Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը շարունակում է ջուր լցնել թուրք-ադրբեջանական աշխարհաքաղաքական շահերի ջրաղացին». Արմեն Աշոտյան

Հունվար 11,2021 21:45

Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով Փաշինյան-Պուտին-Ալիեւ հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարությունը ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց, թե Հայաստանում վաղուց չպետք է լինեին միամիտ մարդիկ, որոնց թվար, որ նա «ով մեղավոր է այս ամենում, ով բերել է այս ազգային աղետը մեր գլխին, դեռ իրավունք ունի Հայաստանի անունից միջազգային ասպարեզում հանդես գալ, այն էլ նման ազգային օրակարգի հարցերով, ինչպիսին Արցախյան հակամարտության եւ վերջին պատերազմից բխող իրավիճակն է:

Այսօրվա ստորագրած հայտարարությունը հերթական անգամ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը որքան մնա իր պաշտոնին կառչած, այնքան շարունակելու է վնաս տալ Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը, հայ ժողովրդի շահերին: Հայտարարության հետեւում կային բացառապես կոմունիկացիաներ, լոգիստիկա, ենթակառուցվածքներ, բայց չկային հազարավոր մարդկանց ճակատագրեր»:

ՀՀԿ փոխնախագահի ձեւակերպմամբ. «Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական գոյությամբ արտաքին ասպարեզում շարունակում է ջուր լցնել թուրք-ադրբեջանական աշխարհաքաղաքական շահերի ջրաղացին՝ սպասարկելով բացառապես Ալիեւին եւ Էրդողանին ձեռնտու քաղաքական օրակարգ, բացարձակապես անտեսելով Հայաստանի եւ հայ ժողովրդի զավակների շահերը: Դրա վառ ապացույցը գերիների եւ ռազմագերիների, պատանդների, զոհվածների աճյունների փոխանակման հարցում իր ցուցաբերած զրո արդյունքն է:

Դա զարմանալի չէ ինձ համար, որովհետեւ եթե մարդ ուզենար հարցը լուծել թեկուզ նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթով, հենց այդ ժամանակ ամեն ինչ կաներ: Մանավանդ մամուլում հրապարակվել են փաստաթղթի նախագծերը, որտեղ փոխանակման հարցը նշված է եղել՝ հենց ժամկետով: Կարճ ասած՝ Հայաստանի շահերից բխող ոչինչ չկա այդ հայտարարության մեջ, ես դա կարող եմ վստահաբար պնդել»:

Արմեն Աշոտյանը վկայակոչելով Փաշինյանի պնդումը, թե ստորագրած հայտարարությունը փոխելու է տարածաշրջանի տնտեսական պատկերը՝ հավելեց. «Մինչդեռ դավաճանը նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ դրած իր ստորագրությամբ արդեն փոխել է տարածաշրջանի շատ ավելի կարեւոր պատկերը՝ քաղաքական, քաղաքակրթական, աշխարհաքաղաքական առումով: Մնացածը միայն շարունակությունն է այն դավադիր գործընթացի, որ Նիկոլ Փաշինյանը բերեց հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի գլխին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031