Լրահոս
Օրվա լրահոսը

«Սթրեսը, որ պատերազմի հետևանքով ապրում է երեխան, չի համապատասխանում իր տարիքին». Ա1+

Հունվար 11,2021 17:35

11 տարեկան աղջիկը թվարկում է պատերազմը տանուլ տալու պատճառները․ «Մեզ տեխնիկա չունեինք, որ կռվեինք։ Բոլոր մեծերը փախչում էին․ այդ հետախուզության մեծը՝ գնդապետ էր, թե չգիտեմ ինչ, ինքն էլ փախել էր, ասում էր՝ ինձ տուն ունեմ, ինձ ընտանիք ունեմ, բայց չէր հասկանում, որ մնացածն էլ ունեն, որ պիտի պահեն հողը, որ մնացածի երեխաներն էլ մեծանան ու իրենց ուզածին հասնեն»։ Ջուլիետա Մելքումյանը երազում է ծրագրավորող դառնալ, որպեսզի «տեխնիկա ունենանք»։

Ասում է՝ պատերազմի ավարտը եւ ուրախացրել եւ տխրեցրել է։ Ուրախացել է, որ էլ զոհեր չեն լինի, տխրել, որ «այսքան զոհեր եղան, հետն էլ տարածք հանձնեցինք»։ Իրեն հիմա հեշտ չի լինի ուրախացնելը․ «Որ ասեն՝ կռիվ չի լինի, որ ասեն՝ մարդ չի զոհվի»,- ներկայացնում է՝ ինչն իրեն ամենաշատը կուրախացնի։

«6300 երեխա մնացել է առանց դպրոցի, առանց իրենց ուսուցիչների»

«Որպես Կրթական համակարգը ներկայացնող առաջին դեմք ինձ համար ծանր է երեխաներին ապացուցել, որ կա արդարություն»,- ասում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը։

Ըստ նրա՝ 21-րդ դարում Արցախում տեղի է ունեցել կրթական իրավունքի կոպիտ խախտում։ Պատերազմի հետեւանքով կրթության իրավունքից զրկվել են 23978 դպրոցական եւ 4,036 նախադպրոցական տարիքի երեխաներ: Նրանց մի մասը հաճախել է հայաստանյան դպրոցներ, մի մասը վերադարձել է Արցախ, բայց իրավունքն ամբողջովին վերականգնված չէ։ «6300 երեխա մնացել են առանց դպրոցի, առանց իրենց ուսուցիչների»։

Ըստ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի՝ սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում վնասվել է առնվազն 71 դպրոց, 14 մանկապարտեզ՝ չհաշված ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող՝ Արցախի Հանրապետության համայնքների դպրոցներն ու մանկապարտեզները, որոնց զգալի մասի վիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան:

Արցախում մինչ պատերազմը գործել է 220 դպրոց, այս պահին դրանց թիվը 102-ն է։

Ադրբեջանի հրթիռային հարվածներից, հրետակոծություններից և ԱԹՍ-ներից (ներառյալ թուրքական «Բայրաքթար») զոհվել է 1 եւ վիրավորվել 9 երեխա:

Մասնագիտությամբ հոգեբան Լուսինե Ղարախանյանն ասում է, որ հատկապես բնակավայրերից զրկված աշակերտները այս պահին «սուպեր սթրես են ապրում»։ Իբրեւ հոգեբան բացատրում է, որ «հայրենազրկումը երեխաների մոտ կարող է էմոցիոնալ շերտից տեղափոխվել մարմնական շերտ եւ առաջ բերել հիվանդություններ»։

195 բնակավայր անցել է Ադրբեջանի Հանրապետության հսկողության տակ։

«Մենք ունենք երեխաներ, որոնք շոր չունենալու պատճառով դպրոց չեն գնում»,- նշում է նախարարը՝ վստահեցնելով իրենք աստիճանաբար լուծում են հագուստի հարցը, բայց «այս սթրեսը, որն ապրում է երեխան, չի համապատասխանում իր տարիքին»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031