Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական կառավարման համակարգը եւ պատերազմը. Ինչո՞ւ պարտվեցինք

Հունվար 11,2021 21:15

Թե ինչու եղավ պատերազմ` շատ է քննարկվում. տարածաշրջանային անվտանգային համակարգի փլուզում, գլոբալ քաղաքականության զսպման մեխանիզմների թուլացում, ուժերի բալանսի էական խախտում, բանակցային գործընթացի փակուղային վիճակ, դիվանագիտական անթույլատրելի սխալներ և ձախողումներ, հետախուզական համակարգերի աշխատանքի էական թերացումներ և այլն…

Այնուհանդերձ, եթե պատերազմն անխուսափելի էր, ինչո՞ւ մենք պարտվեցինք այդ պատերազմում: Ի՞նչը չաշխատեց… Անվտանգային համակարգի փլուզումը, հակառակորդի ռազմական ուժի և սպառազինության մեծ գերակշռությունը, Թուրքիայի անմիջական և ագրեսիվ ներգրավվածությունը, նոր` հինգերորդ սերնդի պատերազմը և այլ օբյեկտիվ հանգամանքներ նկատի առնելով, այնուհանդերձ հարյուրավոր իրողություններով և փաստերով արձանագրվում է, որ եղած ռազմական, մարդկային, նյութական և կազմակերպական ռեսուրսները գործածվեցին խիստ անարդյունավետ, խիստ աննպատակ և իռացիոնալ, կամ չգործածվեցին ընդհանրապես: Կառավարչական մեծ ու փոքր սխալները աղետալի հետևանքներ ունեցան մեր պետության ու ժողովրդի համար` խլելով հազարավոր երիտասարդ կյանքեր, տասնյակ հազարավորներին դարձնելով հաշմանդամ ու անօթևան, խեղելով բազում ընտանիքների ճակատագրեր, հանգեցնելով պետության տարածքային մեծ կորուստների, հասարակության բարոյահոգեբանական խորը անկման:

Ի՞նչը ձախողեց պատերազմի` մեզ համար ավելի հաջող ընթացքը, ի՞նչը գործնականում խափանեց պատերազմի ավելի բարենպաստ ելքը, ավելի քիչ մարդկային և նյութական ռեսուրսներով: Ի՞նչը չաշխատեց:

Չաշխատեց պետական կառավարման համակարգը, պետական մեքենան:

Ինչո՞ւ այն չաշխատեց: Դա արդեն բոլորովին այլ հարց է: Եվ այդ հարցին պատասխանելու համար մենք պիտի առնվազն երկուսուկես տասնամյակ հետ գնանք: Հետ գնանք հասկանալու` ինչ ստեղծեցինք մենք անկախ պետության հռչակումից ի վեր, ինչպիսի պետական համակարգ ու հարաբերություններ…

Պետական կառավարման համակարգը պետության հիմնական ինստիտուցիոնալ գործիքն է, որով պետությունը լուծում է իր խնդիրները. կառավարում է հասարակությունը, կարգավորում հասարակական հարաբերությունները, նորմատիվային, ֆունկցիոնալ գործիքակազմերով դիմակայում արտաքին և ներքին մարտահրավերներին, ապահովում հասարակության և պետության կայուն զարգացում:

Արդյունավետ են այն պետությունները, որոնք ստեղծում են արժեքային-գաղափարական բովանդակությամբ ու տեսլականով, ինստիտուցիոնալ հիմքերի վրա գործող կառավարման համակարգեր: Համակարգեր, որոնք աշխատում են հասարակության զարգացման բնական օրինաչափություններով, կառավարման բնականոն տրամաբանությամբ:

Մենք, ցավոք, նորանկախ մեր պետության մեջ ստեղծեցինք պետական կառավարման մի համակարգ, որի առանցքը ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԷՐ… Առանցքը, ողնաշարը, հիմքը. անվանեք` ինչպես կուզեք:

«Կոռուպցիա» ասելով նկատի չունեմ միայն կաշառակերությունը: Բառի ամենալայն իմաստով` հովանավորչությունը, կլանայնությունը, թայֆայությունը… Ըստ որում կոռուպցիան ոչ միայն պահում էր ամբողջ այդ համակարգը, այլև հանդես էր գալիս ինքնին իբրև հզոր մոտիվացիոն գործոն այդ համակարգի անխափան աշխատանքի համար:

Կաշառակերությամբ,  «անաշխատ եկամուտ» վաստակելու, արագ և հեշտորեն հարստանալու հնարավորությունը փայլուն կերպով ապահովում էր այդ համակարգի անխափան աշխատանքը: Ֆինանսական ու կառավարչական ռեսուրսներին անսահմանափակ հասանելիությունը մշտապես ամուր էր պահում ուղղահայաց հիերարխիկ բուրգը, ապահովում էր կառավարչական որոշումների ճշգրիտ կատարումը, աներկբա ենթակայությունն ու «ծառայությունն» այդ համակարգին: Որևէ սաբոտաժ բացառվում էր: Համակարգի կանոններին չենթարկվողները արագորեն դուրս էին մղվում նույն այդ համակարգի տրամաբանությամբ: Ավելի քան երկու տասնամյակ ձևավորված ու կայացած համակարգը փոքր բացառություններով ընդգրկել էր պետական կառավարման ապարատը, ներթափանցել պաշտպանական, անվտանգային, կրթական, առողջապահական և այլ ոլորտներ, ընդգրկել մասնավոր հատվածը, բիզնեսն ու հասարակական սեկտորը, տարածվել ամբողջ հասարակության վրա:

2018 թվականի հեղափոխությունը եկավ մերժելու այդ համակարգը: Բայց ի՞նչ ստացվեց: Կոռուպցիան վերացա՞վ: Ոչ, չվերացավ: Վերացավ միայն կաշառակերությունը: Գոնե իր մեծ, մասշտաբային մասով (չար լեզուները խոսում են, որ այն «այնքան էլ» չի վերացել): Բայց հովանավորչությունը, կլանայնությունը, թայֆայությունը մնացին: Պետք է ընդգծենք, որ կաշառակերությունը այդ համակարգի առանցքն էր և «ուղղահայաց» գործունեության հիմնական մոտիվացիոն մեխանիզմը:

Սերոբ Անտինյան

Եվ ի՞նչ եղավ: Համակարգը փլուզվեց: Այն փլուզմանը մեծապես նպաստեցին նաև «բարեփոխումներն» ու օպտիմալացումը: Գործընթացներ, որոնց հիմքում դրվեցին ոչ թե մասնագիտական և կառավարչական մոտեցումները, այլ դեմագոգիան ու պոպուլիզմը:

Կառավարման համակարգի իրական, ռացիոնալ, մասնագիտական և փորձագիտական հիմքով բարեփոխման փոխարեն մենք գնացինք պարզունակ մերժման ճանապարհով, նախկին ամեն ինչի (նախկինների) մերժման ու սևացման` առանց խորամուխ լինելու խնդրի հիմքերի ու պատճառների մեջ:

Պետական պոզիտիվ կառավարման և ինստիտուցիոնալ լուծումների փոխարեն, իբրև կառավարման գործիք կիրառվեց քաղաքական օպորտունիզմը: Մի բան, որ միգուցե արդյունավետ է քաղաքական գործընթացների (պայքարի) կոնկրետ իրավիճակներում, բայց կործանարար է պետական կառավարման մեջ: Համակարգը սկսեց դիմադրել:

2019թ. կեսերից մենք ունեինք արդեն կառավարման համակարգի ճգնաժամ, որովհետև համակարգը «հրաժարվում էր» աշխատել: Հանվել էր այդ համակարգի «առանցքը», համակարգը պահող և կենսունակ դարձնող «ողնաշարը»` կոռուպցիան: Փոխարենը «տեղը չէր դրվել» որևէ գաղափարական կամ ծրագրային մոդել, որևէ բովանդակային տեսլական կամ գաղափարախոսություն, որը կմիավորեր և կմոտիվացներ այդ համակարգի աշխատանքը: Պետական համակարգը, որը պետք է հանդիսանար երկրում արմատական, փոփոխությունների, նոր իրողությունների կերտման, հասարակական բեկման հիմնական ինստիտուցիոնալ գործիքը, քաղաքական իշխանությունների կողմից որակվել էր իբրև հենց այդ նոր իրողությունների հաստատման հիմնական արգելք ու խոչընդոտ: Պետական համակարգն անվանարկելով իբրև տոտալ կոռումպացված, համակարգի աշխատակիցները պիտակավորվել էին որպես պետական միջոցների հաշվին ապրող «ձրիակերներ»… Մինչդեռ համակարգի զգալի մասը (հատկապես` միջին և ցածր օղակների աշխատողները) իրապես պարկեշտ, արհեստավարժ, զուսպ և աշխատող մարդիկ են: Յուրօրինակ «արշավ» էր սկսվել պետական կառավարման համակարգի դեմ: Այն հետևողականորեն թուլացվեց, դեմոտիվացվեց: «Օպտիմալացման», «բարեփոխումների» անվան տակ տեղի ունեցած նախարարությունների միավորումը, բազմաթիվ պետական կառույցների ու ստորաբաժանումների չհիմնավորած լուծարումն ու վերակազմակերպումը էապես թուլացրեցին պետական կառավարման համակարգը` աղճատելով պետական բազմաթիվ գործառույթներ, խաթարելով պետական տարբեր մարմինների բնականոն, փոխհամաձայնեցված աշխատանքը:

Համակարգ ներթափանցած դիլետանտիզմը, քաղաքական օպորտունիզմը, ծայրահեղ սիրողականությունն ու ոչ պրոֆեսիոնալիզմը` հատկապես կառավարման վերին օղակներում, բերեցին այդ համակարգի վերջնական ֆունկցիոնալ կոլափսին: Համակարգը ֆորմալ առումով գոյություն ուներ, բայց այն չէր աշխատում բավարար արդյունավետությամբ:

Այս ամենը շատ ցայտուն երևաց ՊԱՏԵՐԱԶՄԻ ժամանակ: Պատերազմն ի ցույց դրեց պետական համակարգի ողջ անկարողությունը դիմակայել պետության համար գլոբալ այդ մարտահրավերին: Պետական համակարգը չաշխատեց: Ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխան չաշխատեցին պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ռազմա-պաշտպանական ամբողջ համակարգը, զորահավաքային պլանի պատշաճ իրագործման համար պատասխանատու օղակները, սպառազինության և տեխնիկայի, զորամիավորումների ու կենդանի ուժի տեղաշարժն ու տեղաբաշխումն ապահովող իրավասու կառույցները, թիկունքային ապահովման և մատակարարման օղակները, հետախուզությունը, կապը, քաղպաշտպանության համակարգերը և այլն: Բազմաթիվ հարցեր են առաջանում ռազմական գործողությունների ընթացքում զինված ուժերի ծավալման, կիրառման պլանները անմիջական իրագործող Գլխավոր շտաբի, բարձրագույն հրամկազմի, անմիջական մարտական գործողություններ վարող ու կառավարող սպայական անձնակազմի կողմից կայացված որոշումների և գործողությունների առնչությամբ և այլն, և այլն…

Պատերազմական իրավիճակում տեղեկատվական անվտանգությունը բացառիկ կարևոր ինստիտուտներից մեկն է: Չապահովվեց պատշաճ տեղեկատվական անվտանգություն թե թիկունքում, թե անմիջական մարտական գործողություններով առաջնագծում, ինչն ուղղակի բերեց մարդկային բազմաթիվ զոհերի, սպառազինության ու տեխնիկայի մեծաքանակ կորուստների: Ճիշտ չաշխատեց ռազմական դրության պայմաններում գործող պետության կարևորագույն օղակներից մեկը` տեղեկատվական կենտրոնը` «համակարգված» ապատեղեկատվություն տարածելով, ստեղծելով կեղծ, զուգահեռ իրականություն, բթացնելով հասարակության զգոնությունը, զրկելով օբյեկտիվ իրականությանը հաղորդակից լինելու` հանրության բնական իրավունքից: Էապես խաթարվեց պետության և պետական պաշտոնական տեղեկատվության հանդեպ հանրության վստահությունը…

Անհրաժեշտ է ընդգծել ևս մի կարևոր իրողություն: Պետական համակարգը պետք է պատշաճորեն աշխատեր նաև պատերազմից առաջ` այդ պատերազմի կանխատեսման, ռեսուրսների հաշվարկման ու գնահատման, պատերազմի հնարավոր կանխարգելման և այլ փուլերում: Պետության պաշտպանության, ազգային անվտանգության, հետախուզության և հակահետախուզության համակարգերը, Գլխավոր շտաբն ու ռազմական փորձագետները, դիվանագիտական կորպուսն ու անձնակազմը պետական համակարգի բաղկացուցիչ մասն են:

Պետական համակարգը չաշխատեց, չաշխատեց ոչ մի օղակում` դիվանագիտական, թե` քաղաքական, պաշտպանական, թե` անվտանգային,  տեղեկատվական, թե` հետախուզական, կազմակերպչական, օպերատիվ-մարտավարական, թե` ռազմավարական պլանավորման: Չաշխատեց` թե պատերազմից առաջ, թե ընթացքում, և թե այժմ` պատերազմից հետո, պատերազմի հետևանքների հաղթահարման համար: Պատերազմի աղետալի հետևանքների մեղմման, գերիների վերադարձի, անհետ կորածների որոնման ու զոհվածների դիակների հայտնաբերման, վերջիններիս նույնականացման աշխատանքները պատշաճորեն չեն իրագործվում: Հանձնվող տարածքներից բնակչության անվտանգության ապահովման, անվնաս տեղահանման, վերաբնակեցման հումանիտար և կենցաղային խնդիրներում մեր երկրի քաղաքացիներին ցուցաբերվելիք պետական աջակցության և օգնության հարցերում պետությունն ունենում է աննշան, գրեթե չերևացող մասնակցություն: Մինչդեռ այս հարցերը միայն և բացառապես պետության գործառույթն ու պարտականությունն են:

Ցավալիորեն չի երևում պետության և պետական իրավասու մարմինների նպատակային աշխատանքը հետպատերազմյան իրավիճակում սահմանների ճշգրտման, դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացներում, սահմանային բնակավայրերում մեր քաղաքացիների անվտանգության ապահովման, իրավունքների (այդ թվում սեփականության) և շահերի պաշտպանության կարևոր հարցերում:

Պետական կառավարման համակարգը ճգնաժամի մեջ է: Այն հարկ է օր առաջ վերադարձնել բնականոն հուն: Հարկ է պետական համակարգը զինել արհեստավարժ, բանիմաց կադրերով: Հարկ է օր առաջ մասնագիտական մոտեցումներով և լուծումներով ձեռնամուխ լինել համակարգի բարեփոխմանն ու արդիականացմանը:

Պետական կառավարման համակարգը պետության հիմքն է և պետականության ողնաշարը: Երկրում կարող են լինել բազմաթիվ ու բազմապիսի գործընթացներ կամ ճգնաժամեր` քաղաքական, տնտեսական, նույնիսկ` պատերազմական: Կենսունակ են այն պետությունները, որոնք ունեն ինստիտուցիոնալ առումով կայացած, ուժեղ և գործունակ պետական կառավարման համակարգ: Միայն այդ պետություններն են, նույնիսկ պարտված պատերազմներում, կարողանում հաղթահարել ճգնաժամը, վերականգնվել և զարգանալ: Միայն այդ պետություններն ունեն ապագա:

Հ.Գ. Համառոտ վերլուծությանս մեջ չեմ անդրադարձել հանրության մեջ ոչ առանց հիմքերի շրջանառվող և լայն տարածում գտած «դավադրության» վարկածներին: Երկու պատճառով: Նախ` եթե այդ դավադրությունը համակարգային էր և կանխորոշված ամենավերևից, ապա սա այլ խոսակցության և քննարկման հարց է: Երկրորդը, եթե այդ դավադրությունը, թեև մեծաքանակ, բայց հատվածական և մասնակի է, այն ամբողջությամբ տեղավորվում է պետական համակարգի (անվտանգային, ռազմական և հետախուզական ծառայությունների) անարդյունավետ աշխատանքի տրամաբանության մեջ: Ամեն դեպքում գործ ունենք պետական համակարգի աշխատանքի ձախողման, կառավարչական որոշումների կայացման և կենսագործման` վերից վար իրականացվող գործընթացների խափանման հետ:

 

Սերոբ Անտինյան

Կառավարման մասնագետ, վերլուծաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031