Հունվարի 14-ին ու 15-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կամփոփի հանրապետական, մայրաքաղաքային և մարզային հեռուստաալիքների սփռման հաճախականությունների մրցույթների արդյունքները: Հիշեցնենք՝ հայտարարվել է 25 հաճախականության մրցույթ, որից 6-ը՝ հանրապետական, 9-ը՝ մայրաքաղաքային և 13-ը՝ մարզային հեռարձակման համար: Հանրապետական 6 տեղի համար պայքարում է 12 հեռուստաընկերություն, մայրաքաղաքային 9 հաճախականության համար դիմել է 4 ՀԸ, իսկ մարզային 8 հաճախականության համար 13 հեռուստաալիք: Արարատի և Վայոց ձորի մարզերից հայտեր չեն եղել:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում որոշ օգտատերեր գրառումներ են անում, որ եթերից պետք է զրկել ընդդիմադիրներին պատկանող հեռուստաալիքները, որոնք կոշտ քննադատում են իշխանություններին: Խոսքը, մասնավորապես, «5-րդ ալիք», «Արմնյուզ», «Երկիր Մեդիա», «Կենտրոն» և Հ2 հեռուստաալիքների մասին է: Սակայն Factor.am-ին հայտնի դարձավ, որ հեռուստաալիքների փոփոխության ցանկում ցնցումային փոփոխություններ չեն լինի: Մեր տեղեկություններով՝ եթերից կզրկվեն ոչ ավելի, քան երկու հեռուստաընկերություններ:
Factor.am-ը ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանից հետաքրքրվեց՝ կա՞ն հեռուստաընկերություններ, որոնք եթերից կզրկվեն: «Իհարկե: Համադրում ենք չափորոշիչները, և հանձնաժողովի անդամները իրավունք ունեն գնահատել նրանց ճանապարհը, նախկինում իրենց կատարած աշխատանքը: Սա հնարավորություն է տալիս, որ հանձնաժողովն օբյեկտիվ գնահատի: Անհատական մոտեցում է լինելու, ես մեկին բարձր կարող եմ գնահատել, մյուսը՝ ցածր, ինչի արդյունքում դուրս մնա կամ չմնա: Ըստ մեր նախնական խոսակցությունների արդյունքների՝ մեծ սյուրպրիզներ չեն լինի»,- ասաց ՀՌՀ նախագահը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Կարդացեք նաև