Լրահոս
Օրվա լրահոսը

Հույս ունեմ՝ կհաջողվի պայմանավորվել բոլոր խնդիրների շուրջ, այդ թվում՝ հումանիտար բնույթի. Պուտինը՝ Փաշինյանին

Հունվար 12,2021 01:50

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ողջունելով վարչապետ Փաշինյանին՝ Վլադիմիր Պուտինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ցանկանում եմ ևս մեկ անգամ ողջունել Ձեզ արդեն մեր երկկողմ հանդիպման ընթացքում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ համաձայնեցիք այցելել Մոսկվա: Չնայած այն խնդիրներին, որոնք Դուք նշեցիք, որոնք դեռևս մնում են չլուծված, հույս ունեմ՝ կհաջողվի պայմանավորվել բոլոր խնդիրների շուրջ, այդ թվում՝ հումանիտար բնույթի: Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, հանդիպումն օգտակար էր նրանով, որ մենք կարողացանք կողմնորոշվել տարածաշրջանի ապագայի և տարածաշրջանում հարաբերությունների կառուցման շուրջ, իհարկե առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի միջև: 

 Ցանկանում եմ ընդգծել, որ մեր հարաբերություններն անկասկած եղել և շարունակում են մնալ դաշնակցային, մենք հանդիսանում ենք մտերիմ գործընկերներ բազմաթիվ միջազգային կազմակերպություններում: 

 Այսօր մենք շատ ենք խոսել նաև տնտեսության մասին: Այս կապակցությամբ ցանկանում եմ ընդգծել, որ չնայած դժվար նախորդ տարվան` 2020-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին, չնայած այդ բոլոր դժվարություններին, մենք ավելացրել ենք առևտրաշրջանառությունը գրեթե 4՝  3,9 տոկոսով: Այս ամենը հիմք է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորմամբ մենք կհանգենք լուծումների, որոնք կլինեն օգտակար հայ ժողովրդին, հայկական պետությանը և կլինեն ի օգուտ մեր երկկողմ հարաբերություններին»: 

Իր խոսքում, վարչապետ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ Վլադիմիր Վլադիմիրի։ Այսօր ավելի քան 4 ժամվա ընթացքում մենք բանակցություններ անցկացրեցինք եռակողմ ձևաչափով: 

Շատ ուրախ եմ, որ այդ բանակցությունների արդյունքում մենք ունենք որոշակի արդյունք և այն ոչ պակաս կարևոր է: Այն պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ամրագրված են մեր համատեղ հայտարարության մեջ, կարող են լրջորեն փոխել մեր տարածաշրջանի դիմագիծը և բարձրացնել ներդրումային ներուժն ու գրավչությունը: 

 Բայց ինչպես արդեն ասացի, իմ կարծիքով, այս տնտեսական հարցերը դժվարանում են՝ չլուծված հումանիտար հարցերի ֆոնին: Մեզ համար, կարծում եմ նաև բոլորիս համար, ամենազգայուն և ցավոտ հարցերը հումանիտար խնդիրներն են՝ կապված ռազմագերիների, անհետ կորածների, զոհվածների աճյունների փոխանակման հետ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ Դուք պաշտպանում եք այս դիրքորոշումը: Իհարկե, Ձեր անձնական ներդրումը խաղաղ գործընթացում միշտ եղել է շատ շոշափելի, այժմ՝ հատկապես: Ռուսաստանը եղել է և կմնա մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցը նաև անվտանգության ոլորտում: Մենք պետք է քննարկենք ոչ միայն մեր տարածաշրջանի ապագան, այլ նաև այն օրակարգը, որն ունենք երկկողմ հարաբերություններում»:             

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքներին ու նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի լիարժեք իրականացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետ իրականացմանը, հրադադարի վերահսկման գործում համագործակցությանը,  տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին վերաբերող հարցերի:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին ԼՂ-ում միջգերատեսչական հումանիտար կենտրոն ստեղծելու համար, որի առաջնահերթ նպատակն է տեղում բնականոն կյանքի վերականգնումը: Միաժամանակ, ՀՀ կառավարության ղեկավարը ողջունել է Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու համար միջազգային մարդասիրական կազմակերպություններին ներգրավելու ուղղությամբ ՌԴ կողմից գործադրվող ջանքերը:

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են նաև հայ-ռուսական միջպետական հարաբերություններին, մասնավորապես, տնտեսության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:

Վարչապետ Փաշինյանը եռակողմ հանդիպմանն ընդգծել է. հայկական կողմի համար անկյունաքարային են գերիների փոխանակման և ԼՂ կարգավիճակի հարցերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում եռակողմ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։  Քննարկվել է երեք երկրների ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության կետերի իրականացման ընթացքը:

Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին և անձամբ Վլադիմիր Պուտինին՝ ռազմական գործողությունների դադարեցմանը նպաստելու, տարածաշրջանում խաղաղապահ զորախումբ տեղակայելու, հակամարտության հետագա լուծմանն ուղղված ջանքեր գործադրելու, Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքը վերականգնելու և արցախահայության բնականոն կյանքի համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ ձեռնարկվող հետևողական քայլերի համար:

Վարչապետն ընդգծել է, որ հայկական կողմի համար անկյունաքարային ու սկզբունքային է գերիների վերադարձի, մեր զինվորների որոնողական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: ՀՀ կառավարության ղեկավարի համոզմամբ՝ վերը նշված խնդիրների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացումը միայն անհրաժեշտ նախադրյալներ կստեղծի տնտեսական և տրանսպորտային այլ դրույթների մշակման համար:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմի հետևանք է և ներառում է դրույթներ, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո մշակված բազային դրույթների մի մասն են միայն: ՀՀ վարչապետն ընդգծել է՝ այն բազային դրույթների և սկզբունքների մի մասը, որոնք դեռևս չեն իրականացվել, չեն կարող անտեսվել: Կառավարության ղեկավարի խոսքով՝ միայն քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերը, որոնք հիմնված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների և, մասնավորապես, ազգերի ինքնորոշման իրավունքը հարգելու ու պահպանելու վրա, կարող են ճանապարհ հարթել պատերազմի պատճառների ու հետևանքների վերացման համար:

«Միայն նրանք կարող են կայուն խաղաղություն և ներդաշնակություն բերել` հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության մեջ նշված նպատակների վրա: Հայաստանը պատրաստ է շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` հիմնարար սկզբունքների և տարրերի այն հատվածի հիման վրա, որոնք արտացոլված չեն նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ»,- շեշտել է վարչապետը՝ հայկական կողմի համար առանցքային համարելով ԼՂ կարգավիճակի հստակեցումը՝ հաշվի առնելով արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի կարևորությունը, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովումը, կրոնական ու մշակութային ժառանգության պահպանությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անթույլատրելի է համարել նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի խախտումը, առաջնագծում սադրիչ գործողությունների իրականացումը և նշել Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի ու նրան հարակից տարածքներից ահաբեկչական խմբավորումների դուրսբերման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին երեք երկրների ղեկավարները Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարությամբ, որի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ այն ջանքերի համար, որոնք Դուք ներդնում եք մեր տարածաշրջանում կայունությունը և անվտանգությունը վերականգնելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար:

 Ցավոք այդ հակամարտությունը մինչ օրս կարգավորված չէ: Իհարկե մեզ հաջողվեց ապահովել հրադադարի ռեժիմը, բայց դեռևս մնում են շատ հարցեր, որոնք պետք է լուծվեն: Այդ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է և Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, մասնավորապես, այդ հարցով:

 Ցավոք այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը և սա ամենազգայուն ու ցավոտ հարցն է, քանի որ դա հումանիտար հարց է: Մենք պայմանավորվել ենք շարունակել աշխատանքն այս ուղղությամբ: Բայց մենք, մասնավորապես, գտնում ենք, որ մեր համատեղ հայտարարության կոնկրետ 8-րդ կետը ցավոք ամբողջությամբ չի իրականացվում, ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի սեղմ ժամկետներում գալ կոնկրետ որոշման:

 Պետք է ասեմ, որ այն հայտարարությունը, որը մենք այսօր ստորագրել ենք, իսկապես շատ կարևոր է: Չեմ թաքցնի, այդ հայտարարության իրականացումը կարող է փոխել մեր տարածաշրջանի տնտեսական բնույթը և դիմագիծը: Տնտեսական նորարությունները կարող են բերել անվտանգության էլ ավելի վստահելի երաշխիքներ, և մենք իհարկե պատրաստ ենք կառուցողական աշխատել այս ուղղությամբ:

 Բայց ինչպես ասացի, ցավոք, մեկ հանդիպման ընթացքում հնարավոր չէ լուծել բոլոր հարցերը, ես հույս ունեմ, որ մենք առաջ կշարժվենք: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ ներկա դրությամբ մեզ համար գլխավորը հումանիտար հարցերն են, ռազմագերիների փոխանակման հարցերն են, որոնք նախատեսված են նոյեմբերի 9-ի կամ 10-ի մեր համատեղ հայտարարության 8-րդ կետով»։

 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031