Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը բխում է Երևանի և Բաքվի շահերից: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո:
«Հայտարարությունը, որն այսօր ստորագրվել է, խոսում է մեր մտադրությունների մասին, քանի որ կրակի դադարեցման հայտարարության կետերից մեկը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն էր: Դա այն ոլորտն է, որը կարող է մեծ դինամիկա հաղորդել տարածաշրջանի զարգացմանը, ինչպես նաև ամրապնդել նրա անվտանգությունը: Քանի որ տրանսպորտային հաղորդակցությունների բացումը բխում է Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի ժողովուրդների, մեր հարևանների շահերից: Համոզված եմ, որ հարևան երկրները նույնպես ակտիվորեն կներգրավվեն տրանսպորտային միջանցքների և մեր տարածաշրջանում տրանսպորտային զարկերակի ճյուղավորված ցանցի ստեղծման գործում»,- ասել է Ալիևը:
Հիշեցնենք, քիչ առաջ Մոսկվայում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եռակողմ հանդիպումը, որը տեղի էր ունենում Մոսկվայի նախաձեռնությամբ և տևել է մոտ 4 ժամ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ