազմի ժամանակ ճիշտ չի օգտագործվել։ «Գեներալների դերակատարությունը շատ ավելի մեծ կարող էր լինել՝ մարդիկ ունեին փորձ, մարդիկ անցել էին պատերազմական թոհուբոհի միջով։ Որոշակի հրապարակումներ եղան, որտեղ շրջանառվում էր վարկած , թե իբր Արցախում կային ուժեր, որոնք խուճապային տրամադրություններ են ստեղծում։ Քննության շրջանակներում վարկած էր առաջ քաշվել այդ պրոցեսների հետ Արցախի նախկին հրամանատարական կազմի առնչության մասին։ Քննության տվյալները վկայեցին հակառակը՝ նախկին հրամանատարներն ու գեներալները, այդ թվում Սամվել Կարապետյանը, Վիտալի Բալասանյանը, Լևոն Մնացականյանը, Արթուր Աղաբեկյանը, Արշավիր Ղարամյանը ամեն ինչ անում էին երկրի պատերազմական վիճակում իրենց ներուժը ներդնելու, կազմակերպելու, արդյունավետությունը բարձրացնելու համար, հատկապես ուզում եմ շեշտել  Վիտալի Բալասանյանի մասին, որի կատարած աշխատանքը շատ տեսանելի էր։ Բավականին հեղինակություն ուներ զինվորականների շրջանում, տեսլական ուներ, պատկերացում ուներ ինչ պետք է անել։»։

5.Պատերազմի ժամանակ կազմակերպական լուրջ խնդիրների մասին տարբեր հրապարակումներ են եղել։ Միքայել Հարությունյանի հարցազրույցում դա հաստատվեց պաշտոնական մակարդակով.«Եթե կազմակերպչական խնդիրներ չլինեին մենք այս արդյունքը չէինք արձանագրի։ Ես խնդիր էի տեսնում մոբիլիզացիայի հետ կապված, խնդիր էի տեսնում մեր կամավորական ջոկատների Արցախ անկանոն մեկնելու հետ կապված, այնտեղ ընդունելու և տեղաբաշխելու հետ կապված, խնդիր էի տեսնում կասկածների, զրահաբաճկոնների քանակության հետ կապված, խնդիրները շատ էին և խնդիրների չլուծումը բերեց այն իրավիճակին, որ մենք այսօր ունենք։»։

6.Նա կարևորեց հայապահպանության իմաստով Դաշնակցության անգնահատելի դերը և պատերազմի առաջին իսկ օրից նրանց կազմակերպված մասնակցությունը։

7.Երկրի ազգային անվտանգության ապահովման թիվ մեկ մարմնի նախկին ղեկավարը մտահոգություն է հայտնում շրջանառվող 5 միլիարդի գործարքի մասին տեղեկությունների վերաբերյալ։ Նա գտնում է, որ դա լրջագույն հարց է, որը պետք է խորը քննության առարկա դառնա։ «Մենք գործ ունենք մի տվյալի հետ, որ ասվում է, որ տևական ժամանակ կապ է եղել վարչապետի և ադրբեջանական կողմի միջև։ Կապի արդյունքում քննարկվել է գումարով՝ միլիարդավոր դոլարների դիմաց հարցի լուծմանը հասնելու տարբերակը։ Քննարկումների արդյունքը, քննարկումների ընթացքը հայտնի չէ։ Ոչ մեկ չգիտի ինչ է տեղի ունեցել։ Այնուհետև մենք ունենք հետևանքը, իսկ հետևանքն այսօրվա իրավիճակն է՝ պարտություն, հողերի կորուստ, այսօր արդեն Հայաստանի սահմանների հետ կապված լուրջ խնդիրներ։ Մենք պետք է գտնենք պատճառահետևանքային կապը։ Շատ մանրամասնված, շատ դետալացված պարզաբանումներ պետք է տա և վարչապետը, և այն պաշտոնատար անձինք, ովքեր առնչվել են այդ պրոցեսի հետ։ Եթե բացատրություններ չտրվեն ու համոզիչ բացատրություններ չտրվեն, կասկածներ կլինեն։ Սրա հետ կապված պետք է տարվի քննություն, և դա չպետք է քողարկվի նախաքննական գաղտնիքի քողով, այլ դա պետք է արվի մաքսիմում հնարավոր հանրային եղանակով»։

Ամփոփում

Միքայել Համբարձումյանը, ԱԱԾ տնօրենի ԺՊ է եղել դեռևս սեպտեմբերի 30-ից, այսինքն` պատերազմի հենց սկզբից, ինչի մասին ի դեպ, հանրությունը չգիտեր։ ԵՎ նրա բարձրացրած հարցերը, հետևաբար, ունեն բացառիկ նշանակություն։ Ստացվում է մի հրեշավոր պատկեր՝

ա/  Բոլոր կարևորագույն որոշումները Փաշինյանը կայացրել է կամ միայնակ կամ խորհրդակցելով այն մարդկանց հետ, ովքեր չունեն նման լիազորություններ։

բ/ Չի կանգնեցրել պատերազմը, երբ բոլոր ուժայինները պնդել են դրա վրա։

գ/ Տեղյակ չի պահել պետության առանցքային պաշտոնյաներին, որ հոկտեմբերի 19-ին մերժել է ՌԴ նախագահի  պատերազմը դադարեցնելու առաջարկը։

դ/ Հետևաբար՝ Փաշինյանը կրում է ուղիղ պատասխանատվություն մեր մեծաթիվ մարդկային և տարածքային կորուստների համար։

ե/ Նույնիսկ երկրի ամենատեղեկացված մարդկանցից մեկի համար  պարզ չէ՝ սա արվել է դավաճանության, թե՞ անգրագիտության պատճառով։ Եվ այդ հարցը պետք է ստանա իր պատասխանը։

Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031