Երեկ մենք ակնառու կերպով համոզվեցինք, որ Նիկոլ Փաշինյան վարչապետն այլեւս իրավահավասար անձ չէ Պուտինի եւ անգամ Ալիեւի կողքին՝ նրան լուրջ չեն վերաբերվում, եւ նա այլեւս ի վիճակի չէ ինչ-որ բան հետ բերել կամ շտկել։ Երեկ Մոսկվայում մենք հերթական ստորացումն ապրեցինք, երբ բանակցություններն ընթացան ի վնաս մեզ եւ հօգուտ Ադրբեջանի։
Այն հայտարարության տեքստը, որը հրապարակվեց հանդիպման արդյունքում, կոմունիկացիաներին, իսկ պարզ ասած՝ Ադրբեջանի համար շահավետ ճանապարհներ ապահովելուն էր ուղղված։ Իսկ գլխավոր հարցը, որի համար ՀՀ ներկայացուցիչը պետք է կռիվ տար եւ ինչ-որ բան ստանար՝ մեր գերիների ու անհետ կորածների հարցը, այդպես էլ մնաց օդում կախված։ Հանդիպումից հետո Փաշինյանն էլ խոստովանեց, որ ռազմագերիների հարցը լուծել չհաջողվեց։ Էլ չենք խոսում Արցախի կարգավիճակի հարցի մասին, որը հարյուրապատիկ ավելի բարդ է, քան գերիների հարցը, որը ե՛ւ օրախնդիր է, ե՛ւ հումանիստական, ե՛ւ առավել դյուրին լուծելի։ Հատկապես, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրում էլ դրա մասին հիշատակում կա։
Արդյունքում ստիպված ենք արձանագրել, որ Փաշինյանն այլեւս ի վիճակի չէ լուծել մեր պետության, մեր հասարակության առջեւ կանգնած խնդիրները։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: