Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդն ընտրեց նոր ռեկտոր:
Նախապես առաջադրված էին երեք թեկնածուներ՝ ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը, պրոռեկտոր Գագիկ Գրիգորյանը եւ Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը: Վերջինը, սակայն, իր թեկնածությունը նախորդ օրը պաշտոնական իրազեկումով հանել էր:
Հոգաբարձուների խորհուրդը նիստում լսեց երկու թեկնածուների ծրագրերը: Հոգաբարձուների խորհրդի անդամների ելույթներից հետո կազմակերպվեց փակ գաղտնի քվեարկություն, որի ավարտից հետո հաշվիչ հանձնաժողովը ամփոփեց քվեարկության արդյունքները:
Կարդացեք նաև
Հոգաբարձուների խորհրդի 24 անդամներից նիստին եւ քվեարկությանը մասնակցած 23 անդամներից 15-ը ձայնը տվել էր Դավիթ Խիթարյանին, 8-ը՝ Գագիկ Սարգսյանին եւ ըստ գործող կանոնակարգի Դավիթ Խիթարյանն ընտրվեց ՀՖԿՍՊԻ ռեկտոր:
Նիստի ավարտից հետո պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե իր մրցակից, պրոռեկտոր Գագիկ Սարգսյանը կշարունակի՞ աշխատել, նորընտիր ռեկտորը պատասխանեց. «Ճիշտն ասած, երբ պարոն Սարգսյանն իր թեկնածությունը դրեց, նա պաշտոնապես հայտարարեց, որ ամսի 11-ից հետո ինքը պրոռեկտոր չի աշխատելու: Նա կոչ արեց տղամարդկային պայքարի: Կարծում եմ՝ հիմա նա իր խոսքը կպահի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ