Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համատեղ հայտարարություն են ստորագրել Արցախում ենթակառուցվածքային նախագծերի զարգացման ուղղությամբ նոր քայլերի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մոսկվայում անցկացվող եռակողմ հանդիպումը շարունակվել է մոտ 4 ժամ: Հանդիպման ավարտին Ռուսաստանի նախագահը հայտարարել է Արցախի զարգացման վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրման մասին:
«Այսօրվա հանդիպումը համարում եմ բացառիկ կարևոր և օգտակար, քանի որ մենք կարողացանք համաձայնության գալ և ստորագրել համատեղ հայտարարություն տարածաշրջանում իրավիճակի զարգացման վերաբերյալ»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ խոսքը, մասնավորապես, տնտեսական կապերի և ենթակառուցվածքային նախագծերի զարգացմանն ուղղված կոնկրետ քայլերի մասին է:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ այդ նպատակով «կստեղծվի աշխատանքային խումբ, որը կգլխավորեն երեք կառավարությունների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերը»: Նա ընդգծել է, որ առաջիկայում վերջիններս կստեղծեն աշխատանքային ենթախմբեր, ինչպես նաև կներկայացնեն տարածաշրջանում տնտեսության և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման կոնկրետ նախագծեր:
Կարդացեք նաև
«Համոզված եմ, որ այս համաձայնությունների իրականացումը կբխի ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ժողովուրդների շահերից, անկասկած, ընդհանուր առմամբ տարածաշրջանի շահերից, իսկ դա նշանակում է՝ Ռուսաստանի Դաշնության շահերից»,- ասել է նա:
Պուտինը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել իր զրուցակիցներին Մոսկվա գալու պատրաստակամության համար: Նրա խոսքով՝ կողմերը եկել են ընդհանուր եզրահանգման, որ 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի պայմաններն, ընդհանուր առմամբ պահպանվում են, չի արձանագրվում որևէ լուրջ միջադեպ, ռուս խաղաղապահների խմբավորումը լիարժեք կատարում է իր պարտականությունները:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ