Լրահոս
Օրվա լրահոսը

Անգելինան ու Ալինան չեն հասկանում՝ ինչո՞ւ պետք է տանից հեռու լինեն, անգամ սիրելի խաղալիքները չկարողանային վերցնել

Հունվար 11,2021 17:56

«Պապան ասաց՝ կռիվը սկսել է, պիտի դուրս գանք»,-ասում է Անգելինան, երբ խնդրում եմ պատմել պատերազմի օրերին իր զգացողությունների մասին: Անգելինան տասը տարեկան է: Առաջին անգամ է պատերազմ տեսնում: Նրա տեսած պատերազմը միայն ֆիլմերում է եղել: Հայրն ասում է՝ ապրիլյանը կարճ է եղել, չեն հասցրել երեխաները սթրես ապրեն ու հասկանան՝ ինչն ինչոց է: Անգելինան եւ նրա քույրը՝ Ալինան, չեն հասկանում՝ ինչո՞ւ պետք է ոչ թե իրենց մահճակալում, այլ օրերով նկուղում քնեն, իրենց գյուղից դուրս գան, անգամ՝ սիրելի խաղալիքները չկարողանան իրենց հետ վերցնել:

Ալինայի ծնունդը վերջին անգամ նկուղում՝ արկերի ձայների տակ են նշել: Ութ տարեկան է դարձել: Հայրը՝ Արմենն ասում է՝ բադ են մորթել, մտերիմների հետ թեթեւ ծնունդ են արել:

Արմեն Օհանյանի ընտանիքը Հադրութի Կարմրակուճ գյուղից է: Այսօր սակայն Արցախի Մարտունիում են բնակություն հաստատել: Պատերազմի թեժ օրերին գյուղից դուրս են եկել՝ մտածելով, որ ուր որ է վերադառնալու են: Այժմ Մարտունին է դարձել նրանց բնակավայրը:

Տեղահանվածի ճակատագրից ընտանիքը շատ է նեղվում, բայց ոչ մի կերպ չի ուզում Արցախը լքել: Արմենն ասում է՝ իրենց հողի քաղցրությունը ոչ մի տեղ չկա, նույնիսկ, եթե հարազատ Հադրութն այլեւս չկա: Կռվի օրերին ընտանիքը Ստեփանավանում է եղել, բայց հենց հրադադարի լուրը լսել են, միանգամից տեղափոխվել են Արցախ:

«Կարմրակուճը Հադրութից մի երկու կիլոմետր բարձր է գտնվում»,-իր գյուղի մասին պատմում է Արմենն ու նկարագրում՝ ինչպես են աշխարհագրորեն անմատչելի թվացող գյուղից հեշտությամբ դուրս եկել:

«Սկզբից կրակոցները թույլ էին, ավելի շատ Հադրութի վրա էին խփում: Երեխաներին վերցրի տարա Տումի գյուղ, որն ավելի ապահով էր թվում, հետո տեսա՝ չէ վիճակն այն չէ, լրջանում է, վերադարձանք գյուղ կնոջս չորս երեխաներիս ճանապարհեցի Երեւան: Ես էլ մնացի: Բայց տեսա, որ անօդաչուները շատ են խփում գյուղին, գյուղի բարձրունքին: Չէինք կարող դիմադրել, սա ուրիշ պատերազմ էր: Ծնողներիս, մեծ տատիկիս էլ հանեցի գյուղից: Ես էլ ծառայության ենթակա էի սպասում էի մինչեւ զինկոմիսարիատից կանչեն: Կամաց-կամաց մեր ժողովրդի հետ եկա Ստեփանակերտ: Մի 13 օր պոստ կանգնեցի Շուշիի կողմերը հետո ատբոյ տվեցին: Իմացանք, որ ռուսական զորքեր են եկել եւ մենք այլեւս դիրքեր չենք բարձրանալու»:

Արմենն ասում է՝ երբ գյուղը լքել են, ադրբեջանցիներն արդեն գյուղի մատույցներում են եղել: Միակ բանը, որ ամբողջ՝ 30-40 տարվա ունեցվածքից փրկել է, «07» մակնիշի ավտոմեքենան է. «Լավ էինք ապրում, ոչ մի բանի կարիք չունեինք, անասուններ ունեի, հավեր, բադեր, բայց միայն ավտոս եմ փրկել: Ոչ մի բան չեմ կարողացել հանել: Թուրքերն արդեն գյուղի տարածքներում էին, մի կերպ գյուղի այլ ճանապարհներով փախել եմ»:

 

Արմենի ընտանիքը Մարտունիում վարձով է բնակվում: Պետությունը հոգում է բնակվարձը: Մի կերպ հարմարվել են նոր պայմաններին: Տան պատուհաններն առանց ապակի են, բայց վարչական շրջանի ներկայացուցիչները եկել՝ չափսերը վերցրել են, որ տեղադրեն: Մահճակալ, սեղան, աթոռ, սառնարան էլ են տվել:

Մարտունիում այլ բնակավայրերից տեղահանված ընտանիքներ շատ կան: Մարտունին ինքն էլ պատերազմից ամենատուժած համայնքներից է: Օրվա ընթացքում մի քանի ժամ են հոսանք ունենում: Վարչակազմն էլ չգիտի՝ հովհարային անջատումները որքան կտեւեն: Այս պահին նոր ենթակայաններ են կառուցում, որպեսզի Արցախի որոշ բնակավայրերում էլ 24-ժամյա էլեկտրամատակարարում անեն:

Արմենի ընտանիքը բազմանդամ է. չորս երեխաներն անչափահաս են: Ընտանիքը վառարան է տեղադրել, որ փոքրիկները չմրսեն: Արմենն այստեղ էլ ձեռքերը ծալած չի նստում, փոքրիկ ջերմոց է կառուցել, կանաչի է աճեցնում: Ինքն էլ՝ ճանապարհաշինության հիմնարկում գործի է տեղավորվել: Ասում է՝ չի դժգոհում, սպասելու է՝ մինչեւ նորից վերադառնա Հադրութ. «Որ թալանած էլ լինեն, վառած էլ լինեն՝ գնալու ենք մեր գյուղը»:

Ամեն օր գյուղից հակասական տեղեկություններ են ստանում՝ մեկն ասում է՝ տները կանգուն են՝ եղած-չեղածն են թալանում, մեկն էլ ասում է՝ ոչ մի բան էլ չեն խնայում, ամեն ինչ այրում՝ ոչնչացնում են. «Բայց անկախ ամեն ինչից, իմ հողը, իմ տունը չեմ կարող թողնել, եթե մենակ հողն էլ լինի վերադառնալու եմ»:

Մարտունիում երեխաները խաղալիքներ էլ են ստացել, բայց մեկ է՝ իրենցն են ուզում: Կռվին օրերին Երեւան են գնացել, տեսարժան վայրեր այցելել, բայց երբ հարցնում ես՝ որտեղ կուզեն ապրել, առանց երկմտելու պատասխանում են՝ մեր Կարմրակուճում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031