Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դեռ կարգավորված չէ, շրջանի կարգավիճակը դեռ պետք է որոշվի: Այս մասին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իհարկե, մեզ հաջողվեց, ընդհանուր առմամբ ապահովել կրակի դադարեցում, բայց դեռ բազմաթիվ հարցեր են մնում, որոնք պետք է լուծում ստանան: Այդ հարցերից մեկն է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Իհարկե, Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, մասնավորապես, այդ հարցի շուրջ»,- ասել է Փաշինյանը:
Նա նաև նշել է, որ մինչև վերջ չլուծված է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման հարցը, կողմերը պայմանավորվել են շարունակել այդ ուղղությամբ աշխատանքը:
«Մեզ չհաջողվեց մինչև վերջ լուծել ռազմագերիների հարցը: Դա շատ զգայուն հարց է, և մենք պետք է այն լուծենք ամենակարճ ժամկետներում»,- ասել է Փաշինյանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, քիչ առաջ Մոսկվայում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եռակողմ հանդիպումը, որը տեղի էր ունենում Մոսկվայի նախաձեռնությամբ և տևել է մոտ 4 ժամ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ